Սահմանադրական բարեփոխումներին նվիրված «Այո և ոչ» իրապատման «Հյուսիս» ուղղության մասնակիցները շարունակում են քարոզարշավը: Նրանք Շիրակի մարզի Ամասիա համայնքի արվեստի դպրոցում են:
«Այո»-ի կողմնակից, ՀՅԴ-ական Արթուր Եղիազարյանը, ներկայացնելով իր դիրքորոշումները, ասաց. «Շուրջ 25 տարի ապրում ենք անկախ Հայաստանում. լինելով հաղթող ազգ՝ Արցախյան ազատամարտից հետո մենք չունեցանք պետական կառավարման այն համակարգը, որը կբերեր բարեկեցության»:
«Ընդհակառակը, տեսնում ենք, որ այսօր կա համատարած դժգոհություն: Շատերը կարծում են, որ այս ամենը պայմանավորված է պետական համակարգի հետ: Նոր սահմանադրության բարեփոխումները լուրջ բարեփոխումներ են, մենք անցում ենք կատարում պետական կառավարման նոր մոդելի»,-ասաց Արթուր Եղիազարյանը՝ հավելելով, թե մինչ այժմ գործող սահմանադրությունը նախագահակենտրոն էր, բոլոր լիազորությունները տրված էին մեկ մարդու:
«Բարեփոխված տարբերակով այս սահմանադրությունը դառնում է մարդակենտրոն, առաջին անգամ պետության կողմից քաղաքացու իրավունքի իրացման պատասխանատվությունը դրվելու է պետական համակարգի վրա»,-հայտարարեց Արթուր Եղիազարյանը:
tert.am