«ԵԽԽՎ վեհաժողովի հերթական նիստին մենք կներկայացնենք տեղի ունեցածը, բնականաբար ադրբեջանցիները կփորձեն գլխիվայր շուռ տալ ամեն ինչ, բայց պետք է նաև որոշակի փաստաթղթային հիմքեր ունենանք մեր ձեռքին. մեծ աշխատանք է տարվում, ձևավորվում է թղթածրար: Մեծ ծավալի նյութ է կուտակվել, և արձանագրված փաստերը հիմք են տալիս, որպեսզի Ադրբեջանը ներկայացվի որպես պատերազմական հանցագործ»: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Անդրադառնալով երկու նախագահների հանդիպմանը և Լ. Տեր-Պետրոսյանի դիտարկմանը, որ տարաձայնությունները պետք է սառեցվեն, Ա. Ռուստամյանը նշեց. «Այն, ինչ որ տեղի է ունենում, դրան գնալ պարտադրել է մեր ժողովուրդը, որն ինքնաբուխ համախմբվել է. այդ ֆոնին ուղղակի աբսուրդ է, որ որևէ մեկը փորձի այդ համախմբումից դուրս գալ: Քաղաքական ուժերը պետք է տրամաբանորեն հետևեն ժողովրդի պահանջներին և պահվածքին:
Երբ թնդանոթները զրնգում են, մուսաները լռում են. հիմա լռության ժամանակն է, բոլորս պետք է միավորվենք, որպեսզի կարողանանք մոբիլիզացիան լիարժեք դարձնել»:
ՀՅԴ խմբակցության ղեկավարի կարծիքով՝ Ռ. Քոչարյանը դուրս չէ այս համախմբումից. «Նա միշտ եղել է նվիրված Ղարաբաղի հարցին»:
«Սկզբից կարգավիճակ, հետո նոր տարածքներ. եթե վերադառնան այս տրամաբանությանը, բանակցությունները կդառնան ավելի արդյունավետ»,- անդրադառնալով «Մադրիդյան սկզբունքներին»՝ ասաց Ա. Ռուստամյանը՝ հավելելով, որ Ադրբեջանն այս սկզբունքը գլխիվայր շուռ է տվել:
Ոչ մի թիզ կարգախոսն այսօ՞ր էլ Ձեզ համար մնում է առաջնային. «Առաջին լրատվական»- ի այս հարցին Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Եթե մենք այդ հողերը չունենայինք, ադրբեջանցիներն արդեն մտած կլինեին Հայաստանի տարածք, այսինքն՝ որ ասում էինք անվտանգության գոտի, դա դատարկ խոսք չէր, և 1994-ին, երբ որ հրադադար կնքվեց, կնքվեց հենց դա նկատի ուենանլով, որ մենք մեր անվտանգությունը պետք է պահենք մեր ձեռքում, որովհետև տեսնում ենք նաև միջազգային հանրության կրավորական կեցվածքը:
Եթե հայ զինվորը չկասեցներ այս հարձակումը, մենք հիմա լուրջ պրոբլեմներ կունենայինք: Այսինքն՝ անվտանգությունը, իհարկե, մենք ենք, որ ապահովում ենք, և այդ անվտանգության գլխավոր երաշխիքներից մեկն էլ այն տարածքներն են, որոնք մենք ունենք՝ որպես անվտանգության գոտի: Եթե այսպես շարունակվի, պետք է այս տարծքներն ավելի մեծացվեն, որպեսզի անվտանգության գոտին էլ ավելի մեծանա և անվտանգությունն ավելի երաշխավորվի»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Մեր փրկությունը մեր ձեռքերում է
Այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը կրկին կրակել է Մարտակերտի և Հադրութի ուղղությամբ՝ հետախուզական նպատակով օգտագործելով անօդաչու թռչող սարքեր:
Լրագրողների հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ ստեղծված անդորրը հարաբերական է:
Ըստ պատգամավորի, Ադրբեջանը դեռ չի հանգստացել, որովհետև իր ծրագրերը տապալվել են, և կարող է նորից նախաձեռնել նոր գործողություններ ու սադրանքների դիմել սահմանին: «Մենք հիմա շատ ավելի զգոն պետք է լինենք, որովհետև Ադրբեջանը փորձելու է մեր զգոնությունը ստուգել, չի բացառվում, որ նոր գործողություններ էլ սկսեն»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե արդյո՞ք այս դժվար իրավիճակում Սերժ Սարգսյանը խորհրդակցում է իր կոալիցիոն գործընկերոջ հետ, Արմեն Ռուստամյանը դրական պատասխան տվեց, նշելով, որ բնականաբար, պարբերաբար միմյանց հետ խորհրդակցում են: Իսկ թե ինչ քայլեր են առաջարկվում իրավիճակից դուրս գալու համար, Ռուստամյանը նշեց, որ հիմնական երկու ուղղությամբ պետք է աշխատել՝ ամրացնել դիրքերը՝ արագ գործողությունների ծրագիր կազմելով և դիվանագիտական աշխատանքներ՝ փաստելու Ադրբեջանի ագրեսոր լինելու հանգամանքը և հետո սանձելու նման ագրեսորին:
