- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Արթուր Աղաբեկյանը գաղտնազերծեց Ադրբեջանի ռազմական պլանը. հիմնական նպատակը մեկն է եղել

FotorCreatedԱդրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմի պատճառներն ու վերլուծությունները կանեն համապատասխան մասնագետները, սակայն, որպես նախկին հրամանատար և հակառակորդին ճանաչող մարդ, կարծում է, որ հակառակորդն ունեցել է հավակնոտ պլան. Արցախում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂՀ փոխվարչապետ, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը:

«Հակառակորդի նպատակն էր երկու ուղղություններով՝ հյուսիսում ու հարավում, տիրապետել առաջնագծին և բացազատվել ավելի մեծ խորությամբ՝ ռազմական գործողություններ վարելու համար: Գոնե հյուսիսային ուղղությամբ հակառակորդը կարող էր տիրապետել ռազմավարական նշանակության տարածքների՝ Մատաղիսի ջրամբարին և Սարսանգի ջրամբարի ուղղությամբ ծավալեր իր գործողությունները: Հարավի ուղղությամբ նա պետք է դուրս գար ռազմավարական շատ մեծ նշանակություն ունեցող ճանապարհի վրա, դա Ջաբրայիլ-Ֆիզուլի ճանապարհն է, որը տանում է դեպի Մարտունի: Սակայն երկու ուղղությամբ էլ հակառակորդը ձախողեց, որովհետև առաջնագիծը վերցնելուց հետո ՊԲ ստորաբաժանումները շատ արագ անցել են պաշտպանության: Մարտը վարելու ժամանակ, երբ հակառակորդը տիրապետում է առաջնագծին, անմիջապես պետք է գործի դրվեն ստորաբաժանումներ, որոնք պետք է անցնեն հակահարձակման: Եթե Պաշտպանության բանակը երկու ուղղությամբ անցներ հակահարձակման, հավանական է, որ ուժերը չէին բավականացնի, որովհետև հակառակորդը պաշտպանության իր բոլոր ստորաբաժանումները ոտքի էր հանել, բացի ավիացիայից, և հարձակման անցնելու դեպքում հնարավոր է, որ ուժերը չբավականացնեին»,- բացատրեց Արթուր Աղաբեկյանը:

Նրա խոսքով՝ ՊԲ գլխավոր հրամանատարը ճիշտ որոշում կայացրեց՝ անցնելով հակահարձակման` հյուսիսում դիրքերի վերականգնման ուղղությամբ:

«Գուցե ռազմական գաղտնիք եմ բացահայտում, բայց հասարակությունն այդ մասին պետք է իմանա, որ հակառակորդի նպատակներից մեկն է եղել, որ ԼՂՀ ՊԲ-ն իր ձեռքի տակ եղած ողջ ստարաբաժանումները գործի դներ երկու ուղղությամբ՝ հյուսիսի ու հարավի, որպեսզի բաց մնար Ստեփանակերտ տանող կենտրոնական հիմնական ռազմավարական ուղղությունը: Եվ ՊԲ գլխավոր հրամանատարը շատ ճիշտ որոշում կայացրեց, ռեզերվների տեղաշարժ չիրականացրեց` ամբողջ բեռը թողնելով հյուսիսի ու հարավի տեղի ստորաբաժանումների վրա` դրանով խառնելով հակառակորդի խաղաքարտերը: Եվ դրա վառ վկայությունն այն է, որ ապրիլի 3-4-ին նկատելի էր, որ հակառակորդը ցանկանում է փորձեր անել` հիմնական հարվածի ուղղությամբ ճակատ բացել, բայց մեր հրետանին ուղղակի խեղդեց այդ փորձերը»,- ասաց Արթուր Աղաբեկյանը:

Նրա խոսքով՝ հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային և հարավային ուղղություններում շատ հետաքրքիր էին ԼՂՀ ՊԲ փոքր ստորաբաժանումների հրամանատարների որոշումները և շարքային կազմի դիմադրողականությունը: Ըստ Արթուր Աղաբեկյանի` առհասարակ, մարտը սկսելու առաջին օրը միշտ նկատելի է լինում խուճապ, սակայն Աղաբեկյանը հպարտորեն ու ոգևորությամբ նշում է, որ խուճապ չի եղել ԼՂՀ ՊԲ ո’չ շարքային կազմի, ո’չ էլ հրամանատարության շրջանում:

