- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Իրավիճակը լարված է, միջադեպեր լինում են, բայց պատերազմ Լիբանանում չի լինի

FotorCreated [1]Երեկ Լիբանանի մայրաքաղաքում մահապարտ ահաբեկիչները երկու պայթյուն են իրականացրել, որի հետևանքով 43 մարդ զոհվել է, ավելի քան 200-ը՝ վիրավորվել:

Թեմայի հետ կապված «Առաջին լրատվական»-ը զրուցել է Լիբանանի «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Գանդահարյանի հետ։

-Պարոն Գանդահարյան, որքանով է այս պահին պայթունավտանգ իրավիճակը Լիբանանում, և որքանով Լիբանանը կարող է դիմակայել «Իսլամական պետության» սպառնալիքներին։

-Պետք է ասել, որ իրավիճակն իրոք մտահոգիչ է այն առումով, որ այդ արարքը ստանձնել է «Իսլամական պետություն»-ը։ Սակայն լիբանանյան բանակի և համապատասխան ծառայությունների կողմից անհրաժեշտ գործողություններ ձեռք են առնվել, զսպիչ գործողություններ են ձեռք առնում, որ Լիբանանը Սիրիայի կամ Իրաքի ճակատագրին չարժանանա։ Երեկվա պայթյունները բավականին հզոր էին, զոհեր կան և որոշակի տեղեկատվություն կար, որ երրորդ կամ չորրորդ պայթյունն է լինելու, ծրագրավորված է, սակայն համապատասխան ծառայություններին հաջողվել է զսպել դրանք։ Այդ առումով իրավիճակն իրոք մտահոգիչ է և ժողովրդի մոտ մտահոգություն կա, որ այս արարքները կարող են շարունակական լինել, բայց ընդհանուր առմամբ տարածաշրջանային, քաղաքական իրադարձությունները, զարգացումները հուշում են, որ այս պահի դրությամբ կարող են լինել միջադեպեր, բայց համենայնդեպս ընդհանուր բռնկվածություն, պատերազմ չի լինի Լիբանանում, ինչպես Սիրիայի և Իրաքի դեպքում։

-Ինչո՞վ է պայմանավորված ձեր լավատեսությունը։

-Ես չէի ասի լավատեսություն։ Լավատեսությունը ներլիբանանյան քաղաքական համաձայնության որոշ նախադրյալների է վերաբերում։ Հստակ քաղաքական որոշակի կամքեր են դրսևորվում խնդրի կարգավորման ուղղությամբ։ Ընդհանրապես Լիբանանը հեռակառավարվող երկիր է և զսպիչ հայտարարություններ հնչում են, կոնֆլիկտում չներքաշվելու պատրաստակամություն ևս դրսևորվում է, ինչը հուշում է, որ որոշում կա, որ պատերազմն ընդհանուր առմամբ չտեղափոխվի Լիբանան։

–Պարոն Գանդահարյան, Ռուսաստանը և միջազգային հանրությունն արդեն աջակցություն են խոստացել Լիբանանին։ Ո՞ր տարածաշրջանի հետ համագործակցությունն է նախընտրելի Լիբանանի համար։

–Որքան ես ծանոթ եմ, նման առաջարկ, տրամադրվածություն հնչել է, բայց որևէ գործնական պայմանավորվածություն, պայմանագիր չկա։ Եվ սա նորմալ է, երբ որ ահաբեկիչները հարձակվում են, այն երկրները, որոնք հակաահաբեկչական ծրագիր ունեն, պայքարում են ահաբեկիչների դեմ, հանդես են գալիս առաջարկով։ Այս պահի դրությամբ այդ առաջարկը դեկլարատիվ է և պաշտոնական Բեյրութից այս առնչությամբ որևէ արձագանք չկա։

-Իսկ ստեղծված իրավիճակում ինչպիսի՞ն է տեղի հայ համայնքի դիրքորոշումը։

-Լիբանանահայ համայնքի ներկայացուցիչը մասնակցում է համալիբանանյան խորհրդի նիստերին, որը ձեռնարկել է Ազգային ժողովի նախագահը։ Խորհրդարանի նիստերից դուրս նա հրավիրել է բոլոր համայնքների ներկայացուցիչներին, բոլոր հիմնական քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներին խորհրդակցելու երկրի տարբեր խնդիրների հանգուցալուծման վերաբերյալ։ Այս խնդիրներից դուրս գալու միակ հիմնական ուղին, ըստ հայ համայնքի ներկայացուցչի այն է, որ բացառվի ուժի կիրառումը, և խորացվի քաղաքական համագործակցությունը։ Սա է հայ համայնքի պաշտոնական դիրքորոշումը։

1in.am