- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Բողոքի ակցիաներ Ստրասբուրգում` ՄԻԵԴ-ի, ԵԽ-ի և Ադրբեջանի ներկայացուցչության դիմաց

FotorCreatedԱյսօր Ստրասբուրգում հայ համայնքը բողոքի ակցիա էր կազմակերպել և իրենց զայրույթն ու բողոքն էին արտահայտում Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ագրեսիայի և սադրիչ գործողությունների դեմ։

Ինչպես Ստրասբուրգից հայտնում է Panorama.am-ի թղթակիցը, բողոքի ակցիայի մեկնարկը Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիմաց էր: ՄԻԵԴ դիմաց բողոքի ակցիայի կազմակերպիչներից Ստրասբուրգի «Հայորդի» երիտասարդական միության անդամներն իրենց խոսքը ուղղեցին հավաքվածներին։

«Հայ զինվորի զգոնությունը թշնամու թնդանոթներին ստիպեց լռել, թշնամին դուրս շպրտվեց մեր հայրենիքի սահմաններից: Վերջին օրերն ապացուցեցին, որ հայն անպարտելի է, երբ միասնական է գործում: Այո՛, հաղթել ենք, հաղթում ենք ու հաղթելու ենք։ Փա՛ռք մեր հերոսներին, ովքեր նահատակվեցին հանուն հայրենիքի, հանուն մեզ։ Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ հայ ազգը, կեցցե՛ հայ զինվորը։ Քո սխրանքն անմար է հայ զինվոր, քո անունը՝ մեր սրտերում»,-ասաց «Հայորդի» կազմակերպության ներկայացուցիչը։

Հարյուրավոր հայեր, որ հավաքվել էին ՄԻԵԴ դիմաց՝ 1 րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը, հնչեցրին տերունական աղոթք և շարժվեցին դեպի Եվրոպայի խորհուրդ։

Ակցիայի մասնակիցների պաստառներից մեկի վրա ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի նկարն էր, որի վրա պատկերված էր դոլար՝ մեջտեղում Ալիևի նկարը, և գրված էր՝ «վաճառված է»։ Բողոքի ակցիայի մասնակիցները գոռում էին՝ «Ղարաբաղը մերն է», «Ալիև՝ մարդասպան», «Ես Արցախն եմ», «Դաեշ», «Ալիև՝ հեռու մեր հողերից»։

Հասնելով Եվրոպայի խորհրդի դիմաց՝ հայացքն ուղղելով դեպի ԵԽ դիմաց բարձրացված ՀՀ դրոշին՝ երգեցին Հայաստանի հիմնը։ ԵԽ-ից մասնակիցները շարժվեցին դեպի Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի մշտական ներկայացուցչություն։

Ադրեջանի ներկայացուցրության դիմաց հայերին սպասում էին մի քանի ադրբեջանցիներ՝ իրենց դրոշներով։ Հայորդիների բողոքի ձայնը, գոռում-գոչյունները լռեցնելու համար ներկայացուցչությունը երաժշտություն էր միացրել, ինչն առավել զայրացրեց հայերին ու սկսեցին գոռալ «Ղարաբաղը՝ մերն է»։

Նշենք, որ Ստրասբուրգի հայ համայնքը կազմակերպել է նաև դրամահավաք, որից հավաքված գումարը, ինչպես ասացին «Հայորդի» երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները, տրվելու է զոհված զինվորներից մեկի ընտանիքին և Թալիշի գյուղերից փախած 2 ընտանիքի, որում կան 11 անչափահաս երեխաներ:

Panorama.am