- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Քենթուքի նահանգի Սենատը մերժել է հակահայկական բանաձեւը

defaultԱՄՆ Քենթուքի նահանգի Սենատը մարտի 7-ին մերժել է օրենսդիրների քննարկմանը ներկայացված ադրբեջանական լոբբիի նախաձեռնած հակահայկական բանաձեւը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Արեւելյան թեւը։

Համար 168 բանաձեւը, որն աղավաղում էր ղարաբաղյան հակամարտության էությունը եւ թյուր կարծիք ստեղծում դրա մասին, Սենատում տապալվել է։ Քենթուքին այդպիսով միացել է Այդահոյի, Նյու Հեմփշիրի եւ մյուս նահանգներին, որոնք նախկինում արդեն մերժել են նման ադրբեջանամետ բանաձեւերը։

«Քենթուքիում մեր փորձը կրկին անգամ ապացուցեց, որ ժողովրդավարական գործընթացները գործում են, եւ մեր նահանգային օրենսդիրները չեն հանդուրժի օտարերկրյա միջամտության եւ սխալ պատկերացումներ ձեւավորելու փորձը, որը պաշտպանում է այնպիսի բռնապետի շահերը, ինչպիսին Իլհամ Ալիեւն է, ով ճնշում է սեփական ժողովրդին եւ ագրեսիվ գործողություններ ծավալում Հայաստանի եւ Արցախի դեմ՝ վտանգի տակ դնելով տարածաշրջանում անկայուն խաղաղությունը»,- ասել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Արեւելյան թեւի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արթուր Մարտիրոսյանը՝ նշելով, որ Հայ դատի հանձնախումբը շարունակելու է ջանասիրաբար աշխատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազատ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար։

Նշենք, որ բանաձեւը, որի հեղինակը սենատոր Դեյմոն Թայերն է, Քենթուքիի Սենատ էր ներկայացվել 2016թ. մարտի 1-ին։ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Արեւելյան թեւը անմիջապես մոբիլիզացրել է ուժերը եւ վճռականորեն դեմ դուրս եկել խաբուսիկ եւ վտանգավոր վբանաձեւի դեմ՝ Սենատի նախագահին կոչ անելով մերժել այն։ Մարտի 7-ին Քենթուքիի Սենատը պաշտոնապես մերժել է բանաձեւը։

news.am