- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Վստահութեան քւէն արժեւորելու ժամանակը

FotorCreatedՉափաւորականութեան ոտնաձայնը խորհրդարանում. սա է տպագիր ու էլեկտրոնային գրեթէ բոլոր զանգւածային լրատւամիջոցների արձագանգը՝ փետրւարի 26-ին կայացած ընտրութիւնների արդիւնքներին:

Տւեալների ամփոփումը վկայում են այն մասին, որ 10-րդ գումարման խորհրդարանում ուժերի յարաբերակցութեան էական վերադասաւորման ականատեսն ենք լինելու: Նոր խորհրդարանը մեզ է ներկայանում նոր հանդերձանքով: Իր կազմով, քաղաքական հայեացքներով ու մօտեցումներով այն կտրուկ տարբերւելու է նախորդ գումարման երեք խորհրդարաններից:

Մօտաւոր պատկերն այսպիսին է. խորհրդարանական 290 մանդատների 29%-ը բաժին է հասել չափաւորական-բարեփոխական «Յոյս»-ի դաշինքին, 24%-ը՝ պահպանողականներին, 22%-ը՝ անկախ թեկնածուներին ու խորհրդարանի խօսնակ դոկտ. Ալի Լարիջանիին յարող թեւին: Ընտրատարածքների 18%-ի ճակատագիրը որոշւելու է 2-րդ փուլի ընտրութիւններով, իսկ 7%-ի ճակատագիրը դեռեւս անորոշ է:
Թւաբանական պարզ հաշւարկը ցոյց է տալիս, որ 10-րդ խորհրդարանում չափաւորական-բարեփոխականներն ու անկախները ունենալու են յարաբերական մեծամասնութիւն: Ակնյայտ է, որ նրանց միջեւ ձեւաւորւելու է ալիանս, ինչն ամբողջովին տեղաւորւում է խորհրդարանական անդրկուլիսեան դիւանագիտութեան տրամաբանութեան սահմաններում:

Թւում է, թէ 2-րդ փուլի ընտրութիւնների արդիւնքներն անգամ չեն կարող էական փոփոխութիւն մտցնել վերոնշեալ պատկերում, քանի որ, առաջին փուլում, այդ ընտրատեղամասերի զգալի մի հատւածում առաւելութիւնը չափաւորական-բարեփոխականների ու անկախների կողմն է:

Այս համատեքստում, անհրաժեշտ է սակայն, յատուկ ուշադրութեան արժանացնել Թեհրանում ստացւած ընտրական պատկերը: Ինչպէս ընդունւած է ասել՝ մայրաքաղաքը Իրանի ընտրութիւնների սիրտն է: Իւրայատուկ մի «ջերմաչափ», որը ցուցանում է ակտիւ հասարակութեան քաղաքական հակւածութիւնը, ակնկալիքներն ու ցանկութիւնները: Եւ սա ամենեւին էլ պատահական չէ: Թեհրանում է կենտրոնացած երկրի քաղաքական էլիտայի, մտաւորական սերուցքի մեծամասնութիւնը: Թեհրանն ունի ընտրողների ամենամեծ թւաքանակը, որոնց ընտրեալներին բաժին է հասնում խորհրդարանական մանդատների ամենամեծ թիւը (30): Իսկ ամենակարեւորը՝ Թեհրանի ընտրեալներն են, որ աւանդաբար ամենամեծ ազդեցութիւնն ունեն խորհրդարանական խմորումների, քաղաքական կողմնորոշումների ու իրադարձութիւնների ընթացքի վրայ: Այս պատկերը նոյնութեամբ տարածւում է Բանիմացների խորհրդի վրայ եւս՝ Թեհրանին դարձնելով համաիրանական նշանակութեան բոլոր ընտրութիւնների էպիկենտրոնը:

Հէնց այս պատճառով էլ այդքան կարեւորւում է մայրաքաղաքում, փետրւարի 26-ին կայացած զոյգ ընտրութիւններում չափաւորական-բարեփոխականների տպաւորիչ յաղթանակը, որն ինչ խօսք, պահպանողականների համար պէտք է, որ խլացնող ահազանգի էֆեկտ ունենայ:

Իհարկէ նոյնը տարածական է նաեւ կայացած ընտրութիւնների ողջ պատկերի վրայ, մանաւանդ, եթէ, հաշւի առնենք մեկնարկային այն անհաւասար պայմանները, որոնք առկայ էին մրցակից երկու հոսանքների համար:
Ընտրութիւնների արդիւնքներին անդրադարձած, «Իրան» օրաթերթի այսօրւայ համարի գլխաւոր լուրում դիպուկ է ասւած. «Ակնյայտ էր, որ չափաւորական-բարեփոխականների շարքայինները մրցում էին պահպանողականների գեներալների հետ»: Եւ սա հէնց այն է, ինչ աւելի տպաւորիչ է դարձնում մէկի յաղթանակն ու միւսի պարտութիւնը:

Այդուհանդերձ, չպէտք է մոռանալ նաեւ, որ չափաւորական-բարեփոխականների ալիանսի այս յաջողութիւնն ունի համաչափ ու հաւասարազօր պարտաւորութեան հանգամանք եւս:

Փետրւարի 26-ին, ժողովուրդը կատարեց իր պարտքը. հերթն այժմ օրէնսդիր ու գործադիր իշխանութիւններինն է՝ փոխարինելու եւ արժեւորելու ժողորդի վստահութեան քւէն:

Կան կուտակւած լրջագոյն մարտահրաւէրներ (յատկապէս սոցիալ-տնտեսական ոլորտներում), որոնց յաղթահարումը պահանջում է ժողովրդի վստահութեան պարտատոմսը կապիտալի վերածելու խելամիտ գործընթաց: Գործընթաց, որը ենթադրում է քաղաքական անհիմն ու անտեղեակ աժիոտաժներից հեռու, մտածւած, ծրագրաւորւած, սառնասիրտ ու հաւասարակշռւած ռազմավարութիւն, եւ բնականաբար դրան համաչափ մարտավարութիւն:

Կարճ ասած՝ չափաւորականութեան յաջողութեան գրաւականը նոյն ինքը չափաւորական տրամաբանութիւնն ու մտածողութիւնն է: Այլապէս ամէն ինչ կընթանայ «Դարձ ի շրջանս իւրոյ» անպտուղ տրամաբանութեամբ՝ ճիշտ այնպէս, ինչպէս դա տեղի ունեցաւ 6-րդ գումարման խորհրդարանում:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

alikonline.ir/hy/