[1]Սահմանադրական բարեփոխումներին դեմ «Ոչ»-ի ճակատը դեկտեմբերի մեկին սկսում է քաղաքացիական անհնազանդություն: «Ոչ»-ի ճակատի անդամ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել էր`տուն գնալ չկա:
ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից «Իրավունք»-ը պարզեց` քաղաքացիական անհնազանդությունը օրինակա՞ն եւ իրավակա՞ն մեթոդ է` պայքարելու սահմանադրական բարեփոխումների դեմ:
«Ընդդիմությունը կարող է իր բոլոր հնարավորություններն օգտագործել, բայց դա պետք է օրենքի սահմաններում տեղավորվի: Պարզապես անհնազանդության կոչերը հիմք են, որ իշխանությունը մտածի` ինչ-որ բաներ են լինելու օրենքից դուրս: Չենթարկվել պետական մարմիններին, օրենքին, դա էլ կարող է քաղաքացիական անհնազանդություն լինել»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Արմեն Ռուստամյանը չի բացառում`քաղաքացիական անհնազանդության մասին կոչերը գուցե հնչում են քարոզչական նպատակով. «Դեպքը պետք է կատարվի, որ նոր տրվի գնահատական: Միայն հայտարարություններով դժվար է ասել`դրանք հակաօրինական կլինեն, թե չէ»:
– Կարծիք կա, որ քաղաքացիական անհնազանդություն ասվածը մայդանային շունչ է պարունակում:
– Դե դա կա: «Ոչ»-ի ճակատը խուսափում է բովանդակային քննարկումից: Ի՞նչ է նշանակում դեկտեմբերի մեկից սկսել: Մինչեւ այդ չե՞ն էլ ուզում անդրադառնալ նոր սահմանադրության բովանդակությանը…
– Մինչեւ դեկտեմբերի մեկը «Ոչ»-ի ճակատը կմոբիլիզանցի մարդկանց` փողոց հանելու համար…
– Դե մոբիլիզացնում են մարդկանց, որ «ոչ» ասեն իշխանությանը, ոչ թե սահմանադրությանը: Տրամաբանությունը, թե ինչու պետք է մարդիկ փողոց դուրս գան, պայքարեն, ենթադրում է բովանդային քննարկում: Ես վստահ եմ, սակայն, որ դեկտեմբերի մեկին բովանդակային քննարկում չեն նախատեսում: Գալու են իրենց քաղաքական հայտարարությունն անեն ընդդեմ իշխանության: «Ոչ»-ն ունի պարզ եւ պրիմիտիվ տրամաբանություն` դեմ ենք նախաձեռնողին եւ նախաձեռնությանը: Սա նշանակում է`նախաձեռնությունը չեն քննարկում, այլ նախաձեռնողի անձը:
– Ընդդիմադիրներն ասում են, որ իրենք ինչքան հանդիպել են քաղաքացիների հետ, լսել են միայն «Ոչ»: «Այո» ասող նոր սահմանադրությանը չկա:
– Ովքե՞ր են հանդիպել:
-Օրինակ Հեղինե Բիշարյանը, Արամ Մանուկյանը քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հիմնականում «ոչ» են լսել:
– Ես էլ ասում եմ` էնքա՜ն «այո» կա, եկեք տանեմ ցույց տամ: Հո տենց ասելով չի: Ես էլ մարզեր գնում, ընդ որում` շուրջօրյա:
– Ո՞ր մարզն է ավելի շատ «այո» ասում:
– Դե պասիվություններ կան` կան մարզեր, որոնք լավ իրազեկված չեն: «Այո»-ի մասով մարտավարական առումով չեմ ուզում հիմա ոչինչ ասել: Ավելի շատ կան չկողմնորոշվածներ: Մի մեծ մասը հանրության «այո» կամ «ոչ» է ասում` այս կամ այն քաղաքական ուժին կամ անձին վստահելով, քանի որ դժվար է մոտ 200 հոդված կարդալ: Բայց ինքը հավատում է քո մեկնաբանություններին: Իսկ ես տեր եմ իմ մեկնաբանություններին, մինչեւ հիմա էլ հակառակը չեմ փաստել:
– Դուք տեր եք Ձեր մեկնաբանություններին, մնացածնել էր ասեն, որ հնազա՞նդ են…
– Մնացածներն էլ իրենց ասածներին պետք է տեր լինեն: Տեքստից չկտրված չմեկնաբանեն: «Ոչ»-ն ասում է՝ դեմ եմ Սերժ Սարգսյանին, քանի որ ինքն է նախաձեռնել: Ինչն էլ նա նախաձեռնի, դեմ եմ: Դե Սերժ Սարգսյանն էլ, տեսնելով «Ոչ»-ի պրիմիտիվիզմը, օրերից մի օր ասում է` մածունը սպիտակ է, դուք բոլորդ ասելու եք` մածունը սեւ է, որովհետեւ Սերժ Սարգսյանն է ասել` մածունը սպիտակ է:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
iravunk.com