- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Տարածաշրջանի խաղաղութեամբ գերզգայուն Իրանը

FotorCreatedՀայ-ադրբեջանական զինական բախումների վերսկսման լուսարձակում

Իրանը պաշտօնական յայտարարութեամբ արտգործնախարարութեան խօսնակի միջոցով, երէկ իր խոր մտահոգութիւնն արտայայտեց ադրբեջանա-հայկական շփման գծում զինւորական ու զինական հակամարտութեան բռնկման առթիւ:

ԱԳՆ-ի խօսնակ Ջաբեր Անսարին յայտարարութեան ընթացքում ընդգծել է հետեւեալը. Մինչ տարածաշրջանը ականատեսն է ծայրայեղական խմբերի պատճառած արհաւիրքներին եւ որ շրջանի համար խիստ անհրաժեշտ է խաղաղութիւնն ու կայունութիւնը, Ղարաբաղի շրջանում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բախումների սաստկացման մասին լուրերը խիստ մտահոգութեան տեղիք են տալիս Իրանի Իսլ. Հանրապետութեանը>: Յայտարարութեան մէջ խօսնակը նաեւ զսպւածութեան կոչ է արել հակամարտող կողմերին, որպէսզի խուսափեն իրավիճակի վատթարացմանը տանող քայլերից եւ ջանքեր ի գործ դնեն խաղաղութեան վերականգնման ուղղութեամբ, միջազգային միջամուխ կազմակերպութիւնների շրջանակներում…:

Իրանի Հանրային ռադիօն եւս վերոգրեալ լրատւութեան աւարտին, առանձնաբար իրազեկեց, որ. :

Իրանի Իսլ. Հանրապետութեան կառավարութեան պաշտօնաթերթ <Իրան>-ը եւս իր այսօրւայ, ապրիլի 3-ի թիւ 1 վերնագիրը յատկացրել է նոյն խնդրին, մեծադիր նկարով…:

Այսպիսով Իրանի գերզգայնութիւնը ընդհանրապէս տարածաշրջանի, եւ տւեալ դէպքում իր հիւսիսային շրջանի երկու հարեւան երկրների տարածքներում անվտանգութեան պահպանման հարցում ակնբախ է դառնում: Մի հարց, որը մշտապէս բարձրաձայնւել է Իրանի կողմից, իր հաւասարակշիռ քաղաքականութեան շնորհիւ, որ բազմիցս ցուցաբերել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կապակցութեամբ:

Իրանը, սակայն, խիստ զգայուն է իր յարակից սահմաններում տարածաշրջանային ու միջազգային խաղացողների անհարկի միջամտութիւնների հարցում: Իրանի Հանրային ռադիոյի կողմից Թուրքիայի կողմնակալութեան մասին տեղեկատւութիւնը անուղղակիօրէն ընդգրկում է միեւնոյն պատգամը ուղղւած նոյն Թուրքիային, որպէսզի վերջինս խուսափի շրջանում արտաքին ուժերի սադրիչ ներգրաւման համար ենթահող պատրաստելուց: Չէ որ այդ առումով հէնց Թուրքիան <հարուստ փորձ է կուտակել սիրիական ճգնաժամում, տարածաշրջանը տեռորիստական-ծայրայեղական խմբերի ու բանակների ասպարէզը դարձնելով:

Իրանը նաեւ քաջատեղեակ է Թուրքիայի հակառուսական վերջին ժամանակաշրջանի դաւադիր տրամադրութիւնների ծալքերին, որոնք եւ կարող են նոր կերպաւորմամբ դրսեւորւել ասենք, Ղարաբաղեան թնջուկում: Այնպէս որ Ադրբեջանի կողմից նորագոյն ոտնձգութեան հիմքում թուրք-ադրբեջանական համատեղ սադրանքի մասին կարծիքները աւելիով են իրատեսական դառնում:

Իսկ Իրանի Իսլ. Հանրապետութիւնն ելնելով իր իսկ անմիջական սահմանների անվտանգութեան ու կայուն խաղաղութեան սկզբունքներից բոլոր պատճառներն ու հիմքերն ունի նաեւ գործնական աշխոյժ քայլերի դիմելու խաղաղութեան ամրակայման միեւնոյն նպատակով:
ՙ
«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

alikonline.ir

03/04/2016

«ԴԱԷՇ»-Ի ՈՒՐՒԱԿԱՆԸ ԻՐԱՆԻ ՀԻՒՍԻՍՈՒՄ…

c9e0b082960212929ee72395740f6c35_L
Ըստ հաղորդւած պաշտօնական լուրերի, այսօր իրանական մերձկասպեան Ռամսար քաղաքում կայանալու է Իրան-Ադրբեջան-Թուրքիա արտգործնախարարների մակարդակով հերթական 4-րդ նիստը: Յիշեցնենք, որ այդ ձեւաչափով առաջին եռակողմ նիստը կայացել է 2011-ին Իրանի Ուրմիայում, 2-րդը Նախիջեւանում, իսկ 3-րդը Վանայ լճի մերձակայքում…:

Բացի ձեւաչափային-պրոտոկոլային օրակարգերից, եռակողմ նիստերի շեշտադրւած թեմաներից է հանդիսացել «Տարածաշրջանի կայունութիւնն ու անվտանգութիւնը»:

Թէ այդ շեշտադրւած օրակարգի վերաբերեալ թուրքական կողմը (ինչու ոչ նաեւ Բաքուն) յատկապէս հէնց 2011 թւականից ի վեր ինչպիսի կեցւածք եւ ուղղութիւն են որդեգրել պարզ է ու յստակ աշխարհին եւ տւեալ դէպքում նոյնինքն Իրանին: Ուստիեւ հէնց Իրանին է վերապահւած, որ Ռամսարեան հերթական, բայց պահի առումով գերկարեւոր հանդիպմանը ի գործ դնի իր դիւանագիտական ողջ ներուժը կանխելու համար ըստ էութեան «ԴԱԷՇ»-իզմին փաստացի ենթահող տրամադրող ու ապաւէն հանդիսացած թուրք-ադրբեջանական մոգոնած սադրանքները: Սադրանքներ, որոնք նոյն ԴԱԷՇ-ի ուրւականը Մերձաւոր Արեւելքից (Սիրիա-Իրաք) դէպի Կովկասեան տարածաշրջան փոխադրելու դաւադիր գործարքի համահեղինակ են հանդիսանում Թուրքիան ու Բաքւի իր խամաճիկները՝ Հայոց Արցախի գործօնի չարաշահմամբ:

Արցախեան ռազմաճակատում վերջին իրադարձութիւնների կապակցութեամբ Ռամսարում Եռակողմ ժողովի երկու կողմերը, Թուրքիան ու Բաքուն, արդէն քանիցս բարձրաձայնել են իրենց նենգամիտ համընթացութեան մասին: Իրանը, սակայն, հէնց երէկ Ազգային անվտանգութեան Գերագոյն խորհրդի մակարդակով բարձրաձայնել է իր անկողմնակալութիւնը Արցախեան վերսկսած թնջուկի վերաբերեալ: Սա, ինքնին եւ տրամաբանօրէն վկայում է այն մասին, որ Իրանը, որպէս եռակողմ նիստի հիւրընկալ, նաեւ նախաձեռնութիւն պէտք է ստանձնի դիմագրաւելու համար թուրք-ադրբեջանական նորագոյն սադրանքները, որոնք անկանխատեսելի զարգացումներով են յղի Իրանի հիւսիսային եւ հիւսիս- արեւմտեան հատւածներում:

Մինչ այդ, սակայն, խիստ ուշագրաւ է (եւ յատկապէս Իրանի համար) Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախագահի մամլոյ քարտուղարի յայտարարութիւնը ադրբեջանական ոճրագործ բանակայինների առանց այն էլ խախուտ շարքերում վարձկան ու տեռորիստական խմբաւորումների, ջիհադականների առկայութեան փաստի մասին:

Յատկանշելի է նաեւ այն հանգամանքը, որ Ռամսարի եռակողմ հանդիպումից անմիջապէս յետոյ, ապրիլի 7-ին Բաքւում նախատեսւած է մի այլ եռակողմ նիստ մասնակցութեամբ Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների, որտեղ եւս Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը Ռուսաստանի իր գործընկերոջը համընթաց ի զօրու է լինելու Բաքւի կամազուրկ իշխանաւորներին զերծ պահելու նորանոր արկածախնդրութիւններից:

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

alikonline.ir

05/04/2016