ՀՅԴ-ի հետ համաձայնությունը դեռ նախնական է

FotorCreatedՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն ունեն ընդհանուր համաձայնություն՝ կառավարման համակարգում միասնաբար աշխատելու հարցում։ «Վերջնական համաձայնության մասին կխոսենք շաբաթվա վերջին, ինչպես խոստացել էինք։ Համաձայնագիրը շատ հավանական է»,- րոպեներ առաջ հայտնեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Ինչո՞ւ է համաձայնության ձեւաչափի կոնկրետացումը հետաձգվում, Շարմազանովը նշել է, որ սա ուղղակի պաշտոնների բաժանում չէ, խոսքը գաղափարական ու ծրագրային համագործակցության մասին է, ուստի համատեղ աշխատում են դեռ։ Իսկ թե ովքե՞ր կլինեն նախարար, ի՞նչ պաշտոններ կզբաղեցնեն, պարզ կլինի մինչեւ շաբաթվա վերջ։

Հարցին, թե կրկի՞ն ՀՀԿ-ի նիստ կլինի մինչ այդ, Շարմազանովը պատասխանեց, որ ճիշտ է, կուսակցությունը կարեւոր է, սակայն կուսակցությունը չէ վերջնական որոշում կայացնողը։

Լրագրողների համառ հարցերին ի պատասխան Շարմազանովը նաեւ նշել է, որ պաշտոնների մասին մամուլում հրապարակված տեղեկատվության մի մասը համապատասխանում է իրականությանը, մասնավորապես, նաեւ մարզպետային պորտֆելների առումով, մի մասը՝ ոչ։

Իսկ լրատվամիջոցներն այսօր, մասնավորապես, գրել էին, որ նախարարական պաշտոնները կթողնեն կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Որպես այս գերատեսչությունների նոր ղեկավարներ՝ նշվում էին դաշնակցականներ Լեւոն Մկրտչյանի եւ Արծվիկ Մինասյանի անունները:

Ըստ մամուլի հրապարակումների՝ «Հանրապետականում» քաղաքական որոշում է կայացվել նաեւ Տարածքային կառավարման նախարարի եւ երկու մարզպետի պաշտոն ՀՅԴ-ին զիջելու մասին:

«Հանրապետականի» կենտրոնական գրասենյակում ժամը 18.00-ին մեկնարկել էր կուսակցության գործադիր մարմնի նիստը, որից հետո էլ սպասվում էր, որ կհայտարարվի ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունների արդյունքների մասին:

yerkirmedia.am

Տպել Տպել