«Անգամ այն դեպքում, երբ հակառակորդը գործի է դրել բոլոր ստորաբաժանումները, տեղեկատվական գործիքները, բաց հետախուզական դաշտը, նոր տեխնիկան ու սպառազինությունները, որոնք կարող էին նորույթ լինել հրամանատարական կազմի համար, չի եղել խուճապ: Մինչդեռ հակառակորդը հաշվարկած է եղել հենց խուճապի գործոնը, ավելին` դա նրա հիմնական ինտրիգներից մեկն է եղել: Տեսեք` հակառակորդն օգտագործեց անօդաչու ինքնաոչնչացվող սարքեր, որոնք նորույթ էին մեր հրամանատարական կազմի համար, և մեր ռազմական կրթության ողջ ընթացքում երբեք ինքնաոչնչացվող անօդաչուների մասին խոսք չի եղել, բայց, միևնույն է, խուճապ չեղավ: Հակառակորդին հաջողվեց խոցել մեր մի քանի տանկեր այդ անօդաչուների միջոցով, բայց անգամ այդ դեպքում տանկային ստորաբաժանումների մեջ խուճապ չառաջացավ: Գուցե հիմնական պատճառներից մեկն էլ այն էր, որ հակառակորդը էշ-էշ հաշվարկել էր հենց խուճապի գործոնը»,- ասաց Արթուր Աղաբեկյանը:

Արթուր Աղաբեկյանը անդրադարձել է հասարակական շրջանակներում տարածված այն քննադատական կարծիքներին, որոնք առավել ակտիվացան Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո, թե հայ զինվորը կռվում է 80-ականների զենքով:

Արթուր Աղաբեկյանը, որպես Արցախյան առաջին պատերազմով անցած նախկին հրամանատար, առաջարկեց դիտարկել 80-ականների մի զենք` Կալաշնիկովի ինքնաձիգը մնում է Կալաշնիկովի ինքնաձիգ` անկախ նրանից, թե որ թվի արտադրության է: Կամ` Տ-72 տանկն իր խոցելիության աստիճանով և կարողություններով ոչնչով չի զիջում Տ-90 տանկին:

ԼՂՀ փոխվարչապետի խոսքով՝ Խորհրդային միությունը Տ-72 տանկերն արտադրելուց հետո ստեղծեց Տ-80 տանկը, որը, սակայն, չկարողացան կիրառել մարտի դաշտում, այն դուրս եկավ կիրառությունից: Հետո ստեղծեցին Տ-90 տանկը, որն առանձնապես չի տարբերվում նախորդներից: Ըստ Արթուր Աղաբեկյանի` Տ-90 տանկի միակ առավելությունը այն է, որ ունի հակատանկային միջոցների դեմ պայքարելու սեփական կարողություն:

«Մեր հակատանկային միջոցները հեշտությամբ խոցեցին հակառակորդի Տ-90 տանկերը: Հիմա թե մարտի դաշտում Տ-72 տանկն է, թե Տ-90 տանկը, առանձնապես էական տարբերություն չկա: Ի դեպ, հակառակորդի տեխնիկայի մեծ մասն էլ է 80-ական թվականների, պարզապես հակառակորդը կիրառեց նաև արդիական տոխնոլոգիաներ, որոնք մենք չունեինք: Թե ինչո՞ւ մենք չունենք արդիական զենքեր, չեմ ուզում մեկնաբանել, բայց գտնում եմ, որ պետք է ունենանք: Երբ այսօր ԼՂՀ կառավարությունը փորձում է հանդես գալ սեփական նախաձեռնությամբ՝ ՊԲ-ին հնարավորություն տալով ձեռք բերել արդիական զենքեր, ժողովրդի շրջանում` մի մասի մոտ, առկա է ոգևորություն, մի մասի մոտ էլ առկա է քննադատություն, թե` «բա ո՞ւր էին, բա ինչո՞ւ մինչ այս պատերազմը ոչինչ չէին արել»: Է, չենք արել մինչ այս պատերազմը, հիմա թողնենք, որ բոլորիս կոտորե՞ն: Գուցե չենք իմացել կամ գուցե կարողություն չենք ունեցել, կամ այսպիսի համախմբում տեսանելի չի եղել: Հիմա ենք ուզում անել, հիմա ենք ուզում հաջորդ մարտին ավելի պատրաստված լինել, չպատրաստվե՞նք, չփորձե՞նք:

Հայ ժողովուրդն իր մարդկային ռեսուրսներով ավելին է, քան մեր հակառակորդը, և մեր կարողությունները մեջտեղ բերելով՝ մարդկային, նյութական ու ֆինանսական, մենք կարող ենք արդիականացնել մեր ստորաբաժանումները, մեր անձնակազմը: Մենք պարտավոր ենք անել ամեն քայլ, որպեսզի առաջնագծում քիչ խոցելի լինեն մեր շարքային ու սպայական անձնակազմերը»,- ասաց ԼՂՀ փոխվարչապետը:

Նրա խոսքով՝ մինչ այս պատերազմը, երբ զինադադար էր, քաղաքացիական կյանքով ապրող շատ գործարարներ, օլիգարխներ գուցե չէին էլ գիտակցում, որ լայնամասշտաբ ռազմական գործողությունները երբևէ կսկսվեն, բայց պաշտպանության բնագավառի մասնագետները միշտ էլ գիտեին, որ սա սովորական զինադադար չէ կամ միջազգային պարտավորություններին խիստ հետևող հակառակորդ չէ: Արդեն մեկուկես տարի է՝ տեսանելի են հակառակորդի գործողությունները, և նրան ընդամենը առիթ էր պետք` այդ լայնամասշտաբ գործողությունները սկսելու համար: