- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

ՀՅԴ անդամները հանդիպեցին էջմիածինցիների հետ

FotorCreated [1]Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ՀՅԴ քարոզարշավն այսօր շարունակվեց Արմավիրի մարզում:

Էջմիածինցի ընտրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ Բյուրոյի անդամ, նախկին նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց գործող սահմանադրության թերություններն ու նախատեսվող փոփոխությունների` մասնավորապես կառավարման մոդելը փոխելու անհրաժեշտությունը:

Նրա խոսքով` այսօր աշխարի զարգացած երկրների մեծամասնությունը խորհրդարանական կառավարման ձևն ունի, իսկ մեր երկրում ժամանակը ցույց է տվել, որ կառավարման կիսանախագահական ձևն արդյունավետ չի աշխատում: «Մենք նախագահին պաշտպանելու խնդիր չունենք, և եթե կան մարդիկ, ովքեր կարծում են, թե մենք ինչ- որ ակնկալիքներ ունենք, սխալվում են: Եթե այդպես լիներ` ժամանակին չէինք հրաժարվի մեր պաշտոններից: Մեկ- երկու տարի առաջ, երբ բանակցում էինք նախագահի հետ, նա չէր ընդունում խորհրդարանական ձևը, բայց մենք կարողացանք փաստերով համոզել, որ դա լավագույն լուծումն է»,- ասաց նա և շեշտեց, որ Դաշնակցությոընը երբեք չի փոխել իր սկզբունքը:

«Շատերն են ասում, որ մենք պաշտպանում ենք իշխանությունների առաջարկած սահմանադրությունը, բայց մենք համարում ենք, որ սա Դաշնակցության սահմանադրությունն է»,- ասաց Լոքյանը:

ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանը նշեց, որ սահմանադրական բարեփոխումներն ակնառու փոփոխություններ են ենթադրում, որոնք ոչ միայն վերաբերում են կառավարման մոդելի փոփոխությանն, այլև դատական համակարգին: «Այսօր մենք ունենք կոռումպացված դատական համակարգ: Առաջարկվող փոփոխություններով հնարավոր է հասնել դատական համակարգի անկախությանը»,- նշեց Արսեն Համբարձումյանը:

Ըստ նրա` միամտություն է կարծել, թե «ոչ» ասելով` իշխանափոխություն կլինի. «ոչ» նշանակում է այսօրվա վիճակի ամրագրում, իսկ իշխանափոխության հնարավոր է հասնել սահմանադրական փոփոխություններից հետո:

ՀՅԴ անդամ, նախկին պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի խոսքով` առաջարկվող փոփոխությունով` երկրի կառավարման պատասխանատվությունը դրվում է գաղափարախոսություն կրող կուսակցությունների վրա:

Հանդիպումն ուղեկցվեց հարցուպատասխանով և քննարկումներով: