- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Առաջարկվող փոփոխությունները բարձրացնում են դատական համակարգի անկախությունը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

FotorCreated [1]
– Պարոն Մինասյան, ընդամենը 5 օր է մնացել Ազգային ժողովում սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկմանը: Ձեր բոլո՞ր առաջարկություններն են ընդունվել, և այդ նախագծին կողմ քվեարկելու համար չկա՞ որևէ տարաձայնություն:

– Հաջորդ երկուշաբթի սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի նախագահն ԱԺ-ում ներկայացնելու է իրենց վերջնական դիրքորոշումը, և թե որ առաջարկներն են իրացվել, ու նախագիծը դրվելու է քվեարկության: Մենք նախապես հայտարարել էինք, որ մեր սկզբունքային առաջարկների մեծ մասն իրացված է, ավելին՝ երեք սկզբունքային առաջարկներն էլ իրացված են: Ներկայացրել ենք 28 առաջարկ, որից 80 տոկոսից ավելին իրացվելու է վերջնական տարբերակում: Հետևաբար՝ մենք կողմ կլինենք նախագծի այս տարբերակին:

– Նախագծի առանձին դրույթների վերաբերյալ բազմաթիվ մտահոգություններ են բարձրաձայնվում: Օրինակ՝ նախագծի 58-րդ հոդվածը, որի համաձայն հնարավոր է մարդուն զրկել սեփականության իրավունքից առանց դատարանի որոշման: Դուք այս դրույթի հետ կապված խնդիր չե՞ք տեսնում:

– Ցանկացած սեփականություն հարկադիր վերցնելու գործընթաց պետք է իրականացվի դատարանի հսկողության ներքո: Սա նշանակում է, որ դատարանին չես կարող շրջանցել: Այլ բան է, թե որքանով է համարժեք այդ փոխանցումը, որքանով է այն ծառայում պետության, հանրության գերակա շահերին, և ինչպես են արտահայտվում դրանք: Ավելի լավ է, որ սա առաջին իսկ պահից գտնվի դատարանի ուշադրության կենտրոնում, քան թե միայն մեկ դրվագով համարվի դատարանի ենթակա հարց: Այդ տեսակետից ես նահանջ չեմ տեսնում: Ավելին՝ կարծում եմ, որ սահմանադրական փոփոխությունների առաջարկվող սխեման շատ ավելի մեծ հնարավորություն է տալիս, որ անձի սեփականության իրավունքը կարող է պաշտպանվել թե՛ մեկնաբանման ինստիտուտի, թե՛ դատարանի անմիջական մասնակցության և թե՛ նաև առանձին դեպքերում քաղաքացու կամ անձի ուղղակի իր իրավունքն իրացնելու պահանջի տեսանկյունից, որովհետև սա մտնում է իրավունքի գերակայության սկզբունքի մեջ: Իսկ այդ տեսակետից որևէ վարչական մարմին իրավունք չունի իր ընթացակարգերով կամ իր կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում անձին զրկել այս կարևոր իրավունքը իրացնելու հնարավորությունից:

– Փորձագետները, իրավաբանները նշում են, որ այդ դրույթը ներմուծվում է հանրային գերակա շահ համարվող տարածքների նկատմամբ սեփականության իրավունքից զրկելու գործընթացն առանց դատարանի որոշման իրականացնելու համար: Ինչպես նաև՝ ճանապարհային երթևեկության խախտումների դեպքում վարորդների սեփականության վրա առանց դատարանի որոշման կալանք դնելու համար:

– Ես համակարծիք չեմ այդ վատատեսական սցենարների հետ, որովհետև ոչ միայն սահմանադրական մի քանի նորմերն են դա արգելում, այլ այն, թե ի սկզբանե մտածել, որ չարամիտ վարքագիծ է դրվում այդ ամենի մեջ, նշանակում է չհավատալ նաև երկրի, պետության իրավական համակարգին: Ավելին՝ կարծում եմ, որ թե՛ իրավական որոշակիության, թե՛ համաչափության, և թե՛ նաև պատշաճ վարչարարության սկզբունքները լիարժեք հնարավորություն են տալիս ավելի պաշտպանված սեփականության իրավունք ունենալ:

