Գերազանցության ծրագիրը պետք է դառնա կրթության զարգացման շոգեքարշը:
Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, «Այբ» կրթական հիմնադրամի ղեկավար անձնակազմի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:
ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում «Այբ»-ի ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են «Արարատյան բակալավրիատի» եւ Կրթության գերազանցության ազգային ծրագրերը: Տեր Մեսրոպ քահանա Արամյանը նշել է, որ Արարատյան բակալավրիատը ստեղծվել է որպես միջազգային բակալավրիատի ազգային ծրագիր, որն այս պահին դիտվում է պետական կրթական չափորոշչին համապատասխանող փորձնական-այլընտրանքային կրթական ծրագիր՝ գերազանցության համաշխարհային կրթական պլատֆորմների հենքով /համարժեք a-level մակարդակին/: «Այբ» կրթական հիմնադրամի մշակած Արարատյան բակալավրիատը հայալեզու ծրագիր է, որն ունի ազգային կարեւոր առանձնահատկություն: Նախարարին զեկուցվել է, որ Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանի հետ արդեն ձեռք է բերվել համաձայնություն` Արարատյան բակալավրիատի արդյունքների ճանաչման վերաբերյալ:
Կարեւորելով ծրագրի գաղափարը՝ ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն ընդգծել է գերազանցության ծրագրի դերակատարումը կրթության համակարգի զարգացման գործում. «Շատ կարեւոր է, որպեսզի մենք Գերազանցության ազգային ծրագրի հիմքում դնենք հետեւյալ գաղափարական սկզբունքը` գերազանցության ծրագիրը պետք է դառնա կրթության համակարգի զարգացման շոգեքարշը: Այն անպայման պետք է կարողանա իր հետեւից տանել ողջ համակարգը, որպեսզի ծառայի իր հիմնական նպատակին: Գերազանցության ծրագրի սահուն ինտեգրումն ընդհանուր հանրակրթության համակարգ պետք է նպաստի ընդհանուր հանրակրթության մակարդակի բարձրացմանը, որը պակաս կարեւոր չէ, քան գերազանցության գաղափարը: Ծրագրի շուրջ պետք է ապահովենք մասնագիտական փոխհամաձայնություն, որպեսզի այն դառնա լուրջ հնարավորություն կրթության զարգացման համար»,- շեշտել է նախարար Լեւոն Մկրտչյանը:
Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ գերազանցության կենտրոն-դպրոցների ընտրության, ֆինանսավորման, քննությունների արդյունքների ճանաչման եւ համադրելիության խնդիրներին:
Քննարկման արդյունքում նախարար Լեւոն Մկրտչյանը հանձնարարել է ձեւավորել համատեղ աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի իրավական դաշտի համապատասխանության պահանջները, ինչպես նաեւ կմշակի Գերազանցության ազգային ծրագրի իրագործման փորձնական դպրոցների ընտրության չափանիշները:
news.am