Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պատասխանեց լրագրողներին հետաքրքրող հարցերին:
Ընտրացուցակների հրապարակման վերաբերյալ հարցին ի պատասխան, Ռուստամյանն ասաց, որ խնդիրը դեռևս շրջանցված չէ: «Ցուցակների հետ կապված խնդիրն ամբողջությամբ լուծված չէ, դեռևս հստակություն չկա, և մենք չենք շրջանցել այդ արգելքը: Որևէ հակասություն չկա, բայց խնդիրը դեռ հստակ չէ: Եթե սարքը թույլ չի տալիս բազմակի քվեարուկություն, այստեղ ընդդիմանալը տեղին չէ, այսինքն` պետք է այդ ցուցակները չհրապարակվեն: Ընտրատեղամասերում կուսակցություններն ունեն իրենց վստահված անձինք, բոլորը կարող են ընտրատեղամասում պարտադրել ընտրացուցակները, երկու-երեք հոգով հաստատեն, որ դա ճիշտ է: Կարծում եմ, որ եթե այդ ամբողջ պրոցեսը տեղի է ունենում, ցուցակների հրապարակումը դառնում է ձևական»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե ընդդիմությունն, ասես, միասնական պլատֆորմ է տեսնում քաղաքացիական հասարակության հետ և հնարավոր է նաև փողոց դուրս գալու տարբերակ քննարկվի, ՀՅԴ-ականը պատասխանեց, որ որևէ խնդիր չի տեսնում, թող հասարակություն էլ մասնակցի, և քննարկումը տեղի ունենա կառուցողական դաշտում:
«Կառուցողական դաշտում պետք է դա պարզապես լինի, ուլտիմատում դնելով չէ, կա’մ ամեն ինչ, կա’մ ոչինչ տարբերակով չէ: Ընդդիմությունը պետք է հասկանա, որ այս գործելաոճը արդյունք չի տալիս: Եթե, ասենք, նրանք տասը կարևոր հարց ունեն, և դրանցից ութը համաձայնեցվի, թող համարեն մեծ հաջողություն, ոչ թե մտածեն, որ տասից տասին էլ համաձայնություն չի տրվել, և դա վատ է»,- ասաց Ռուստամյանը և հավելեց, որ այդպիսի մոտեցման արդյունքում իշխանությունը կարող է ասել` եթե այդպես է` որևէ առաջարկ էլ չենք ընդունում:
«Եթե քաղաքական համաձայնությամբ կարող ենք հասնել ավելի լավ արդյունքի, ուրեմն արժե անել, որովհետև մենք բոլորս էլ պետք է գնանք ընտրությունների: Եթե մի քանի մեխանիզմ էլ ավելացնենք, մենք բոլորս էլ օգտվելու ենք: Պետք է մարդիկ հասկանան, թե ռեալ պոլիտիկ ասածն ինչ է: Դրա հնարավորությունը կա, բոլորի տեսակետներն արտահայտվում են: Ես չեմ տեսնում, որ որևէ մեկը տեսակետ չարտահայտի»,- ընդգծեց նա:
Ըստ Ռուստամյանի` թեև իրենք իշխանության հետ համագործակցում են, բայց ազատորեն արտահայտում են իրենց տեսակետը: «Բոլորը գիտեն, որ Դաշնակցությունն ունի հստակ դիրքորոշումներ` այս հարցերի հետ կապված, բայց մենք կարող ենք հարցեր քննարկել և գնալ կոմպրոմիսի»,- նշեց նա:
Հարցին` եթե 2017 թվականի ընտրությունները կեղծվեն, հնարավո՞ ր է գրանցվի հերթական քաղաքական ապահարզանը, Ռուստամյանը պատասխանեց. «Ամեն ինչ էլ հնարավոր է: Խնդիրն այն չէ, թե տվյալ պահին ինչպիսին կլինի քաղաքական կոնյունկտուրան, կարևորն այն է, որ Դաշնակցության տեսակետները չեն փոխվել և չեն փոխվի: Մենք ամեն առիթ օգտագործում ենք, որ մեր գաղափարներն իրականություն դարձնենք: Դաշնակցությունն ամեն ինչ անելու է, որ, ունենալով լավ կառավարման համակարգ, լավ ընտրական համակարգ, էական թռիչքաձև զարգացման գնանք: Դրա համար Դաշնակցությունն ամեն քայլի գնալու է` չշեղվելով իր հիմնական սկզբունքներից: Մենք հենց կեղծիքների դեմ էլ պայքարում ենք»:
Ի պատասխան լրագրողի` նոր Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ հարցադրմանը, Արմեն Ռուստամյանն ասաց, որ ծուղակներ չի տեսնում, և առնվազն չորս դրույթ կա, որոնք ակնհայտ են դարձնում, որ ընտրական համակարգը բարելավվելու է:
«Ես կարծում եմ, որ առնվազն չորս հանգամանք կա, որ ցույց է տալիս` նորություններ են լինելու: Առաջինն այն է, որ գնացել ենք մեծամասնական ընտրակարգի վերացմանը, որը շատ կարևոր է, և այն բոլոր խոսակցությունները, իբրև թե սա թաքնված մեծամասնական է, ճիշտ չեն»,- ասաց պատգամավորը:
Ըստ նրա` երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ հնարավոր է եղել ավելի ժողովրդավարական դարձնել այն հասկացությունը, որը վերաբերում է կայուն մեծամասնության խնդրին: «Կայուն մեծամասնությունը տարբեր ընկալումներ ուներ, տարբեր տեսակ էր մեկնաբանվում, հիմա այն, ինչ տրվում է` որպես այդ հասկացության սահմանում, ընդունելի է, որովհետև երկու հիմնական հատկանիշ է այդտեղ կիրառվում: Մենք ասում ենք`ինչ էլ լինի, ընդդիմությունը պետք է երաշխավորված մեկ երրորդի տեղ ունենա ԱԺ-ում: Սա շատ կարևոր է: Չորրորդն էլ այն է, որ մենք, ընտրակեղծիքների, ընտրախախտումների հետ կապված բոլոր հայտարարությունները նկատի ունենալով, աշխատում ենք հենց դրա վրա: Դրա հետ կապված ամենակարևոր բանը բազմակի քվեարկությունների դեմն առնելն է»,- նշեց ՀՅԴ-ականը` հավելելով, որ սա քննարկման գլխավոր հարցերից մեկը պետք է դառնա:
«Մենք շարունակում ենք պնդել, որ դա անհրաժեշտություն է, թեև այսօրվա տեխնիկան հնարավորություն է տալիս հենց սկզբնական փուլում` ընտրողի գրանցման փուլում, բազմակի քվեարկությունների դեմն առնել, անել այնպես, որ անձը նույնականացվի իր փաստաթղթի հետ: Մենք, դա էլ նկատի ունենալով, ասում ենք, որ քվեարկությունը պետք է մեկ միասնական փաստաթղթով տեղի ունենա: Մենք հիմա ունենք երեքից չորս տեսակի փաստաթղթով քվեարկելու հնարավորություն, պետք է գնալ մեկ փաստաթղթով քվեարկության»,- եզրափակեց Ռուստամյանը: