ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցչը ամփոփել է անցնող 2015 թվականը

aparaj.am -ի հարցազրույցը ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի հետ

FotorCreated– Ավարտին է մոտենում 2015 թվականը: Ինչպիսի՞նն էր այն Արցախի համար, ի՞նչ հաջողություններ ու ձախողումնր ունեցանք:

– 2014 թվականի ավարտին եւս նման հարցադրում եղավ: Այն ժամանակ ես նշեցի, որ 2015 թվականը լինելու է բավականին ծանր տարի: Իրոք, այդ զգացումը անցնող տարվա բոլոր քաղաքական զարգացումներում, երկրի ներքին կյանքում, արտաքին ճակատում ուղեկցում էր մեզ:

Տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական զարգացումները մեզ լուրջ անհանգստության տեղիք էին տալիս 2015-ին: Մենք տեսանք, որ կարող էինք ավելի վատ եզրահանգում, ավելի վատ սցենար ունենալ, բայց, այդուհանդերձ, կարողացանք պահապնել հարաբերական խաղաղությունը: Սա ամենամեծ հաջողությունն է թերեւս: Պատահական չէ, որ անցած մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններում մենք ընտրեցինք «Խաղաղություն, արդարություն, աշխատանք» կարգախոսը: Այդ կարգախոսը հենց արտացոլում է մեր կյանքը, առօրյան, տալիս որոշ ուղղություններ: Կարևոր ձեռքբերում եմ համարում նաեւ երկրի ներքին կյանքում արմատավորված եւ շարունակվող քաղաքական համախոհության մթնոլորտը: Հատկապես ընդգծելի է, որ Արցախի հիմնահարցի , ժողովրդի անվտանգության եւ պաշտպանության բոլոր հարցերում առկա է քաղաքական ուժերի համերաշխության մթնոլորտ:

Ինչ վերաբերում է ձախողումներին, ապա ավելի ճիշտ կլիներ որակել եւ անվանել անհաջողություններ: Մեզ չհաջողվեց սահմանին խուսափել մարդկային զոհերից: Մեր առօրյա կյանքի բոլոր հաջողությունների կողքին նման դեպքերը ստեղծում են հոգեբանական ծանր իրավիճակներ:

– 2015 թվականը լի էր բազում քաղաքական զարգացումներով: Ի՞նչ եք կարծում՝ ո՞րը պիտի լինի 2016 թվականին Արցախի ամենագլխավոր քաղաքական խնդիրը:

-Երբ խոսում ենք Արցախի համար կարևոր քաղաքական խնդիրներից, դժվար է առանձնացնել արտաքին կամ ներքին ճակատի մի որևէ խնդիր եւ այն դիտել որպես գլխավոր, որովհետեւ բոլոր խնդիրներն այնքան են փոխկապակցված, որ սահմանազատելը ճիշտ չէր լինի: Ղարաբաղյան հիմնահարց, բանակցային գործընթաց, Արցախի միջազգային ճանաչում, երկրի ներքին կյանքի բարելավում, տնտեսական կայուն զարգացում. սրանք այն կարևոր բաղադրիչներից են, որոնք ուղղակիորեն փոխկապակցված են իրար: 2016թ. մեզ համար հոբելյանական տարի է.սեպտեմբերին տոնելու ենք մեր անկախության 25 ամյակը: Հոբելյանական այս տարում մենք ստիպված ենք լինելու հաղթահարելու լուրջ մարտահրավերներ: Քաղաքական գործընթացի սրնթաց զարգացումները նույնիսկ վերլուծաբաններին են շփոթի մեջ դրել: Արցախի համար կան մի քանի կարևոր հարցեր՝ ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական հանգուցալուծում, տնտեսական կայուն առաջընթացի ապահովում, ժողովրդագրական վիճակի բարելավում, պաշտպանական համակարգի ամրապնդում:

– Սահմանային իրավիճակը շարունակում է մնալ լարված, ավելին՝ <<հրադադարի ռեժիմի խախտումներ>> եզրույթը սկսվում է փոխարինվել հաճախակի գործածական դարձած <<պատերազմ>> եզրույթով: Ինչպե՞ս կգնահատեք 2015 թվականին ղարաբաղա-ադրբեջանական սահմանային իրավիճակը:

– 1994 թ. ստորագրված զինադադարի փաստաթղթով մենք խաղաղության հասնելու հիմքերն ենք դրել: Պատերազմն ինքնին շարունակվում էր իր տարբեր դրսեւորումներով՝ տեղեկատվական ու տնտեսական պատերազմով, հրադադարի ռեժիմի խախտումներով, սահմանային կրկնվող բախումներով, դիվերսիոն գործողություններով, վերջերս արդեն՝ ծանր հրետանու եւ նոր զինատեսակների օգտագործման փորձերով: Այս զարգացումները մեզ հուշում են ավելի լուրջ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության մասին: Կարծում եմ՝ իրավիճակի շտկման առումով շատ անելիքներ ունենք 2016-ին՝ օգտագործելով ոչ միայն մեր ներքին, այլեւ՝ արտաքին ռեսուրսները: Արտաքին ռեսուրսներ ասելով՝ նկատի ունեմ հատկապես միջազգային կառույցների դերակատարությունը:

2015-ին եւ նրան նախորդած տարիներին միջազգային կառույցների կողմից օգտագործվում էր երկակի ստանդարտներ, չկար իրական գնահատական: Այդ առումով անելիքները ոչ միայն միջազգային ուժերի կողմից իրավիճակին ճիշտ գնահատականեր տալուն հասնելն է, այլեւ՝ գործնական քայլերի իրականացմանը ձեռնամուխ լինելը:

– Ինչպիսի՞նն էր 2015 թվականի խորհրդարանական տարին, ի՞նչ ձեռքբերումներ ունեցավ Արցախի խորհրդարանը:

– Արդեն իսկ արհեստավարժ ու մշտական հիմունքներով գործող խորհրդարանի գործունեությամբ նոր փուլի սկիզբ դրվեց: Թեեւ ընդամենը 6-7 ամսվա գործունեություն է ամփոփված 6-րդ գումարման խորհրդարանի աշխատանքներում,այդուհանդերձ պետք է շեշտեմ, որ բավականին կարևոր էին խորհրդարանի այս տարվա աշխատանքները: Խորհրդարանի գործունեությունն ամփոփվեց մի շարք օրենսդրական ակտերի ընդունմամբ, խորհրդարանական դիվանագիտության ընդլայնմամբ, ինչպես նաեւ հասարակության հետ անմիջական կապի ապահովմամբ: Ընդգծելի է 2 կարևոր փաստ՝ խորհրդարանի կողմից հաստատված կառուցվածքային փոփոխությունների փաթեթի ընդունումը, որով սկիզբ դրվեց լավարկման գործընթացին եւ ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հաճախակի այցերն առաջնագիծ եւ սահմանային համայնքներ՝ իրավիճակին անմիջական ծանոթանալու եւ զինվորի կողքին գտնվելու նկատառումներով:

Խորհրդարանի գործունեւությունը հատկանշվեց նաեւ խորհրդարանական դիվանագիտության շրջանակների ընդլայնմամբ: Շատ կարևոր էր հատկապես ՀՅԴ կառույցի հրավերով ֆրանսիայի խորհրդարանի իշխող սոցիալիստական կուսակցության պատվիրակության այցելությունն Արցախ եւ նրանց անմիջական իրազեկումն Արցախի խնդրին ու առօրյային:

Կարևոր էր Բելգիայի եւ Հոլանդիայի խորհրդարանականների այցելությունները, ինչպես նաեւ <<ֆրանսիական օրեր Արցախում>> ծրագրի իրականացումը: Այս 6-7 ամիսների ժամանակահատվածը մեզ միաժամանակ հուշում է, որ բավականին լուրջ անելիքներ կան դեռ՝ թե՛ խորհրդարանի ներսում, թե՛ խորհրդարանից դուրս՝ արտաքին ճակատում:

– Արցախում այսօր արդեն խոսում են սահմանադրական բարեփոխումների անցկացման մասին: Ի՞նչ եք կարծում՝ 2016-ին որքանո՞վ է հնարավոր սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի անցկացումը եւ արդյո՞ք մեր քաղաքական ու հասարակական դաշտը պատրաստ է այդ փոփոխություններին:

