- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Հանձնախմբի կեցվածքը կարող է եւ փոփոխվել

[1] «Հայ Դատի հանձնախումբը կոչ չի անում ամերիկահայերին՝ ընտրություններին չմասնակցել, պարզապես ասում է, որ հաշվի առնելով մի շարք տվյալներ՝ որոշել է չաջակցել ԱՄՆ նախագահի թեկնածուներից որեւէ մեկին»,-«Ա1+»-ին ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը։

Նա նշեց, որ մինչ քվեարկության օրը Հանձնախմբի այդ կեցվածքը կարող է եւ փոփոխվել, եթե հանկարծ «թեկնածուները իրենց վերաբերմունքը փոխեն, եւ ընդառաջեն Հանձնախմբի կոչին՝ հանդիպելու եւ ներկայացնելու իրենց տեսակետները ամերիկահայ համայնքին հետաքրքրող տարբեր խնդիրների շուրջ»:

Խոսելով ամերիկահայ համայնքի ընտրության հարցում հանձնախմբի հայտարարության կարեւորության մասին, պարոն Մանոյանը նշեց, որ «Հայ դատը» սրանով չի սահմանափակվելու։

«Պարզ է՝ ամերիկահայ համայնքը չէր սպասում Հայ դատի հանձնախմբի որոշմանը՝ իր ընտրությունը կատարելու հարցում։ Համայնքի յուրաքանչյուր անդամ ինքն է որոշում՝ ինչպես քվեարկի։ Բայց պարզ է նաեւ, որ Հանձնախմբի որոշումն անպայման ազդեցություն կունենար այդ ընտրության վրա։ Եթե Հանձնախումբն աջակցություն հայտներ թեկնածուներից որեւէ մեկին, նաեւ ակտիվ աշխատանք կտաներ, որպեսզի հայ համայնքի անդամները քվեարկեին այդ թեկնածուի օգտին։ Այս դեպքում դա չի լինելու», – ասաց Կիրո Մանոյանը։

Ինչ վերաբերում է հարցին, թե Հայ դատի հանձնախմբի՝ թեկնածուներից որեւէ մեկին չսատարելու որոշումն ի՞նչ հետեւանք կարող է ունենալ Սպիտակ տան հաջորդ բնակչի հետ հայ համայնքի հարաբերությունների վրա, ապա Կիրո Մանոյանը նշում է, որ հնարավոր է՝ ինչ-որ իմաստով այդ հարաբերությունները դժվարանան։

Այնուամենայնիվ, պարոն Մանոյանի խոսքով, «սա քաղաքականություն է, եւ ոխակալության խնդիր չկա», մանավանդ, որ նախագահի ընտրություններին զուգահեռ տեղի են ունենալու Կոնգրեսի լրացուցիչ ընտրություններ, որոնց ընթացքում Հայ Դատի հանձնախումբն ակտիվ է լինելու։

«Հանձնախումբը կհրապարակի իր աջակցած թեկնածուների ցանկը եւ այն թեկնածուների ցանկը, որոնց օգտին պետք չէ քվեարկել», – նշեց Կիրո Մանոյանը։

Այն, որ ի տարբերություն նախորդ մի քանի ընտրությունների, ԱՄՆ նախագահի թեկնածուներն իրենց քարոզարշավի ընթացքում հատուկ չեն անդրադարձել հայ համայնքին հուզող խնդիրներին, ըստ Կիրո Մանոյանի, չի նշանակում, որ հայկական հարցը ԱՄՆ քաղաքական օրակարգում ավելի պակաս նշանակություն է ձեռք բերել։

«Եթե հաշվի առնենք, որ թեկնածուներից ոչ ոք չի արձագանքել նաեւ Ամերիկայի հույների գլխավոր կազմակերպության նման դիմումներին՝ հանդիպելու եւ տեսակետներ ներկայացնելու, խոսում է մի քիչ այլ բանի մասին։ Այսինքն, երկու թեկնածուներն էլ կարծես ավելի շատ կարեւորում են Թուրքիայի դերակատարությունը, ազդեցությունը՝ անտեսելով իրենց քաղաքացիների մի զգալի հատվածը ներկայացնող կազմակերպությունների տեսակետը», – կարծում է Կիրո Մանոյանը:

Ա1+