ՀՅԴ Երիտասարդականի մասնակցութիւնը տարածաշրջանային ֆորումում

Մամլոյ հաղորդագրութիւն

FotorCreated2016թ․ մարտի 30-31-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, Նիդերլանդների Բազմակուսակցական ժողովրդավարության ինստիտուտի կազմակերպմամբ գումարվեց Հարավային կովկասի պետությունների և Ուկրաինիայի խորհրդարանական կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունների չորրորդ ֆորումը, որին ՀՅԴ Երիտասարդականը մասնակցեց երկու հոգով՝ Հայկուհի Նալբանդյան (ՀԵՄ) եւ Գեւորգ Ղուկասյան (ՆԱՈւՄ)։

Ժողովի բացմանը ներկա էին Հոլանդիայի պաշտպանության նախկին նախարար էյվեն վան Միդելկոպը և Միացյալ թագավորության արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համոնդը։ Ժողովի բացման խոսքում Վրաստանի խորհրդարանի նախագահը ողջունեց պատվիրակներին և հյուրերին՝ ընդգծելով, որ Հարավային Կովկասի ժողովրդավարացման գործընթացները երբեք չեն կարող բավարար լինել և, որ այն ժամանակի հրամայական դարձած շարունակական գործընթաց է։

Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարը կարևորեց Հարավային Կովկասի կայունությունը և դրա ազդեցությունը աշխարհաքաղաքական գործընթացների վրա և հույս հայտնեց, որ ֆորումը կամրապնդի երիտասարդ քաղաքական գործիչների գիտելիքներն ու հաստատակամությունը։

Ժողովի բուն ընթացքը մեկնարկեց աշխատախմբերի առանձնացմամբ, որոնք քննարկեցին սահմանադրական փոփոխություններին, ընտրական համակարգերին, նախընտրական քարոզարշավներին, լրատվամիջոցների ազատություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին և կանանց հիմնախնդիրներին առնչվող հարցեր։ Մասնակից երկրների պատվիրակությունները հանդես եկան վերը նշված թեմաներով և ներկայացրին առկա իրավիճակն իրենց երկրներում։

Իր ելույթում ՀՅԴ Երիտասարդականի պատվիրակության անդամ Հայկուհի Նալբանդյանը խոսեց Հայաստանում նախընտրական քարոզարշավների մասին, ներկայացրեց քարոզարշավի կարգավորումը և համապատասխան օրենքները, ինչպես նաև նոր սահմանադրությունից բխող Ընտրական օրենսգրքի նախագիծը և նախընտրական քարոզարշավների կարգավորումը։ Հարց ու պատասխանի ընթացքում ավելի հանգամանլից քննարկվեց ՀՅԴ -ի կողմից կիրառվող քարոզչական դասական մեթոդները և դրանց ազդեցությունները ընտրությունների վերջնական արդյունքների վրա։

Հարավային Կովկասի երկրներում սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ իր ելույթներում ՀՅԴ Երիտասարդականի պատվիրակության անդամ Գևորգ Ղուկասյանը, ընդգծելով նորանկախ երկրների սահմանադրական կարգավորումների առանձնահատկությունները, նկատեց, որ ՀՀ քաղաքական դաշտի առանցքային դերակատարները դրսևորելով քաղաքական կամք կյանքի են կոչել սահմանադրական բարեփոխումներ, որը նպաստում է իշխանության թևերի լիազորությունների հստակ տարաբաժանմանը, քաղաքական ընդդիմությանը քաղաքական ազդու գործոն դարձնելուն, իսկ կառավարման խորհրդարանական ժամանակակից մոդելը որակական նոր մակարդակի է բարձրացնում հայկական խորհրդարանական մշակույթը և ՀՀ կառավարման մակարդակը։

Ֆորումի շրջանակներում ՀՅԴ անդամները հանդիպում են ունեցել նաև գործընկեր Նիդեռլանդաների ընկերվարական կուսակցության ներկայացուցիչների հետ, ովքեր ֆորումի համակարգողներից էին։

ՀՅԴ երիտասարդականը կարևորում է միջազգային, և հատկապես, տարածաշրջանային ծրագրերը, որոնք միտված են տարբեր ձևաչափերում համագործակցության եզրերի ստեղծմանը։

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակ

Տպել Տպել