- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Իրանի հետ համագործակցությունը` տարածաշրջանի զարգացման գործոն

FotorCreated [1]Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Իրանի համագործակցությունը դրական կազդի ոչ միայն փոխադարձ առևտրի աճի վրա, այլև տարածաշրջանի երկրների տնտեսությունների որակական փոփոխության վրա, ինչը կնպաստի տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը: Ռուսաստանյան «Տամոժնյա» հանդեսի հետ հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ (նախարար) Արա Նռանյանը:

Նրա դիտարկմամբ` զարգացման ճանապարհին նշանակալի հաջողությունների հասնելու համար երկրները պետք է գործեն համարձակ, նորարական մոտեցումներով, փնտրեն և գտնեն միջազգային համագործակցության և տնտեսական ինտեգրման նոր ուղիներ և ուղղություններ, և Իրանի հետ ԵԱՏՄ-ի սերտ համագործակցության հաստատման նախագիծն հենց այդպիսինն է: «Մենք այստեղ ակնկալում ենք ոչ միայն փոխադարձ առևտրի աճ, այլև տարածաշրջանի երկրների տնտեսությունների որակական փոփոխություն, ինչը կնպաստի տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը: Եվ պատահական չէ, որ Հնդկաստանն ու Չինաստանը հետաքրքրված են Իրանի և Հայաստանի տարածքներով Հյուսիս-Հարավ նախագծերի իրականացմամբ: Նման ծրագիրը կստեղծի նոր աշխարհաքաղաքական իրողություններ և կապահովի ԵԱՏՄ-ի ներթափանցումը հարավային ուղղությամբ»,- նշել է Արա Նռանյանը:

Ըստ նրա` Իրանի հետ համագործակցության շնորհիվ ԵԱՏՄ-ն ստանում է Պարսից ծոցի և Հարավ-Արևելյան Ասիայի երկրներ, ինչպես նաև Չինաստան կարճ ճանապարհով հասնելու հնարավորություն: «Իսկ Հայաստանում Հյուսիս-Հարավ առանցքով ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտային հաղորդակցության նախագծերի իրականացումը կրկնակի կկրճարտի և կէժանացնի Եվրոպայից Ասիա ճանապարհը Սուեզի ջրանցքով անցնող ճանապարհի համեմատ»,- պարզաբանել է նա:

Արա Նռանյանը հավելել է, որ Իրանի հետ ԵԱՏՄ-ի բանակցային գործընթացի նախաձեռնողներից է Հայաստանը, որը միության` Իրանի հետ ընդհանուր սահման ունեցող միակ երկիրն է: «Ավելին` հայկական բիզնեսն ունի Իրանի ընկերությունների և իրանական շուկայի հետ համագործակցության մեծ փորձ, որն անպայման հաշվի կառնվի ԵԱՏՀ-ի աշխատանքում»,- հավաստել է նախարարը:

Նրա բնորոշմամբ` Իրանը տարածաշրջանի խոշորագույն երկիրն է, որն ունի հարուստ ռեսուրսներ և ԵԱՏՄ երկրների ընկերությունների համար շատ կարևոր շուկա: Մյուս կողմից` ի դեմս ԵԱՏՄ անդամ-պետությունների, Իրանը գործ ունի երկրների հետ, որոնք ոչ միայն ոտնձգություն չեն կատարում այլ երկրների տնտեսական և քաղաքական ինքնիշխանության վրա, այլև, ըստ էության, բարեկամական են Իրանի ժողովրդի համար:

Անդրադառնալով Եվրամիության հետ հարաբերությունների և այդ համագործակցության հեռանկարների մասին հարցին, ԵԱՏՀ-ի նախարարն ընդգծել է, որ «եվրոպական ասպարեզում ներկայում ձևավորվող իրավիճակը «բացարձակապես աննորմալ է»: Արևմուտքը և Արևելքը միշտ էլ եղել են մրցակցային պայքարում, բայց տարածաշրջանը ամենից ավելի զարգացել է հենց փոխըմբռնման և համագործակցության փուլերում»: Նրա կարծիքով` «պատժամիջոցների պատերազմից» տուժել են ոչ միայն դրա մեջ ուղղակի ներգրավված երկրները, այլև պետություններ, որոնք ֆորմալ կերպով կապ չունեն պատժամիջոցների հետ: Արա Նռանյանի կարծիքով` իրավիճակի փոփոխության համար անհրաժեշտ է ինտենսիվ, գրագետ աշխատանք` փոխադարձ շահերի և դիրքորոշումների նկատմամբ հարգանքով: Նա գտնում է, որ այսօր, թերևս, ԵԱՏՄ-ն լավագույն ձևաչափն է, որտեղ կարող են և պետք է աշխատեն այն միջազգային միավորումները և միությունները, որոնք իրապես շահագրգռված են համաշխարհային և ազգային տնտեսությունների զարգացման մեջ:

armenpress.am