Եվրոպական սոցիալիստական պատվիրակությունը հանդիպեց ՀՅԴ ներկայացուցիչների հետ

Հոկտեմբերի 18-19-ը փաստահավաք առաքելությամբ Երեւանում էր Ժողովրդավարության եւ համերաշխության համար եվրոպական ֆորումի նախաձեռնած պատվիրակությունը, որի մեջ ընդգրկված են Եվրոպական ընկերվարական կուսակցության (PES) ներկայացուցիչներ եւ Եվրախորհրդարանում սոցիալիստների եւ դեմոկրատների առաջադիմական դաշինքի անդամ պատգամավորներ։ Պատվիրակության նպատակն է քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության հետ հանդիպումների միջոցով պատկերացում կազմել Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական ընտրություններից հետո եւ նախքան նախագահական ընտրությունները տիրող իրավիճակին։ Վերջին անգամ նման պատվիրակություն նույն նպատակով Երեւան էր ժամանել 2007 թ.-ի մայիսին, խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո։

Եվրոպական պատվիրակությունը գլխավորում էին Բուլղարական սոցիալիստական կուսակցության անդամ, Եվրախորհրդարանի պատգամավոր եւ Եվրանեսթի խորհրդարանական ժողովի համանախագահ Քրիստիան Վիգենինն (Kristian Vigenin) եւ Եվրոպական ֆորումի փոխնախագահ Յան Մարինուս Ուիերզման (Jan Marinus Wiersma): Պատվիրակության մաս էին կազմում Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցության անդամ, Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Մարիա Մունիզ դը Ուրքիզան (María Muñiz de Urquiza) եւ Հունգարական սոցիալիստական կուսակցության անդամ, Եվրախորհրդարանի Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնախմբի անդամ Էդիթ Հերցոգը (Edit Herczog) եւ Ալֆրեդ Մոզեր հիմնադրամի նախագահ Անդրե Գերիցը (André Gerrits):

Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից պատվիրակությանն ընդունեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, որին ընկերակցում էր ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

Եվրոպական պատվիրակությանը հետաքրքրում էր ՀՅԴ-ի գնահատականը Հայաստանում տիրող իրավիճակի, անցած խորհրդարանական եւ առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ։ Նրանց հետաքրքրում էր նաեւ ՀՅԴ-ի մոտեցումները Հայաստանի հարեւանների հետ հարաբերությունների, հատկապես` Հայաստան-Թուրքիա եւ Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ։

Քննարկվեցին նաեւ ՀՅԴ-Եվրոպական ընկերվարական կուսակցություն հարաբերություններին եւ համագործակցությանը վերաբերող հարցեր։

Առավոտյան Եվրոպական պատվիրակությունը հանդիպում էր ունեցել քաղաքացիական հասարակության չորս ներկայացուցիչների հետ, որոնց թվում էր Հրայր Մարուխյան հիմնադրամի տնօրեն Մարիա Թիթիզյանը։

ՀՅԴ Մամլո դիվան

Տպել Տպել