- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Ռուբլու արժեզրկումը Հայաստանի տնտեսության վրա մեղմելու համար պետք է անցում կատարել բորսայական համակարգի

FotorCreated«Միջազգային վերջին զարգացումները ցույց են տալիս, որ աշխարհի նոր ազդեցության վերաբաժանումներ են տեղի ունենում, և նավթի գների նկատմամբ փոփոխությունները ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական հիմնավորումներ ունեն,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով աշխարհում նավթի և բենզինի գնանկման պատճառներին: Իսկ թե ինչով է պայմանավորված այն, որ այդ գնանկումը չի անդրադառնում հայաստանյան գների վրա, Արծվիկ Մինասյանն առանձնացրեց մի քանի պատճառ:

«Առաջինը՝ շուկայում ոչ բավարար մրցակցային վիճակն է, երկրորդը՝ Հայաստանի հարկային օրենսդրությունը ֆիքսված գներ է սահմանում՝ հարկման տեսանկյունից: Պատական մարմինն ամենևին շահագրգռված չէ գների իջեցում արձանագրելու ուղղությամբ: Երրորդ կարևոր հանգամանքը՝ արագացված բորսայական ցուցանիշները ցույց են տալիս, որ նավթի և բենզինի գների անկումները և վերելքները խիստ անկանխատեսելի բնույթ են կրում, ուստի գործարարների առանձին հատվածը չի կարող նման ճկունությամբ իջեցնել կամ բարձրացնել գները»:

Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է անցում կատարի բորսայական համակարգի: Նրա համոզմամբ, եթե բորսայական համակարգով գնագոյացում տեղի ունենա Հայաստանում, և շուկան ավելի մրցակցային լինի, որոշակի գների կտրուկ անկման ականատես կլինենք:

Արծվիկ Մինասյանի դիտարկմամբ՝ տրանսֆերտների անկումը հիմնականում պայմանավորված է ռուսական շուկայում ստեղծված իրավիճակով, մասնավորապես միջազգային ճնշումների ներքո ռուսական տնտեսության անկմամբ:

Անդրադառնալով ռուբլու արժեզրկմանը՝ Արծվիկ Մինասյանը արտարժույթ ունեցող ՀՀ քաղաքացիներին խորհուրդ տվեց զամբյուղ ձևավորել՝ իրենց գումարը տարբեր արտարժույթների վերածելով՝ ռուբլու, դոլարի, ֆունտ ստեռլինգի, եվրոյի, որպեսզի հավասարակշռեն և տատանումներից վնասներ չկրեն:

Թե որքան կարժեզրկվի ռուբլին, Արծվիկ Մինասյանի խոսքով, անկանխատեսելի է. դա կախված է մի կողմից միջազգային խաղացողների քաղաքականության որոշումներից, մյուս կողմից՝ Ռուսաստանի տնտեսության ֆունդամենտալներից՝ թե որքան հանքահումքային պաշար և ինչպիսի սխեմա է նախատեսում Ռուսաստանը: