[1]Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր պետք է հրապարակի «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը: Գործի վերաքննությունը ՄԻԵԴ-ի Մեծ պալատում տեղի է ունեցել 2015թ. հունվարի 28-ին, որտեղ Հայաստանը ներկայացնում էին ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Հայկական կողմի շահերը պաշտպանում էին Լոնդոնի Doughty Street փաստաբանական պալատի հիմնադիր Ջեֆրի Ռոբերթսոնը և միջազգային հայտնի փաստաբան Ամալ Քլունին: Իսկ գործում, Հայաստանից բացի, որպես կողմ ներգրավված են նաև Թուրքիան ու Ֆրանսիան:
Հիշեցնենք, որ թուրք ազգայնական քաղաքական գործիչ, Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը 2005թ. Շվեյցարիայում մասնակցելով տարբեր կոնֆերանսների՝ ժխտել էր 1915թ. և դրանից հետո Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանության պատմական փաստը: 2007թ. շվեյցարական դատարանը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար Դ. Փերինչեքին մեղավոր ճանաչեց և նշանակեց 12 հազար շվեյցարական ֆրանկ տուգանք: Այս որոշումը հաստատեց Շվեյցարիայի դաշնային գերագույն դատարանը: Շվեյցարիայի դատարանների դատավճիռներում նշված է, որ Հայոց ցեղասպանությունը, ինչպես հրեաների Հոլոքոսթը, ապացուցված պատմական փաստ է, որը ճանաչված է երկրի օրենսդիր մարմնի կողմից: 2013թ. Դ. Փերինչեքը դիմել էր ՄԻԵԴ վիճարկելու շվեյցարական դատարանի դատավճիռը՝ ներկայացնելով, թե այն սահմանափակել է իր խոսքի իրավունքը և այն շահել էր ընդդեմ Շվեյցարիայի: Շվեյցարիան իր հերթին էր դիմել ՄԻԵԴ՝ վիճարկելու իր դեմ կայացված վճիռը: Եվ ահա, այսօր պետք է հրապարակվի վերսկսված դատավարության վճիռը:
Այդ առիթով «Առաջին լրատվական»-ը զրուցեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի հետ, ով հենց սկզբից ակտիվ մասնակցություն է ունեցել այս գործում հայկական կողմի շահերը պաշտպանելու և հայկական կողմին օգնելու համար:
– Պարոն Փափազյան, վաղը հրապարակվելու է Փերինչեքի գործով վճիռը: Ի՞նչ ակնկալիքներ կամ տրամադրություններ կան հայկական կողմի մոտ:
– Մենք հույս ունենք, որ մարդու իրավունքի պաշտպան դատարանը վաղը Ստրասբուրգում պետք է դրական վճիռ հրապարակի: Չենք կարող պատկերացնել, որ Փերինչեքը կարող է հաղթել, որովհետև դա կլինի իրավունքի դեմ վճիռ: Մենք համոզված ենք, որ այս վճռով կկարողանանք շարունակել պայքարը Ցեղասպանության ուրացման դեմ՝ եվրոպական բոլոր երկրներում որդեգրելով հատուկ օրենքներ, որպեսզի ապագայում փերինչեքները չկարողանան շարունակել իրենց վատ աշխատանքները: Եվ որպեսզի մենք կարողանանք շարունակել հայկական Ցեղասպանության ճանաչման համար կամ Ցեղասպանության ուրացման դեմ պայքարը: Վաղը մենք դրական վճռի ենք սպասում:
– Փերինչեքը համարում է, որ Շվեյցարիայի դատարանը խախտել է իր խոսքի իրավունքը, իսկ Եվրոպայում այդ իրավունքը բավական լուրջ է ընդունվում: Հնարավոր համարո՞ւմ եք, որ այդ պատճառով ՄԻԵԴ-ը նորից հայկական կողմի օգտին չկայացնի իր վճիռը:
– Այո՛, խոսքի ազատությունը նրանց գլխավոր պատճառաբանությունն է, բայց պատմական իրականությունը չեն կարող ոտնահարել հանուն խոսքի ազատության: Եվ սա մենք փորձեցինք ապացուցել մեր փաստաբաններով և կարող ենք ասել, որ մենք միայնակ չենք՝ մեզ հետ ունենք ոչ միայն Հայաստանի կառավարությունը, մեզ հետ են նաև Շվեյցարիայի, Ֆրանսիայի կառավարությունները, ինչպես նաև հայտնի այլ կազմակերպություններ, որոնք նույնպես պաշտպանում են ազգային իրավունքները, մարդու իրավունքները: Չի կարելի նույնացնել Փերինչեքի ազատությունը Ցեղասպանության մերժման հետ: Այնպես որ, նրանց պատճառաբանությունը կեղծ է:
– Ֆրանսիայում ու ողջ Եվրոպայում թուրք համայնքներն ավելի մեծաքանակ են, քան հայկական համայնքները: Չե՞ք կարծում, որ թուրքերն իրենց լոբբինգով կամ ուժով կփորձեն ճնշել կամ ազդել ՄԻԵԴ-ի որոշման վրա:
– Ո՛չ, Ֆրանսիայում թուրքական գաղութը հայկական գաղութից մեծ չէ: Հակառակը՝ թուրքական գաղութը հայկական գաղութի կեսն է քանակով: Երկրորդը՝ մենք բոլորս մեր աշխատանքը տանում ենք, այսինքն՝ հայկական գաղութի ներկայացուցիչներն իրենց պայքարը հաջողությամբ տանում են, և ես այդ առումով բավականին լավատես եմ:
– Հայաստանում կա նաև այսպիսի կարծիք, թե ՄԻԵԴ-ը և հայկական կողմը գործի քննության ընթացքում պետք է կենտրոնանային ոչ թե Ցեղասպանության փաստի վրա, այլ Փերինչեքի անձի վրա: Այս առումով արդյոք գործի քննությունը սխալ չի՞ ընթացել:
– Ո՛չ, գիտեք՝ դա մեծամասամբ գրավոր պրոցես է, հունվարի 28-ին, մենք ուսումնասիրել ենք գործի հետ կապված բոլոր ծրարները, և կարող եմ ասել, որ մեր կողմի ծրարները բավականին փայլուն էին, մինչդեռ մյուս կողմում միայն կար թուրքական կառավարություն, Փերինչեք և Շվեյցարիայի թուրքական մի կազմակերպություն: Այսինքն՝ բավականին աղքատ պատճառաբանություն, և հնարավոր չէ պատկերացնել, որ Ցեղասպանության 100-ամյակի տարուն դատարանը սխալ որոշում կայացնի:
– Իսկ հայկական կողմը ինչ-որ քայլեր ձեռնարկե՞լ է՝ բացի այն, որ պետք է սպասի վճռի հրապարակմանը:
– ՀՀ կառավարությունը և մենք՝ Ֆրանսիայի հայ գաղութը, աշխատում ենք: Մենք մեր աշխատանքը համադրեցինք Ֆրանսիայի կառավարության, Շվեյցարիայի հայկական գաղութի աշխատանքների հետ ու բավական լավ վիճակով ներկայացանք դատարանի առջև: Նաև կարող եմ ասել, որ Հայաստանի իշխանություններն իրենց փաստաբաններով՝ Ջեֆրի Ռոբերթսոն և Ամալ Քլունի, փայլուն կերպով ներկայացան ատյանի առջև: Հենց այդ պատճառով էլ ես ասում եմ, որ հնարավոր չէ, որ նման պայմաններում սխալ վճիռ հրապարակվի:
– Հայկական կողմը միայն հայանպա՞ստ վճռի է սպասում: Այսինքն՝ Դուք բացասական վճռի չեք սպասում, որի դեպքում նախապես հակընդդեմ քայլեր մշակեիք:
– Անշուշտ, չենք կարող ասել, որ դա բացառված է, բայց շատ կզարմանանք, եթե բացասական վճիռ լինի: Մենք հետո մանրամասնորեն կքննարկենք արդյունքները, որոշումը: Մենք կշարունակենք ուսումնասիրել, թե ինչպես շարունակենք Ցեղասպանության ուրացման դեմ պայքարը: Այնպես որ, հիմա մենք բացասական որոշում չենք կարող ակնկալել և քայլեր նախապատրաստել:
Հեղինակ՝ Արմինե Ավետյան
1in.am