- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

«Այո» ասել նշանակում է՝ «այո» ասել նոր սկզբին

FotorCreated [1]«Ես կարծում եմ՝ «այո»-ի բովանդակությունը կամ ուղղվածությունը չի փոխվում այն բանից, որ Դաշնակցությունը կամ «այո»-ի այլ ուժեր առանձին են կազմակերպում իրենց քարոզչությունը: Կարևորը կարողանալ հանրությանը հասցնել «այո» ասելու անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը, այն, որ «այո» ասել նշանակում է՝ «այո» ասել նոր սկզբին:

Իսկ ինչ վերաբերում է այն մտայնությանը, թե մենք առանձին ենք անցկացնում մեր քարոզչությունը, որպեսզի չնույնանանք որևէ այլ քաղաքական ուժի հետ, ապա ասեմ, որ Դաշնակցությունը, որպես ինքնուրույն քաղաքական ուժ, այս տարի նշում է իր 125-ամյակը, ուստի նման անհանգստություն մենք չունենք: Ի վերջո՝ «այո» ասելու մեկնակետերը, հիմնավորվածությունը տարբեր քաղաքական ուժերի մոտ տարբեր են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու Դաշնակցությունը որոշեց իր քարոզչությունն առանձին անցկացնել:

Մեր զրուցակցի խոսքով՝ Դաշնակցությունն իր «այո»-ն վաղուց է ասել՝ մոտ 25 տարի առաջ:

Ինչպես նշեց Լիլիթ Գալստյանը, սա առիթ է նաև ներկուսակցական «ռեսթարթի», քանի որ 2017-ի ընտրությունները սարերի ետևում չեն:

«Այսօր ունենք հիասթափված հանրություն, որին համոզելը շատ դժվար է: Ուստի կարևորը համոզիչ լինելն է և ռեալ պոլիտիկի մեջ թացը չորից տարբերելը: Ինչ վերաբերում է «ոչ»-ին, ապա ժողովուրդը «ոչ»-ի ո՞ր երանգին հավատա: Դրանք հերթական հուսահատության չափաբաժինն են բերելու մեր հասարակություն, որովհետև, այնուամենայնիվ, չկան ծրագրված մարտավարական քայլեր»,- իր կարծիքը հայտնեց Լ. Գալստյանը:

Մեր զրուցակցի համար երկրորդական է նույնիսկ ընդդիմություն, թե իշխանություն, «այո», թե «ոչ» տարբերակումը, որովհետև նրա համար ամենակարևորը ՀՀ պետականության կայացման շահն է, և այդ տեսակետից նրա խոսքով՝ «այո»-ն շատ ավելի համոզիչ է:

Հարցին՝ որքանո՞վ եք համոզված, որ այս հանրաքվեն կանցնի առանց կեղծիքների, մեր զրուցակիցը պատասխանեց. «Շատ կարևոր է, որպեսզի Սահմանադրությունն օժտված լինի բարոյական լեգիտիմությամբ, որի պայմաններից մեկը արդար ընտրություններն են: Քաղաքական մեծամասնությունը պետք է որ բավական քաղաքական իմաստնություն ունենա՝ հասկանալու համար, որ ուղղակի չի կարելի պղծել Սահմանադրության ընդունումը ընտրակեղծիքներով»:

1in.am