Կիրո Մանոյանը՝ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ՄԻԵԴ-ի վճռի մասին
[1]Կարող էր ավելի վատ լինել, եթե չսրբագրվեին Հայոց ցեղասպանության փաստին վերաբերող այն խնդրահարույց ձևակերպումները, որոնք նախկինում դատարանն արել էր: Բնականաբար, կարող էր ավելի լավ լինել, եթե, օրինակ, դատարանը հաստատեր, որ կատարված հայտարարություններն ատելության կոչեր են. yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուԿիրո Մանոյանը՝ անդրադառնալով ՝ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ՄԻԵԴ-ի կայացրած վճռին:
Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ը մերժել էր Շվեյցարիայի հայցը: Համաձայն վճռի՝ շվեյցարական դատարանը սխալ է վարվել` Հայոց ցեղասպանությունը ժխտող Դողու Փերինչեքին քրեական պատասխանատվության ենթարկելով, սակայն Հայոց ցեղասպանության մասով ոչ հայանպաստ մի շարք ձևակերպումներ վճռից հանվել են կամ խմբագրվել Հայաստանի օգտին:
Մանոյանի խոսքով՝ այնպես չէ, որ դատարանն ամեն կերպ արդարացրել է Փերինչեքին: Դատարանը միաձայն մերժել է բավարարել Փերինչեքի` հատուցման պահանջները:
«Կարևոր փաստ է նաև այն, որ 17 դատավորներից 7-ը մի քանի կարևոր հարցերի շուրջ մեծամասնության կարծիքը չեն կիսել: Մասնավորապես` տարակարծություն է եղել այն հարցի շուրջ, որ դատարանը շարունակելու է պնդել, որ Հոլոքոստի ժխտումը քրեականացնելը պետք է լինի հատկապես այն երկրներում, որտեղ տեղի է ունեցել այն, իսկ ինչ վերաբերում է Շվեյցարիային, ապա նա Հայոց ցեղասպանության ժխտումը նույն կերպ չպետք է քրեականացներ»,- ասաց մեր զրուցակիցը:
Հարցին, թե Հայաստանի ներգրավվածությունն այս գործընթացում արդյո՞ք ուշացած չէր, և Հայաստանի համար ոչ այնքան շահեկան վճիռը դրա ապացույցը չէ՞, Մանոյանը պատասխանեց. «Հետադարձ հայացք գցելով՝ հեշտ է ասել, թե ինչ կարելի էր անել, որ չարվեց: Իրականում, շատ հարցականներ կան: Եթե Հայաստանն ի սկզբանե գործընթացին մասնակցած լիներ, խնդրահարույց կլիներ դատարանի առաջին որոշումը, և այդ որոշման մեջ ինչ-որ բան փոխելը համեմատաբար ավելի հեշտ կլիներ: Առաջին որոշումը բավականին վնասակար էր մեզ համար, քանի որ դատարանը կենտրոնացել էր այն տեսակետի վրա, որը Թուրքիան արտահայտել էր, և եթե այդ ժամանակ Հայաստանի տեսակետն էլ արտահայտված լիներ, կարծում եմ` ավելի հավասարակշռված որոշում կլիներ»:
yerkir.am
Ի՞նչ շահեց Հայաստանը Փերինչեքի դատավճռից
Շվեյցարիան խախտել է Հայոց ցեղասպանությունը ժխտող Դողու Փերինչեքի ազատ խոսքի իրավունքը; 10 կողմ եւ 7 դեմ ձայների հարաբերակցությամբ, այսպիսի որոշում կայացրեց ՄԻԵԴ-ը՝ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցիարիայի» գործով։
Եվրոպական դատարանի այսպիսի վճիռը լավագույնը չէ, բայց նաեւ վատագույնը չէ Հայաստանի համար,որտեղ մեր երկիրը ներկայացված էր, որպես երրորդ կողմ։ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը հիշեցնում է, դատարանում չէր վիճարկվում Հայոց ցեղասպանության եղելության հարցը, ուստի իր նպատակներին ՄԻԵԴ-ում հայկական կողմը հասավ. «Կարեւոր մեկ այլ հանգամանք, որ դատարանը չի ասում՝ պետք է Շվեյցարիայի օրենքը ջնջվի, այսինքն այլ երկրներ էլ կարող են այդ օրենքն ընդունել»։
Չնայած վճիռը հօգուտ թուրք գործչի է, ՄԻԵԴ-ում ներկայացված հայկական կողմը հայտարարում է, Հայաստանի կառավարության՝ Եվրոպական դատարան ներկայացված բոլոր պահանջները բավարարվեցին: Ձեւակերպումնների փոփոխությունները, որոնք կարող էին կասկածի տակ դնել հայոց ցեղասպանության փաստը՝ բացառվեցին։
Կիրո Մանոյանի գնահատմամբ՝ Հայաստանն այսօր պարզապես պետք է արձանագրի, որ Եվրոպական դատարանում իրերը վերջապես կոչվեցին իրենց անուններով։
a1plus.am
