ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը վստահ է, որ բարեփոխված սահմանադրությունը, նախ, համակարգային լուծումներ է առաջարկում, զսպումների, հակակշիռների մեխանիզմներ ստեղծում, իսկ ընդդիմությանն էլ դարձնում քաղաքականության կրող ու պատասխանատու:
-Ոմանք ՀՅԴ-ին քննադատում, մեղադրում են, որ շատ ավելի կրքոտ ու եռանդով է պաշտպանում սահմանադրական փոփոխությունները, քան նույնիսկ իրենք՝ նախաձեռնողները:
-Չեմ կարծում, որ դա մեղադրանք է: Եվ, բացի դրանից, կրքոտ բառը գուցե տեղին չէ: Ավելի ճիշտ կլինի ասել, որ ավելի վճռական ու համոզումով ենք պաշտպանում այդ փաստաթուղթը: Եվ դա շատ բնական է, որովհետեւ ՀՅԴ-ի համար այս փոփոխությունները ծրագրային հիմք ունեն. մենք քսան եւ ավելի տարիներ շարունակաբար պնդել ենք, որ Հայաստանի կառավարման լավագույն մոդելը խորհրդարանականն է:
Մեր համոզումները պայմանավորված են նաեւ վերջին երկու տարիների ընթացքում կուսակցության կատարած հսկայական աշխատանքով այս սահմանադրության ստեղծման, ձեւավորման, հայեցակարգերի մշակման եւ բուն տեքստի աշխատանքների վրա: Երկու տարի գիշեր-ցերեկ աշխատել ենք, ու եթե Սերժ Սարգսյանը կամ որեւէ մեկն ասում է՝ մածունը սպիտակ է, ու մենք էլ միշտ այդպես ենք ասել, չի նշանակում, որ պիտի հակառակվենք:
Ես բազմիցս ասել եմ, որ մեր հիմնավորումները փաստարկված են, ունեն ավանդույթ, բխում են նաեւ մեր իրականությունից, գործող համակարգի բերած արատներից, թերություններից, բացերից, եւ դժվար եմ պատկերացնում, թե այդ ամենի մասին ուրիշ որ քաղաքական ուժը պետք է շատ հրապարակային, բաց ու անկեղծ խոսեր:
-Դաշնակցությունը սոցիալիստական կուսակցություն է, սակայն սահմանադրության նախագծում, ըստ որոշ վերլուծաբանների, սոցիալական երաշխիքների հարցում հետընթաց կա:
-Այդ առումով բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել մասնագիտական հանձնաժողովի հետ, եւ համաձայն չեմ, որ սոցիալական երաշխիքների առումով հետընթաց կա: Շատ դեպքերում այդ երաշխիքները ոչ թե սահմանադրությամբ, այլ օրենքներով են կարգավորվելու, սակայն սկզբունքային հարցերում չենք զիջել, եւ ընդհանուր պարտավորությունները արձանագրված են նաեւ սահմանադրության մեջ:
Խորապես համոզված եմ, որ այստեղ հետընթաց գոյություն չունի, իսկ ընդունվելիք օրենքները չեն կարող նվազ երաշխիքներ տալ, քան թե մեր պարտավորություններն են:
-Հրանտ Մարգարյանը վերջերս ասել էր, որ եթե իշխանությունները Դաշնակցության ներկայացրած հայտնի յոթ կետերից նույնիսկ մեկը չընդունեն, ՀՅԴ-ն կոալիցիա մտնելու հարցը չի քննարկի:
-Եթե ասում ենք՝ այս յոթ հարցերի լուծման դեպքում երկիրը կարող ենք փոխել, դա չի նշանակում, որ դրանք անմիջապես՝ հենց վաղը, պետք է իրականացվեն: Մեր յոթ կետերն ընդհանրապես կոալիցիա մտնելու նախապայման չեն, դրանք մեր պատկերացումներն են երկրի դրական զարգացումների վերաբերյալ, ու եթե վստահություն, երաշխիքներ կունենանք, մեխանիզմներ կտեսնենք, որ երկիրը գնում է մեր նախանշած ուղղությամբ, կհամագործակցենք ում հետ ասես:
Իսկ եթե վստահ չենք լինի, որ երկիրն այդ ուղղությամբ է գնալու, հասարակության մեջ որակական, արմատական բաներ են փոխվելու, մարդկանց մեջ դրական ակնկալիքներ, հույս է առաջանալու, կադրային քաղաքականություն է փոխվելու, բնականաբար չենք գնա համագործակցության: Կոալիցիա, իշխանության մաս կազմելը մեզ համար ինքնանպատակ չէ, ու թող ոմանք մեզ չդատեն իրենց պատկերով եւ նմանությամբ:
-Իսկ ի՞նչ կասեք «ոչ»-ի քարոզարշավի մասին:
-Նրանք հիմնականում բովանդակային քննարկումների չեն մասնակցում: Եվ ստացվում է այնպիսի մի իրավիճակ, երբ նրանք, ովքեր այսօր «ոչ» են ասում՝ անկախ տարբեր երանգներից, ուզեն թե չուզեն, «այո» են ասում գործող սահմանադրությանը: Ընդ որում՝ հենց այն սահմանադրությանը, որին իրենք 2005 թվականին «ոչ» են ասել:
Եվ այս ամենի արդյունքում կարող է ստեղծվել մի տարօրինակ իրավիճակ, երբ, ասենք, մի քսան տարի հետո էլ այդ ժամանակ ստեղծված նոր սահմանադրության նախագծին «ոչ» կասեն՝ «այո» ասելով այն սահմանադրությանը, որին իրենք դեկտեմբերի 6-ին «ոչ» են ասելու:
Նրանք այլ, հասկանալի պատճառներով հաճախ չեն մտնում բովանդակային քննարկումների, բանավեճերի մեջ, բայց պիտի լավ հասկանան, որ նոր սահմանադրությունն ընդունվելու պարագայում առնվազն 10-20, գուցե 30 տարի բոլորս ապրելու ենք դրա կանոններով: Դա պարտադիր է լինելու թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության համար՝ անկախ նրանից՝ ով որտեղ, որ դաշտում կլինի: Այսինքն՝ սա մի փաստաթուղթ է, որի խաղի կանոններով բոլորս այս տարածքում ապրելու ենք:
Մենք նաեւ խորապես համոզված ենք, որ Հայաստանում բոլորը փոփոխություններ են ցանկանում, նույնիսկ պահանջում, որովհետեւ այս վիճակից դժգոհ են: Եվ, Դաշնակցության պատկերացմամբ, փոփոխությունները պիտի լինեն համակարգային, խորքային, բովանդակային, իսկ անձերի փոփոխությունը որեւէ բան չի տալու:
Եթե չարեցինք այս արմատական փոփոխությունը, մեր երկրում դրական, համակարգային խորքային փոփոխությունների հնարավորությունը կտրուկ նվազելու է: Համոզված եմ, որ, իհարկե, բացի սահմանադրական փոփոխություններից, շատ կարեւոր է նաեւ քաղաքական կամքի դրսեւորումը. դրանք զուգահեռ պիտի արվեն:
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ
«Հայոց Աշխարհ»
armworld.am