Մեր խնդիրները միայն Սահմանադրությամբ չեն սահմանափակվում

FotorCreated– Պարոն Վարդանյան, Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ 2018թ. Սերժ Սարգսյանը կրկին առաջադրվի որպես նախագահի թեկնածու՝ անկախ մինչև հիմա հնչած հայտարարություններից: Չէ՞ որ սահմանադրական փոփոխությունների նախագիծն այդ դեպքում որևէ արգելք չի նախատեսում:

– Ես չեմ կարող դա հարյուր տոկոսով բացառել, որովհետև դա յուրաքանչյուր անձի իրավունքն է: Բայց ես գրեթե զրոյական եմ համարում, որ նոր Սահմանադրության՝ ՀՀ նախագահի համար ընձեռած լիազորություններով Ս. Սարգսյանը կցանկանա դառնալ նախագահ:

– Իսկ վարչապե՞տ, թեև նա հայտարարել է, որ խորհրդարանական կառավարման համակարգի ընդունման դեպքում չի ցանկանա վարչապետ դառնալ:

– Վարչապետ լինելու մասին նախագահն արդեն իր այդ հայտարարությունն արել է, և ես հավատում եմ մարդկանց խոսքին:

– Իսկ եթե Հանրապետական կուսակցությունը Դաշնակցության հետ միասին նրան խնդրեն, միգուցե համաձայնի՞:

– Որոշ ժամանակ առաջ էլ խոսում էին, թե Ազգային ժողովի նախագահ է դառնալու:

– Այո, բայց Ս. Սարգսյանը ԱԺ նախագահի պաշտոնը ստանձնել չցանկանալու մասին հրապարակավ հայտարարություն չի արել:

– Ես ձեզ երաշխավորում եմ, որ նա այդ հայտարարությունը եթե ոչ հրապարակային, ապա քաղաքական քննարկումների ժամանակ, առնվազն մեզ հետ քննարկումների ժամանակ ասել է: Ես լրատվամիջոցներից տեղեկացա, որ նաև Հանրապետական կուսակցության քննարկումների ժամանակ է այդ մասին ասել:

– ՀՅԴ գործիչները ու նաև Դուք երբեմն բարձրաձայնում եք, թե Հայաստանում ընտրությունները կեղծվում են: Այդ դեպքում ինչպե՞ս եք սատարելու կեղծիքներով ընթացող այս գործընթացը՝ առաջիկա սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն:

– Դուք ի՞նչ եք առաջարկում, քաղաքական ուժը ի՞նչ պետք է անի: Քաղաքական ուժի խնդիրն է մասնակցել, առավելագույնս նվազեցնել ու չեզոքացնել կեղծիքների հնարավորությունը սեփական ուժերով և հասարակության միջոցով:

– Ինչպե՞ս պետք է դա անեք այս անգամ, եթե մինչև հիմա դա չի հաջողվել:

– Եթե մինչև հիմա դա չի հաջողվել, եթե ես անելիք չունեմ, ուրեմն ես պիտի քաղաքականությունից դուրս գամ և որևէ բանի չմասնակցեմ: Գիտեք, մենք ունենք բազմահազարանոց կուսակցական բանակ, բոլոր ընտրատեղամասերում վստահված անձինք, և մենք դա ապահովելու ենք: Նաև իշխանության առաջ դնելու ենք քաղաքական պահանջ, որ պետք է այս ընտրությունները, այս հանրաքվեն որակապես տարբերվի նախորդ ընտրություններից այնպես, որ հասարակության մեջ դրա նկատմամբ վստահություն առաջանա: Մենք առանց վստահության որոշակի պաշարի, չենք կարող այս երկրում նորմալ զարգացումներ ապահովել: Եվ սա ոչ միայն ձեր գիտակցությունն է, ոչ միայն քաղաքական մեր ուժի դիրքորոշումն է, այլև, կարծում եմ, իշխանության մեջ նույնպես կան մարդիկ, ովքեր գիտակցում են, որ հնարավոր չէ անընդհատ նույն փոցխի վրա ոտք դնել: Մենք ապրում ենք մի աշխարհում, որը փոխկապակցված է, դուք լսեցիք այդ հարցում Վենետիկի հանձնաժողովի տեսակետը: Եվ մենք մեր այսօրվա ռեսուրսներով պարզապես չենք կարող թույլ տալ ևս մի անգամ նման անվստահության մթնոլորտի ձևավորում: Թե տարածաշրջանում, թե ներքին կյանքում մեր հաղթաթուղթը պետք է լինի ժողովրդավարության խորացումը: Եվ կարծում եմ, որ սա գիտակցում են նաև իշխանության շատ ու շատ ներկայացուցիչներ, հատկապես որ՝ «Հանրաքվեի մասին» օրենքը լավ աշխատանքի դեպքում առանց խախտումների հանրաքվեն անցկացնելու հնարավորություն տալիս է:

