Հայ դատի հանձնախումբը կոչ է արել Թուրքիայի կառավարությանը՝ անհապաղ հետաքննել քրդամետ իրավաբանի սպանությունը

FotorCreatedԿանադայի Հայ դատի հանձնախումբը դիմել է Թուրքիայի կառավարությանը` կոչ անելով անհապաղ թափանցիկ ու արդար հետաքննություն սկսել Տիգրանակերտում իրավաբանների միության նախագահ Թահիր Էլչիի սպանության գործով:

Աղբյուրը հայտնում է, որ նույնպիսի կոչով հանդես են եկել նաև քուրդ քաղաքական գործիչներն ու իրավապաշտպան կազմակերպությունները:

Կրկնելով Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանի հայտարարությունը, թե Էլչիի սպանությունը խիստ նման է Հրանտ Դինքի սպանությանը, Հայ դատի հանձնախմբի ղեկավար Ժիրայր Բասմաջյանն ասել է. «Թահիր Էլչիի սպանության դեպքը չպետք է արժանանա նույնպիսի ճակատագրի, ինչպես որ Հրանտ Դինքի սպանությունը: Պետք է լիարժեք հետաքննություն անցկացվի, և մեղավորները պետք է պատժվեն: Թուրքիան պարտավոր է հարգել օրենքի գերակայությունը»:

Բասմաջյանը խոսքով՝ Պոլսում հրատարակվող հայկական «Ակօս»-ի գլխավոր խմբագիր Դինքի սպանությունից արդեն 8 տարի է անցել, սակայն դեռևս չի պարզվել, թե ովքեր են կատարվածի իրական պատասխանատուները:

Հիշեցնենք, որ Թահիր Էլչին սպանվել էր երկու շաբաթ առաջ ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Տիգրանակերտ (Դիարբեքիր) քաղաքի Սուր շրջանում:

Տպել Տպել