[1] ԱԺ ՀՅԴ խմբակցությունը օրենսդրական նախաձեռնությամբ էր հանդես եկել` առաջարկելով փոփոխություններ կատարել կենսաթոշակների մասին օրենքում: Համաձայն այս օրենքի` եթե մարդը բացակայում է հանրապետությունից, վերադառնալուց հետո իրավունք ուներ ստանալ իր վերջին երեք տարվա կենսաթոշակն ամբողջությամբ: Սակայն կառավարությունն այս տարվա գարնանը փոխել է դրույթը եւ երեք տարին դարձրել է մեկ տարի, ինչը մեծ դժգոհություն է առաջացրել քաղաքացիների շրջանում:
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը պարզաբանեց, որ խոսքը մոտավորապես տարեկան 5500-6000 մարդու է վերաբերում: ՀՅԴ-ն փորձել է վերադարձնել նախկին դրույթը, որպեսզի մարդկանց վիճակը չվատթարանա: Ցավոք, կառավարությունը բացասական եզրակացության է արժանացրել հարցը` երկու հիմնավորմամբ` թե իբր մենք քաղաքականության սկզբունքներ ունենք եւ առաջնահերթություն ենք տալիս Հայաստանում ապրող քաղաքացիներին: Նման սկզբունք ես որեւէ տեղ չեմ տեսել, բայց եթե դա սկզբունք է եւ արձանագրված, ապա ինչո՞ւ եք այդ մեկ տարին էլ տալիս: Երկրորդ հիմնավորումն այն է, որ 2012թ. բյուջեում այդպիսի գումարներ նախատեսված չեն, 2013թ.-ի ծրագրում էլ նախատեսված չեն, սա եւս լուրջ հիմնավորում չէ, քանի որ օրենքը փոխվել է 2012թ.-ի մարտին, այսինքն` այդ գումարները 12թ.-ի բյուջեում եղել են, իսկ 13թ.-ի մասին մենք հիմա ենք խոսում:
Նա հայտնեց, որ կառավարության բացասական եզրակացությունից հետո ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովում հարցը քննարկվել է, իսկ քվեարկության ժամանակ արձանագրվել է երեք «դեմ», երեք «կողմ»: Հարցը թողնելու են ԱԺ օրակագում եւ հարմար առիթ դեպքում քննարկելու են ԱԺ լիագումար նիստում: