Ստրասբուրգ, հունվարի 26, 2015 .- Այսօր Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում (ԵԽԽՎ) թեժ քննարկում ծավալվեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ երկու բանաձևերի՝ Ռոբերտ Ուոլթերի (Մեծ Բրիտանիա) հեղինակած «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» և Միլիցա Մարկովիչի (Բոսնիա և Հերցեգովինա) «Ադրբեջանի սահմանային շրջանների բնակչությունը միտումնավոր զրկվում է ջրից» բանաձևերի շուրջ: Խորհրդարանական Վեհաժողովը մերժեց Ուոլթերի զեկույցը, սակայն Մարկովիչի հրապարակած զեկույցն ընդունվեց:
2015-ի նոյեմբերից ի վեր՝ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը Եվրախորհրդի 20 երկրներում հետևողական աշխատանք էր ծավալել՝ մեկնաբանելով զեկույցների էությունը և մատնանշելով դրանց միակողմանի բնույթը: Ինչպես նաև, Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը գտնվում էր Ստրասբուրգում՝ մոտիկից հետևելով քվերակության ընթացքին:
Զեկույցների երկու նախագծերում էլ ակնհայտորեն բացակայում էին մանրակրկիտ, անկողմնակալ ուսումասիրությունը, դրանցում ընտրողաբար բաց էր թողնված վճռորոշ փաստեր և դրանք ընդհանուր առմամբ վնասում են Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը: ԵԱԿՀ Մինսկի խումբը տարածել էր մի քանի հայտարարություններ, որոնցից ամենավերջինը, միացյալ մամլո հայտարարություն էր, որով համանախագահները կոչ էին անում ԵԽԽՎ-ին չբարդացնել բանակցային գործընթացը:
Ռոբերտ Ուոլթերի կողմից հեղինակած և չընդունված զեկույցը արտացոլում էր պաշտոնական Ադրբեջանի և Թուրքիայի ակնհայտ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում: Միլիցա Մարկովիչը, ով երբեք չէր այցելել ջրամբար, որպես պատրվակ օգտագործեց այս մարդասիրական հիմնախնդիրը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ խիստ կողմնակալ հայտարարություն անելու համար: Զեկույցի նախագծի և տեխնիկական զեկույցի (որը պետք է ընկած լիներ նախագծի հիմքում) միջև համեմատությունը ցույց է տալիս, որ տիկին Մարկովիչը միտումնավոր չափազանցրել է հավանական վտանգի հետևանքները: Ինչպես նաև նա զեկույցի նախագծում չի ընդգրկել տեխնիկական զեկույցում տեղ գտած կարևոր մի շարք փաստեր, քանի որ դրանք չէին համապատասխանում իր կողմնակալ միտումներին:
Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանն այս առնչությամբ ասել է. «Այսօր Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը մերժեց Ռոբերտ Ուոլթերի չափազանց սադրիչ զեկույցը: Այսպիսով, այսօրվա քվերկությունն ընդհանուր առմամբ կարելի է դրական համարել: Ադրբեջանի ներկայիս կառավարությանը և պրն. Ուոլթերին չհաջողվեց Եվրախորհուրդն օգտագործել որպես հակահայկական պատերազմական հռետորաբանության գործիք»:
Կարապետյանը ավելացրել է, որ «Ցավոք սրտի, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը ընդունեց մեկ այլ կողմնակալ զեկույց՝ Միլիցա Մարկովիչի ներկայացրած զեկույցը Սարսանգի ջրամբարի մասին: Ակնհայտ է, որ դեռ ամենասկզբից տիկին Մարկովիչը փորձում էր օգտագործել այս մարդասիրական հիմնախնդիրը՝ պատրաստելու համար մի զեկույց, որը կարտահայտեր Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի դիրքորոշումը»:
«Այժմ հայկական դիվանագիտության խնդիրն է իրազեկել Հայաստանի սահմանամերձ շրջանների քաղաքացիների բնապահպանական, մարդու իրավունքների և Ադրբեջանի կողմից ստեղծված այլ նմանատիպ խնդիրների մասին»,-եզրափակել է Եվրոպայի Հայ Դատի նախագահը:
