Թյուր է այն կարծիքը, թե ամբողջ իշխանությունը «այո»-ի կողմնակից է

FotorCreatedԼինելով Սահմանադրական փոփոխություններին կողմնակից ու «այո»-ի ճակատի մասնակից` ՀՅԴ-ն իր բոլոր ռեսուրսներն օգտագործելու է` հոկտեմբերի 10-ից պաշտոնապես մեկնարկած քարոզարշավի համար: Այսօր «Ա1+»-ի հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` ավելացնելով, որ իրենց հիմնական շեշտադրումը լինելու է փոփոխությունների բովանդակային, դրական տարբերությունների ներկայացումը:

«Ի տարբերություն «ոչ»-ի ճակատի այն անհատների, խմբերի, կուսակցությունների, որոնք «ոչ» են ասում միայն ոչ ասելու համար եւ եթե այդ ձեւով ենք վերլուծում, ապա մենք տեսնում ենք, որ այս պահին ֆորմալ առումով «ոչ»-ին միավորում է միայն ոչ-ը: Բովանդակային առումով, ցավոք, քիչ են առարկությունները, մինչդեռ շատ կարեւոր սկզբունքային նշանակություն ունի հենց բովանդակությունը»,- ընդգծեց Արծվիկ Մինասյանը:

Նա կոչ է անում «ոչ»-ի այն հատվածին, որոնք իսկապես մտահոգ են երկրի վաղվա օրվա համար, բովանդակային ոչ ասեն, այլ ոչ թե ձեւական. «Բովանդակային ոչ-ի մեջ մենք հասկանում ենք այս կամ այն նորմի քննարկումը, վերլուծությունը, եւ որ առարկայական դիմադրություն լինի»:

Եթե «ոչ»-ի ճակատը միասնական է փորձելու հանդես գալ քարոզարշավին, ապա «այո»-ի ճակատում ընդգրկված ուժերը, կարծես թե, առանձին-առանձին են հանդես գալու: Արծվիկ Մինասյանը դա նորմալ է համարում. «Ոչինչ չի խանգարում, որ առանձին հանդիպումներ լինեն, կարող են իրականացվել նաեւ միասնական սկզբունքով հանդիպումներ»:

Ըստ նրա` շատ կարեւոր է, որ այս դիմադրությունը չվերածվի այնպիսի առճակատման, որ երկիրը վատ վիճակի կտանի. «Հակառակը` այս հանրաքվեից մենք պետք է դուրս գանք, ավելի միասնական, ամուր ու հզոր` անկախ նրանից «այո» ասողները մեկ միասնական սկզբունքով են այո-ն ասելու, թե տարբեր սկզբունքներից ելնելով են «այո»-ն քարոզելու: Նույնն էլ կվերաբերվի «ոչ»-ին: Դրանից ելնելով` «այո»-ի համար չկա սկզբունք, որ բոլորը ստանդարտ նույն նախադասությունը պետք է ասեն. մենք կարծում ենք, որ «այո» ասողների ամեն մեկի պատկերացումների ճշգրիտ ներկայացումը հանրությանն ավելի մեծ հնարավորություն կտա բազմակողմանիորեն դրական գնահատելու սահմանադրական փոփոխությունները, այլ ոչ թե շաբլոն առումով կամ մեկ նախադասություն միայն ասելով` ավարտենք այս քարոզչությունը»:

Պարոն Մինասյանը նաեւ թյուր կարծիք համարեց այն, թե ամբողջ իշխանությունը «այո»-ի կողմնակից է. «Սա եւս մեկ անգամ հաստատվել է «այո» դաշտում գտնվող, բայց ստվերային «ոչ» ասողների պատկերը լիարժեքորեն ուսումնասիրելով: Հետեւաբար, սա պայմանավորել միայն վարչական կամ ֆինանսական ռեսուրսների առկայությամբ՝ կատեգորիկ սխալ եմ համարում, քանի որ չեմ կարծում, որ հանրաքվեի ժամանակ ֆինանսական ռեսուրսներ տիրապետողները ամեն ինչ չեն անելու, որ «այո» լինի»:

Պատգամավորի կարծիքով` «այո» ճակատի եւ, մասնավորապես, ՀՅԴ հիմնական հաղթաթուղթը` դրական արդյունքներ ունենալու, լինելու է բացատրական աշխատանքը եւ իրենց մեջ եղած համոզումը. «Ի տարբերություն «ոչ»-ի մեծ մասի, «այո»-ի մեծ մասը ունի վստահություն եւ համոզված է իր` փոփոխությունների ճշմարտացիության մեջ»:

a1plus.am

Տպել Տպել