– Կա մի պարզ ճշմարտություն. ցանկացած քաղաքական նոր գործընթացի համար քաղաքական ու հասարակական դաշտի պատրաստ կամ ոչ պատրաստ լինելը կախված է այդ դաշտի ինքնագիտակցության մակարդակից: Իսկ սահմանադրական բարեփոխումները քաղաքական մի նոր գործընթաց է:

Բայց կա մի ուրիշ հանգամանք եւս. սահմանադրական փոփոխությունները Հայաստանում այլեւս քննարկման նյութ չեն, այլ՝ փաստ: Տարբեր շրջանակների կողմից փորձ է արվում այս ամենից Արցախը հեռու պահել, բայց պետք է ճիշտ գնահատել իրականությունը եւ գիտակցել, որ Արցախը չի կարող հեռու մնալ ՀՀ պետական կառավարման համակարգի մեջ տեղի ունեցած այդ փոփոխություններից: Այդ բարեփոխումներն Արցախում անխուսափելի են, եւ կարծում եմ, որ քաղաքական ուժերը պետք է ուղղակիորեն ներգրավվեն այդ գործընթացում: Խորհրդարանական համակարգին անցնելն ինքին ենթադրում է նաեւ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցում. մի բան, ինչի արդյունավետությունը միշտ պնդում էր ՀՅ Դաշնակցությունը:

Սահմանադրական բարեփոխումների մեկնարկը կարելի է ասել, որ արդեն տրված է: Արդեն իսկ խորհրդարանում ներգրավված առաջատար 3 քաղաքական ուժերի ներկայացուցիչները բարձրաձայնել են Արցախում դրանց անխուսափելիության մասին: Բայց այստեղ կարևոր են թե ընդհանուր քննարկումները եւ թե մոտեցումները: Ինքնին ՀՀ-ում կատարված բարեփոխումները որպես հիմք ընդունելը ճիշտ է, բայց մյուս կողմից նաեւ պետք է հաշվի առնվեն Արցախի առանձնահատկություններն իր ամբողջական համատեքստով: Ինչեւէ, սրանք առաջիկայի հարցեր են, ինչու՞ չէ նաեւ քաղաքական խորհրդատվությունների ու քննարկումների նյութ:

Ինչ վերաբերում է հանրաքվեին, ապա պետք է նկատի առնել, որ 2017թ. Արցախում հերթական նախագահական ընտրություններն են.կլինե՞ն դրանք, թե՞ ոչ, կամ՝ ի՞նչ ձեւաչափով հարցերի պատասխանները, կարծում եմ, կստանանք 2016-ին:

– Անցնող տարին նշանավորվեց նաեւ ՀՅ Դաշնակցության 125 ամյա տարեդարձով: Որո՞նք են լինելու Դաշնակցության՝ 2016 թվականի գլխավոր անելիքները:

– Մեր ժողովրդի ու պետականության առջեւ ծառացած բոլոր հիմնախնդիրները Դաշնակցության համար կարող ենք համարել գլխավոր խնդիրներ: Չի կարող Դաշնակցությունն իր համար ճշտել գլխավոր այլ ուղղություններ՝ հաշվի չառնելով հայ ժողովրդի համար ներկա մարտահրավերները՝ լինի դա քաղաքական կամ տնտեսական, ներքին կամ արտաքին կյանքին առնչվող: Բայց կուզեի առանձնացնել գոնե մի քանիսը՝ Արցախյան հիմնախնդրի հանգուցալուծում, Հայաստանի Հանրապետության հզորացում, Ցեղասպանության միջազգային ճանաչում եւ հատուցում:

ՀՅԴ անելիքները շատ են: Կարծում եմ՝ Դաշնակցությունը միշտ էլ իր վրա կրել է մեծ պատասխանատվություն: Ակնկալում եմ, որ 2016-ին եւ հաջորդ տարիներին մեր ժողովուրդը կօգտագործի բոլոր առիթները Դաշնակցությանը նոր վստահության ու պատասխանատվության տակ դնելու՝ բնականաբար, ակնկալելով նրանից ավելի գործնական արդյունքներ:

Հերմինե ԱՎԱԳՅԱՆ

aparaj.am

Տպել Տպել