Ռուստամյանը չբացառեց, որ առաջիկայում՝ ԵԽԽՎ-ում նման քննարկումներ կընթանան: Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք ականջալուր կլինի Սերժ Սարգսյանը Լևոն Տեր-Պետրոսյանի կոչին՝ կանգնեցնել պաշտոնյաների կողմից իրականացվող թալանը, զինել բանակը, Արմեն Ռուստամյանը նշեց, որ նման կոչեր բազմիցս են եղել, պարզապես բոլորը պետք է հասկանան, որ հայրենիքը բոլորի համար մեկն է, և «եթե դու չես կերակրում քո բանակին, ստիպված ես կերարակրել թշնամու բանակին»:
«Բոլոր մեծահարուստները պետք է հասկանան, որ իրենց ունեցածը կարող է զրոյի վերածվել, եթե հայրենիքը չպաշտպանվի: Այսօր մենք տեսնում ենք, որ հայրենիքը պաշտպանում են առաջնագծում հիմնականում անապահով խավերի ներկայացուցիչները, զավակները: Սա բոլորի համար պետք է դաս լինի, ահազանգ լինի հենց այդ անձանց համար, որ ամեն մի լուման պետք է ուղղել բանակի պաշտպանունակության բարձրացմանը: Սերունդների կյանքը ապահովվում է ոչ թե դիզած հարստությամբ, այլ պաշտպանությամբ»,- ասաց պատգամավորը՝ վստահեցնելով, որ լուրջ վերանայումներ են կատարվելու առաջիկայում:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է հստակեցվելու կարգավորման ձևաչափի խնդիրը, եթե Ադրբեջանը մերժում է ՄԽ ձևաչափը, իսկ ՄԽ համանախագահները հայտարարում, որ ձևաչափը չի փոխվելու, Արմեն Ռուստամյանը նշեց, որ հասցեական պետք է ասվի, որ Ադրբեջանը հրաժարվում է այդ ձևաչափից: Դրա համար կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկվեն, ապացուցել, որ Ադրբեջանը հրաժարվում է գործել միջազգային նորմերի չափանիշներին համապատասխան:
«Բոլոր հղումները, որն Ադրբեջանը անում է միջազգային հարթակում հղում անելով ՄԱԿ-ի չորս հայտնի բանաձևերին, դրանց մեջ կարմիր գծով գնում է մի պահանջ, որ եթե ինչ որ հարց ուզում եք լուծել, նախ և առաջ պետք է հրադադար սահմանել, ռազմական գործողությունները և թշնամանքը դադարեցնել: Եթե այս ամենը չկա, ցանկացած կարգավորման փորձ անիմաստ է»,- ասաց Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ միջազգային հանրությունը Ադրբեջանին պետք է սանձի, որովհետև բոլորի աչքի առաջ Ադրբեջանը դառնում է չարիք-պետություն, որն անընդհատ սանձազերծում է ռազմական հանցագործություններ, ագրեսիա:
Դիտարկմանը, որ այս օրերին միջազգային հանրությունը ձևացնում է որ ոչինչ չի տեսնում և ոչինչ չի լսում, Արմեն Ռուստամյանը նշեց, որ հավանաբար միջազգային հանրության մոտ մի բան այն չէ:
«Նախ պետք է հասկանանք, որ մեր անվտանությունը մեր ձեռքում է, միջազգային հանրությունը դա լրացուցիչ լծակ է: Եթե սահմանին մեր զինվորները չկագնեցնեին թշնամուն, միջազգային հանրությունը որևէ բան չէր անելու դրա հետ կապված: Մեր փրկությունը մեր ձեռքերում է»,- ասաց պատգամավորը:
yerkir.am
Պետք է այնպես անել, որ զարթոնքը չմսխվի

Այս կարճատև պատերազմը կարծեք թե նոր քաղաքական օրակարգ է ձևավորում, Նախկին ախոյաններին բերում է մեկ սեղանի շուրջ նստեցնում: Օրերս նախագահ Սերժ Սարգսյանը և նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպեցին՝ ԼՂ խնդիրը քննարկելու:
«Այդ հանդիպումներն անհրաժեշտ են, դա նաև ժողովուրդն է պարտադրում: Ժողովուրդն այնքան ինքնաբուխ, բարձր մակարդակի համախմբում ցույց տվեց, որ ամոթ է՝ այդ համախմբմանը հակառակ որևէ մեկն ինչ-որ բան անի: Ժողովուրդը բոլոր քաղաքական ուժերից էլ իմաստուն է և շատ լավ է պատկերացնում, թե որն է խնդիրը»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Ա. Ռուստամյանի խոսքով՝ մենք պետք է արձանագրենք, որ նոր իրավիճակ ունենք, և մեր ներսում շտկումներ իրականացնելու կարիք կա: «Մենք պետք է ավելի համախմբված լինենք: Պետք է այս հարաբերական անդորրն օգտագործենք, պետք է մեր ուժերը մոբիլիզացնենք, այս զարթոնքն օգտագործենք հանուն մեր միասնության, մեր նպատակների իրականացման, հանուն մեր պաշտպանունակության, մեր բանակի և մեր երկրի հզորացման»:
Մանրամասները՝ տեսանյութում:
1in.am