– Մեր դատական համակարգը քաղաքական, նաև հանրային լայն շրջանակներում անկախ չի համարվում: Նման պայմաններում ինչպե՞ս կարելի է հույս ունենալ, թե ոչ անկախ դատական համակարգը հարկ եղած դեպքում կպաշտպանի մեր սեփականության իրավունքը, եթե այն սահմանադրությամբ ամուր պաշտպանված չէ:

– Մեր դատական համակարգը գործող Սահմանադրությամբ ունի ցածր անկախության աստիճան, մինչդեռ առաջարկվող փոփոխությամբ նրա անկախությունն ավելի է մեծանում: Եվ սահմանադրական փոփոխությունները լրացուցիչ երաշխիք են, որ մենք կունենանք դատական համակարգ, որն իսկապես կապահովի քաղաքացու իրավունքի գերակայության սկզբունքի լիարժեք իրացումը, այլ ոչ թե կծառայի այս կամ այն խմբավորմանը կամ անձին: Պետք է սահմանադրական փոփոխությունները դիտարկել ամբողջության մեջ, այլ ոչ թե հատվածական մասով: Եթե ամբողջության մեջ ենք դիտարկում, դա թույլ է տալիս ասել, որ մենք անհամեմատ ավելի լավ վիճակ կունենանք, քան թե այսօր է:

– «Վատատեսական սցենարներից» մեկն էլ այն է, որ այդ դրույթը նաև հնարավորություն է տալիս հարկային մուծումները չկատարելու դեպքում առանց դատարանի որոշման սահմանափակել տնտեսվարողների սեփականության իրավունքը:

– Թե՛ գործող Սահմանադրությամբ, թե՛ փոփոխված նախագծով դա չի դիտարկվել որպես սեփականությունից զրկելու գործընթաց: Եվրոպական դատական նախադեպն էլ է ամրագրում, որ հարկային մուծումները, որոնք անհրաժեշտ են հանրության բարօրության համար, չպետք է դիտարկել այդ համատեքստում: Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվողը օրենքով նախատեսված չափով և կարգով պարտավոր է վճարել հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ, բայց եթե չի կատարում այդ պարտավորությունները, ապա դրա ապահովման համար կիրառվող սահմանափակումը, այդ թվում՝ նաև գույքի կամ դրամական միջոցների նկատմամբ, չի համարվում սեփականության իրավունքի սահմանադրական խախտումներով սահմանափակում: Սա պետք է տարբերել, և չպետք է թացը չորի հետ խառնել: Իսկ եթե ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձը օրենքից դուրս պարտավորության տակ է մտնում պետության հանդեպ, արդյո՞ք կարող են դրանով անձի սեփականությունը վերցնել կամ գանձել: Միանշանակ չեն կարող, և նախագիծն այս մեխանիզմը ապահովում է ու բացառում է:

– Անցած տարի Դաշնակցությունը Սահմանադրական դատարան էր դիմել հակասահմանադրական ճանաչելու մի օրենքի դրույթ, որը հնարավոր էր դարձրել ճանապարհային երթևեկության խախտումների դեպքում առանց դատարանի վճռի կալանք դնել վարորդի բանկային հաշիվների վրա: Այդ երևույթը շարունակվում է նաև հիմա և այն համատարած բնույթ ունի:

– Դա փայլուն օրինակ է, որը ցույց է տալիս, որ գործող Սահմանադրության ձևակերպումները բացարձակապես չեն պաշտպանում անձի սեփականության իրավունքը, որովհետև մի քանի սկզբունքներ պարզապես անտեսված են: Այդ տեսակետից սահմանադրական փոփոխությունները շատ ավելի լավ լուծում են առաջարկում: Օրինակ՝ յուրաքանչյուր անձ լսված լինելու իրավունք ունի. սա նշանակում է, որ վարչական մարմինը՝ լինի ոստիկանությունը, ճանապարհային ոստիկանությունը կամ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, իրավունք չունի իրականացնել վարչական այնպիսի վարույթ, որի արդյունքում քաղաքացուն կտուգանեն կամ նրա նկատմամբ կկիրառեն պատասխանատվության միջոց առանց այդ քաղաքացու փաստարկները լսելու: Եվ եթե քաղաքացին ներկայացնում է փաստարկներ, այս մարմինը պարտավոր է հերքել դրանք կամ առնվազն հակառակը հիմնավորել, հետո նոր կիրառել պատասխանատվության միջոց: Այս տեսակետից առաջարկվող փոփոխությունների նախագիծը առաջընթաց ունի:

1in.am