Կանադայի Հայ դատի հանձնախումբը դիմել է Թուրքիայի կառավարությանը` կոչ անելով անհապաղ թափանցիկ ու արդար հետաքննություն սկսել Տիգրանակերտում իրավաբանների միության նախագահ Թահիր Էլչիի սպանության գործով:
Աղբյուրը հայտնում է, որ նույնպիսի կոչով հանդես են եկել նաև քուրդ քաղաքական գործիչներն ու իրավապաշտպան կազմակերպությունները:
Կրկնելով Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանի հայտարարությունը [1], թե Էլչիի սպանությունը խիստ նման է Հրանտ Դինքի սպանությանը, Հայ դատի հանձնախմբի ղեկավար Ժիրայր Բասմաջյանն ասել է. «Թահիր Էլչիի սպանության դեպքը չպետք է արժանանա նույնպիսի ճակատագրի, ինչպես որ Հրանտ Դինքի սպանությունը: Պետք է լիարժեք հետաքննություն անցկացվի, և մեղավորները պետք է պատժվեն: Թուրքիան պարտավոր է հարգել օրենքի գերակայությունը»:
Բասմաջյանը խոսքով՝ Պոլսում հրատարակվող հայկական «Ակօս»-ի գլխավոր խմբագիր Դինքի սպանությունից արդեն 8 տարի է անցել, սակայն դեռևս չի պարզվել, թե ովքեր են կատարվածի իրական պատասխանատուները:
Հիշեցնենք, որ Թահիր Էլչին սպանվել էր երկու շաբաթ առաջ ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Տիգրանակերտ (Դիարբեքիր) քաղաքի Սուր շրջանում: