- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Թուրքիայում լարված իրավիճակը ձեռնտու է միայն Էրդողանին

FotorCreated [1]Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր իշխանությունը պահպանելու ու միանձնյա նախագահական համակարգ ներդնելու համար երկիրը վերածել է պատերազմական գոտու:

Կարծիքը Թուրքիայում հրատարակվող «Ակօս» շաբաթաթերի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուքյանինն է:

Նրա փոխանցմամբ, Թուրքիայի հայերը, նախորդ տարիների համեմատ, ավելի քաղաքականացվել են: Եթե անցած ընտրություններին հայերն իրենց ձայնը տվել են աջակողմյան գաղափարախոսություն պաշտպանող կուսակցություններին, ապա այս անգամ՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը»: Իսկ երկրում տիրող քաոսը բանախոսը մեծամասամբ կապում է լրատավամիջոցների ապատեղեկատվության հետ: «Արտակարգ իրավիճակ է երկրում, եւ այս ամենի հանդեպ, իհարկե, անտարբեր չի մնում իշխանամետ մամուլը: Իշխանամետ մամուլն ապատեղեկատվություն է տարածում»,- ասաց Բագրատ Էստուքյանը։

ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի համոզմամբ, արտահերթ խորհրդարանական ընտրություններով պայմանավորված, մինչեւ նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայում իրավիճակն էլ ավելի կսրվի:
«Այսինքն` կանխատեսելի էր, որ Էրդողանը չի ցանկանա կոալիցիոն կառավարություն ձևավորել և երկրում կստեղծի այնպիսի իրավիճակ, որը հետևյալ ուղերձն ունի` «Եթե ուզում եք Թուրքիայում լինի խաղաղություն ու կայունություն, ուրեմն չպետք է քվեարկեք քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» օգտին»: Եվ երբ նոյեմբերի 1-ին կրկնակի ընտրություններն անցկացվեն, ապա իրավիճակը էլ ավելի կսրվի Թուրքիայում։ Քրդական որոշ շրջանակներ, որոնք զինված պայքար էին մղում Թուրքիայի դեմ և 2013-ին զինադադար էին վերցրել, հիմա հայտարարում են, որ այդ զինադադարն այլևս գոյություն չունի:

Մյուս կողմից` թուրքական պետությունն ինքն է հրահրում բռնարարքներ, թեկուզ` ինքն իր դեմ, որպեսզի ցույց տա, որ քրդական շրջանակներին չի կարելի վստահել: Թուրքիան շարունակելու է սրել իրավիճակը, որպեսզի սեփական հասարակությանն ասի այն, ինչ մի քանի օր առաջ ասաց Դավըթօղլուն. «Եթե ուզում եք խաղաղություն, պետք է քվեարկեք մեր կուսակցության օգտին»,- ասաց նա։

Կիրո Մանոյանի համոզմամբ տեղի հայ համայնքը լուրջ սպառնալիքներ չունի, քանի որ Թուրքիայի խորհրդարանի 3 հայ պատգամավորներից մեկը ներկայացնում է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը:

Նրա գնահատմամբ, հարեւան երկրում զարգացող իրադարձությունները պետք է զգաստացնեն նաեւ Հայաստանին, քանի որ տարածաշրջանային զարգացումները կարող են ազդեդություն ունենալ նաեւ Ադրբեջանի վրա:

yerkirmedia.am