«Գանձասար» թերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանն «Ազատության» հետ զրույցում ասում է, որ հայկական համայնքում կիսում են պաշտոնական տեսակետն այն մասին, թե ռուսական կողմն օգնեց բանակցություններում հաջողության հասնելու հարցում և հարկ եղած դեպքում էլի կօգնի։
«Որպես հայ համայնք՝ մենք միշտ ջատագով եղած ենք սիրիական խնդրի խաղաղ հանգուցալուծմանը։ Մեր համայնքը դրականորեն պիտի արտահայտվի սիրիական բանակցությունների առնչությամբ և միշտ ջատագով եղած ենք տագնապի լուծմանը։ Եվ կուզենք հաջողություն մաղթել, որ վերջապես խաղաղություն հաստատվի»,- ասաց Պողիկյանը։
Պատերազմի 5 տարիների համեմատ իրավիճակը Հալեպում հիմա խաղաղ է՝ ջրի և էլեկտրականության մատակարարումը վերականգնվել է տևական ընդմիջումից հետո, քաղաքն արտաքին աշխարհի հետ կապող, ամիսներ շարունակ ահաբեկիչների կողմից գրավված Խանասերի ճանապարհը արդեն բաց է։ Անցած տարիներին գրեթե դատարկված, կիսաքանդ բնականարաններով, եկեղեցիներով ու մշակութային օջախներով համայնքում, ըստ «Գանձասար»-ի խմբագրի, կարևորում են ոչ թե Բաշար Ասադի իշխանության երկարաձգումը, այլ Սիրիայի խաղաղությունն ու ժողովրդի ընտրությունը։ Եթե նույնիսկ իշխանության գան Ասադի ռեժիմի ընդդիմախոսները, հայկական համայնքի համար վատ չի լինի, ասում է Զարմիկ Պողիկյանը։
«Հայկական համայնքի համար Սիրիո ժողովրդի որոշումն է կարևորը, ինչ որոշի, ատ պիտի ըլլա, մենք որպես համայնք այդպիսի դիրքորոշումներ չունենք՝ Ասադի մնալու կամ Ասադի դեմ, որովհետև իրականության մեջ այդ հարցը հրահրողները առաջին օրեն այդ ուղղությամբ տարան և, ժողովրդավարության անունով խոսելով, Սիրիո մեջ ահաբեկչակական խմբավորումներ հրահրեցին»,- ասաց «Գանձասար»-ի խմբագիրը:
Բերիո թեմի բանբեր Ժիրայր Ռեիսյանն էլ հավելում է՝ ով հարգի համայնքին, փոխադարձ հարգանքի կարժանանա:
«Հայերը կողմի հարց չունին, ունին օրինավոր, երկրի պաշտոնապես ճանաչված կառավարության կողքին ըլլալու մոտեցում։ Երկիրը պաշտոնապես ինչ կառավարություն որ ունի, հայերը նորմալ, որպես քաղաքացի, ընթացք ունին այդ կառավարության հետ ընթանալու»,- նշեց Ռեիսյանը:
azatutyun.am