Վախենում եմ` բոլոր «ոչ» ասողները գնալու են՝ երեք-չորս տեղ «այո» քվեարկեն

FotorCreatedԲնական է, որ ջրբաժանն անցնում է երկու հակադիր բևեռների միջև: Մեր գործընկերները վկայում են, որ շրջում են հանրապետությունով մեկ և «այո» ասող չեն գտնում, բոլորը «ոչ»-ի կողմնակից են, բայց վախենում եմ, որ բոլոր «ոչ» ասողները գնալու են՝ երեք-չորս տեղ «այո» քվեարկեն. այսօր խորհրդարանում ելույթ ունենալիս հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

«Մեր փորձը, մեր պրակտիկան ուրիշ բան է ապացուցում: Բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել, առաջիկայում ավելի շատ կլինեն, և մարդիկ շատ էլ լավ կարողանում են թացը չորից տարբերել»,- ասաց պատգամավորը` հավելելով. «Հիմա բուն նախագծի մասին՝ մենք ունեինք քաղաքական խնդիր՝ քաղաքացիների սահմանադրական իրավունքը իրականացնելու քայլ պետք է անեինք, այլ ելք չկար: Սրա պատճառն էր նաև այն, որ համապատասխան մարմինները երեք տարի շարունակ համապատասխան աշխատանք չէին արել: Առաջին օրվանից Դաշնակցությունը առաջարկել է հակակշիռ ստեղծել, որ վստահությունը գոնե չնվազի»:

Վարդանյանի խոսքով`պետք է կարողանալ այնպես անել, որ վստահության տարր ունենանք: «Մենք այն խմբակցությունն ենք, որ նույնիսկ այս նախագիծը քվեարկության դնելուց առաջ էլ է այս մասին խոսել, դրանից հետո քննարկումների ժամանակ առաջարկներ ենք ներկայացրել: Գուցե սրանք իդեալական լուծումներ չեն, բայց մենք համոզվել ենք, որ սրանք այսօր իրականացվելիք տարբերակներ են: Մեր երկու առաջարկները՝ մի փոքր այլ ձևակերպումներով, ընդգրկված են նախագծի մեջ: Ես ինքս աշխատանքային հանդիպում եմ ունեցել, և, ID քարտերի հետ կապված, ինձ համոզել են, որ այս փուլում դա այդքան էլ նպատակահարմար չէ»,- նշեց ՀՅԴ-ականը:

Ըստ նրա՝ ՀՅԴ-ն միշտ հայտարարել է` որքան կարևոր է այս՝ մեր ցանկացած մոդելին անցումը, նույնքան էլ կարևոր է, որ այդ հանրաքվեն անցնի նորմալ պայմաններում: «Ունենք բավարար չափով մարդիկ, որոնք փորձված են տասնամյակներով և իրենց գործը լավ են անում»,- ասաց Վարդանյանը, ապա զգուշացրեց. «Ուզում եմ զգուշացնել՝ չլինի, որ վեց ամիս հետո խնդիր ունենանք և ասեն, որ ժամկետները քիչ են, նույնականացման բազաները չեն աշխատում: Մենք այսօրվանից պետք է համապատասխան մարմինների առջև խնդիր դնենք: ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է ունենան անձը հաստատող մեկ միասնական փաստաթուղթ»:

Տպել Տպել