– Միգուցե իշխանություններին ուղղված ձեր պահանջներից մեկն էլ լինի ձեր նախկին այն պահանջը, թե հանրաքվեից հետո հրապարակվեն հանրաքվեին մասնակցած մարդկանց ցուցակները:

– Ընտրողների ցուցակների խնդիրը մենք անընդհատ հետապնդել և պահանջել ենք: Բայց դրա հետևանքների մասին կա Վենետիկի հանձնաժողովի տեսակետ, կան տարբեր մոտեցումներ: Ես ասացի, որ մենք հիմա աշխատում ենք Ընտրական օրենսգրքի վրա և բոլոր դեպքերում պիտի գտնենք այնպիսի մեխանիզմներ, որոնք ընտրությունների հանդեպ վստահությունը էականորեն կբարձրացնեն: Բայց այսօր դժվարանում եմ ասել, թե այդ ուղղությամբ ինչ լուծումներ կգտնենք:

– Պարոն Վարդանյան, կարելի՞ է այսօր ասել, որ իշխանությունները կատարել են ՀՅԴ-ի՝ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ բոլոր հիմնական առաջարկությունները:

– Այո՛: Մեր պահանջները գրեթե 90 տոկոսով բավարարված են: Ես կարծում եմ, որ այս Սահմանադրությունը հատկապես քաղաքական նոր մշակույթի ձևավորման առումով, միմյանց լսելու, միմյանց հետ աշխատելու, միմյանց համոզելու առումով դուռ է բացում: Եվ եթե մենք կարողանանք նաև լավ հանրաքվե անցկացնել, ապա առաջիկա մեկ-երկու տարում մեր հասարակության բոլոր անդամները կամ նրանց 90 տոկոսը կզգան նոր Սահմանադրության առավելությունը գործողի հանդեպ:

– Այդ դեպքում ՀՅԴ-ին կարծես թե ոչինչ չի խանգարում, որ հանրաքվեից հետո Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա կազմի:

– Այդպես չէ, մենք բազմիցս ասել ենք, որ մեր խնդիրները միայն Սահմանադրությամբ չեն սահմանափակվում: Մենք երկրում ունենք բազմաթիվ խնդիրներ և՛ իրավական, և՛ տնտեսական, և՛ սոցիալական ու արդարության, և՛ անպատժելիության ու բարոյահոգեբանական մթնոլորտի առումով: Եվ մենք իշխանության առջև խնդիր ենք դնում, որ անհրաժեշտ է սահմանադրական փոփոխություններին զուգահեռ դրսևորել քաղաքական կամք և հանդես գալ երկրում որակական արմատական փոփոխությունների նախաձեռնությամբ: Սահմանել խաղի կանոններ, որոնք նույնը կլինեն անխտիր բոլորի համար, որ արտոնյալներ չեն լինի: Եվ եթե մենք երաշխիքներ կունենանք, վստահություն կունենանք, որ երկիրը գնում է այս ուղղությամբ, այո՛, մենք պատրաստ ենք մասնակցել ու նաև մեր մասնակցությամբ այդ հարցերին ընթացք տալ: Եթե մենք վստահություն չունենանք, որ կա երկրում դրական հույս առաջացնելու, մարդկանց մոտ ապագայի հույս ներշնչելու կամքը, այս երկրում իրենց ապագան կերտելու հույս եթե չենք առաջացնելու, միայն նրա համար, որ դառնանք իշխանություն, մենք երբեք նման քայլի չենք գնա:

– Բայց այդ խնդիրների լուծման համար հստակ երաշխիքներ ստանալու դեպքում ՀՀԿ-ի հետ կոալիցիա կկազմեք:

– Այո՛, եթե մենք վստահ լինենք, որ երկրում արմատական փոփոխություններ են կատարվում իմ ասած բոլոր ուղղություններով, և եթե մեզ նման առաջարկություն լինի, մենք կքննարկենք ու պատրաստ ենք աշխատել այդ փոփոխություններն իրականություն դարձնելու ուղղությամբ:

– Դուք իշխանությունների խոստումների՞ն կհավատաք, թե՞ պետք է ինչ-որ քայլեր նախապես արած լինեն:

– Մենք փորձառու քաղաքական ուժ ենք, մենք օդի մեջ որևէ բան չենք անում: Երբ ես ասում եմ երաշխիքներ, դրանք պետք է լինեն քննարկումների, մոտեցումների համընկնման արդյունքում: Կլինի՞ նման համընկնում, որևէ խնդիր չեմ տեսնում, չի լինի, մենք կշարունակենք մեր ամենաակտիվ աշխատանքները:

1in.am

Տպել Տպել