- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Սահմանադրական այս փոփոխությունները նոր շունչ են տալու մեր երկրի զարգացմանը

FotorCreated [1]Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերջնական տարբերակը հանրաքվեի դնելու որոշումը ցույց տվեց, որ խորհրդարանում ոչ միայն մեծամասնությունը, այլ ճնշող մեծամասնությունը՝ (104 «կողմ», 10 «դեմ» և 3 «ձեռնպահ») կողմ է այս բարեփոխումներին. Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Մենք շատ դրական ենք համարում ողջ նախագիծը, որովհետև մեր առաջարկությունների 95% -ը մինչև այդ էր ընդունվել և հիմա էլ լրացուցիչ առաջարկներ եղան և բավարարվել են մեր առաջարկները»,- ասաց նա և հավելեց, թե սա Դաշնակցության պատկերացրած նախագիծն է:

«Սա նոր շունչ է տալու մեր երկրի զարգացմանը, ովքեր դա չեն ուզում, թող դրա պատասխանը տան, դեմ են քվեարկում ինչի՞ն, կողմ քվեարկելով գործողին, որին իրենք դե՞մ են եղել»,-հարցրեց նա:
Հայտարարությունը ընդդիմադիր որոշ պատգամավորների կողմից, թե ժողովրդի հետ աշխատելու և համաժողովրդական «ոչ» ասելու փուլ է սկսում, ՀՅԴ պատգամավորը մեծ նշանակություն չի տալիս. «Անընդհատ դրա մասին լսում ենք, բայց ոչինչ էլ չենք տեսնում»:
Արմեն Ռուստամյանը նկատեց թե, իհարկե, դեմ արտահայտողներ էլ կլինեն: «Դեմ արտահայտողներ կլինեն, ով է ասում, որ չի լինի, հո միաձայն չի անցնելու Սահմանադրությունը: Բնականաբար, դա կլինի, դա նորմալ է»,-ասաց նա, իսկ ինչ վերաբերում է այն հայտարարություներին, թե հանրությունը դեմ է այս փոփոխություններին, Ռուստամյանը նշեց, թե հանրության անունից իրենք իրավունք չունեն խոսել:
Պնդումների հետ, թե սա նոր սահմանդրություն է, Ռուստամյանը համաձայն է. «Այո՛, սա նոր Սահմանադրություն է, բայց դա էական չէ, կարևորն այն է, թե ինչ սահմանադրական կարգ է սահմանվել»:

Արմեն Ռուստամյանը նաև նկատեց թե ժողովրդին պետք է հստակ բացատրել և իրենք հենց դա էլ անելու են առաջիկայում: «Թող «ոչ»-ն էլ իր փաստարկները բերի, տեսանք արդեն, թե ինչքան փաստարկված ոչ է, հիմա մենք մեր արգումենտերը շատ հստակ ունենք, կներկայացնենք, մեր ժողովուրդը խելոք, գիտակից ժողովուրդ է՝ կկողմնորոշվի և կքվեարկի»,-ասաց նա:

tert.am