Եւրոպայի խորհուրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) մերժեց Լեռնային Ղարաբաղի մասին Րոպերթ Ուոլթերի կողմնակալ եւ սադրիչ զեկոյցը
Սթրազպուրկ, 26 յունուար, 2015.- Այսօր, Եւրոպայի խորհուրդի խորհրդարանական վեհաժողովը թէժ քննարկում անցուց Լեռնային Ղարաբաղի հարցին շուրջ, նախքան երկու զեկոյցները քուէարկելը: «Լեռնային Ղարաբաղի եւ Ատրպէյճանի գրաւեալ այլ տարածքներուն մէջ բռնութեան աճը» զեկուցաբեր Րոպերթ Ուոլթերի (Միացեալ թագաւորութիւններ) կողմէ եւ «Ատրպէյճանի սահմանային շրջաններու բնակիչները ջուրէն դիտմամբ կը զրկուին» զեկուցաբեր Միլիցա Մարքովիչի (Պոսնիա եւ Հերցեկովինա) կողմէ: Խորհրդարանական վեհաժողովը մերժեց Ուոլթերի, իսկ վաւերացուց Մարքովիչի զեկոյցը:
Նոյեմբեր 2015-էն սկսեալ, Եւրոպայի հայ դատի յանձնախումբը Եւրոպայի խորհուրդի 20 երկիրներու մօտ տքնաջան աշխատանք տարաւ, բացատրելով զեկոյցներուն էութիւնը եւ բացայայտելով անոնց կողմնակալութիւնը: Եւրոպայի Հայ դատի գրասենեակը նաեւ Սթրազպուրկ էր, եւ մօտէն հետեւեցաւ քուէարկութեան ընթացքը:
Զոյգ զեկոյցներէն կը պակսէր խոր, անկողմնակալ ուսումնասիրութիւնը, դիտաւորեալ կերպով դուրս ձգուած էին հիմնական տուեալներ եւ ընդհանուրին մէջ՝ անոնք կը վնասեն Լեռնային Ղարաբաղի բանակցութեանց գործընթացը: ԵԱՀԿ Մինսկի խմբակը նախօրոք յայտարարութիւններ ըրաւ, վերջինը՝ միացեալ մամլոյ հաղորդագրութիւն մը, կոչ ուղղելով ԵԽԽՎ-ին չխափանելու բանակցութեանց գործընթացը:
Րոպերթ Ուոլթերի հեղինակած եւ մերժուած զեկոյցին մէջ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան պաշտօնական Ատրպէյճանի եւ Թուրքիոյ յայտնի դիրքորոշումները արձանագրուած են: Իսկ Միլիցա Մարքովիչը, որ երբեք չէր այցելած ջրամբար, որպէս պատրուակ օգտագործեց այս մարդասիրական հիմնախնդիրը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին շուրջ խիստ կողմնակալ զեկոյց մը պատրաստելու համար: Նախնական զեկոյցին եւ թեքնիք զեկոյցին միջեւ համեմատութիւնը կը փաստէ, որ տիկին Մարքովիչ դիտմամբ չափազանցած է հաւանական վտանգի մը հետեւանքները: Ինչպէս նաեւ, ան իր զեկոյցի նախագիծին մէջ չէ ներառած թեքնիք զեկոյցին մէջ տեղ գտած քանի մը կարեւոր փաստերը, քանի որ անոնք չէին համապատասխաներ իր կողմնակալ դիրքաւորման:
ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբի նախագահ Գասպար Կարապետեան ըսաւ. «այսօր Եւրոպայի խորհուրդի խորհրդարանական վեհաժողովը մերժեց Ուոլթերի չափազանց սադրիչ զեկոյցը: Այսպիսով, այսօրուան քուէրկութիւնն ընդհանուր առմամբ կարելի է դրական նկատել: Ատրպէյճանի կառավարութիւնը եւ պրն. Ուոլթեր չյաջողեցան ԵԽԽՎ-ն օգտագործել որպէս հակահայ ռազմատենչ հռետորաբանութեան գործիք»:
Կարապետեան աւելցուց, «դժբախտաբար, Եւրոպայի խորհուրդի խորհրդարանական վեհաժողովը վաւերացուց կողմնակալ այլ զեկոյց մը, Միլիցա Մարքովիչի հեղինակութեամբ՝ Սարսանգի ջրամբարի մասին: Ակնյայտ է, որ սկիզբէն, տիկին Մարքովիչ կը փորձէր օգտագործել այս մարդասիրական հիմնախնդիրը՝ պատրաստելու համար զեկոյց մը, որ արտայայտէ Լեռնային Ղարաբաղի հանդէպ Ատրպէյճանի դիրքորոշումը»:
«Այժմ, հայկական դիւանագիտութիւնը պէտք է իրազեկէ Հայաստանի սահմանամերձ շրջաններու քաղաքացիներու բնապահպանական, մարդկային իրաւունքներու եւ Ատրպէյճանի կողմէ ստեղծուած նման այլ խնդիրներու շուրջ», եզրափակեց Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբի նախագահը: