Եվրոպայի ՀՅԴ Հայ Դատի նախաձեռնությամբ Արցախում գտնվող Բելգիայի Սենատի առաջին փոխնախագահ Կարլ Ֆոնլաուվեն, Ֆլամանդական խորհրդարանի անդամներ Կարիմ ֆոն Օվերմեյերը, Վարդ Քեննեսը, Մարկ Հենդրիքսը, պրոֆեսոր Փոլ Միրթսը այսօր հանդիպում ունեցան Արցախի զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
«Պարկ հոթել Արցախ հյուրանոցում հրավիրված մամլո ասուլիսին ներկա էին ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը, ՀՀ Աժ պատգամավոր Թեւան Պողոսյանը եւ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի անդամ Հեղինե Էվինյանը:
Մամլո ասուլիսի բացման խոսքում Բելգիայի Սենատի առաջին փոխնախագահ Կարլ Ֆոնլաուվենը նշել է, որ Արցախ այցելության նպատակը ճանաչողական է:
«Մենք, որպես քաղաքական գործիչներ, որեւէ քայլ անելուց եւ որոշում կայացնելուց առաջ պետք է լավ տիրապետենք իրավիճակին եւ պատկերացում կազմենք իրողության վերաբերյալ,- նշել է Կ.Ֆոնլաուվենը,- մենք գիտենք, որ ԼՂ-ը գտնվում է անարդարացի մեկուսացման մեջ եւ մեր պարտականությունն ենք համարում հստակ քայլելով, առանց միջամտելու որեւէ քաղաքական գործընթացների, որոնք մասնավորապես Մինսկի խմբի շրջանակներում են ընթանում, աջակցել ժողովրդի առօրյա կյանքին, նպաստել այնպիսի բնագավառների զարգացմանը, որոնք են՝ կրթությունը, մշակույթը, մարդասիրական ոլորտը, առողջապահությունը եւ այլն»:
Բելգիայի կողմից ԼՂՀ անկախության հնարավոր ճանաչման մասին հարցին ի պատասխան՝ Ֆլամանդական խորհրդարանի անդամ Վարդ Քեննեսը նշել է.
«Քանի որ մենք խոսում ենք պաշտոնական նախաձեռնությունների մասին, այդ պատճառով, կարծում եմ, որ ավելի կարեւոր է կոնկրետ եւ հստակ քայլեր ձեռնարկել՝ փոխհարաբերություններ հաստատելու առումով, քան թե Ֆլամանդական պառլամենտում քննարկել ԼՂՀ ճանաչելու հարցը: Կոնկրետ գործողություններով մենք կարող ենք ավելի օգտակար լինել Լեռնային Ղարաբաղին»,- ասել է նա:
Անդրադառնալով Արցախի փախստանակների խնդրին՝ Ֆլամանդական խորհրդարանի անդամ Կարիմ ֆոն Օվերմեյերը նշել է, որ փախստականների խնդիրն այն խնդիրներից մեկն է, որի մասին նրանք տեղեկացան տեղում:
«Մենք չգիտեինք այդ խնդրի մասին, թե ինչպիսի կարգավիճակ ունեն փախստականներն Ադրբեջանում եւ ԼՂ-ում: Այս խնդիրը, հիրավի, հանդիսանում է այն կետերից մեկը, որի շուրջ մենք ծրագրում ենք մտքեր կիսել եւ քննարկումներ ունենալ՝ վերադառնալով հայրենիք: Այդ խնդիրը կլինի այն կետերի ցանկում, որոնց մենք կանդրադառնանք»:
aparaj.am