ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով վարչապետի հանձնարարականին՝ զոհվածների ընտանիքներին հասցեական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ, ասաց, թե կարգը մշակվել է:
«Հիմա ներքին շրջանառության մեջ է: Դրանով նախատեսվում է զոհվածների ընտանիքներին ներգրավվել եկամտաստեղծ գործունեության մեջ: Դա նշանակում է փոքր ու միջին բիզնեսի ծրագրերի շրջանակներում նախ բացահայտել կարիքները, կատարել համապատասխան ուսումնասիրություն՝ ինչ բիզնեսի կամ եկամտաստեղծ գործունեության մեջ կարող են անձինք ներգրավվել և դրան համապատասխան աջակցության սխեմա ներկայացնել»,-ասաց Արծվիկ Մինասյանը:
Նա նշեց, որ աջակցության սխեմաները տարբեր են՝ սկսած տեխնիկական աջակցությունից, օրինակ որևէ բնակավայրում եթե մարդը կարիք ունի գյուղատնտեսական տեխնիկայի, կամ եթե քաղաքաբնակ անձինք են, ապա նրանք կարիք ունեն փոքր մշտական բիզնեսի:
«Յուրաքանչյուր դեպքի համար նախատեսվում է, որ առանձին կարիքների գնահատում, և ծրագիր պետք է լինի»,-ասաց էկոնոմիկայի նախարարն ու հավելեց, թե խոսքը ոչ միայն ապրիլյան դեպքերի, այլ ազատամարտի ընթացքում բոլոր զոհվածների ընտանիքների մասին է:
«Վստահ եղեք, որ մեխանիզմները, որոնք առաջարկում ենք, ունենալու են նաև անհրաժեշտ ֆինանսական ապահովվածություն: Մենք այսօր բյուջեով կիրականացնենք որոշակի ծրագրեր, միաժամանակ բաց կպահենք նաև մասնավոր փոխանցումները, նաև աշխարհասփյուռ հայության փոխանցումները, ժամանակի ընթացքում բոլորին էլ անդրադարձ կլինի»,-եզրափակեց Արծվիկ Մինասյանը:
Հիշեցնենք, որ կառավարության նախորդ նիստի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարարական տվեց մարտական գործողությունների արդյունքում զոհված անձանց ընտանիքների համար կայուն եկամտի աղբյուր ստեղծելու նպատակով մշակել և հնարավորինս սեղմ ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել համապարփակ առաջարկություն՝ նշելով նաև ֆինանսավորման աղբյուրները:
tert.am