- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Պատահականություն չէ, որ Բան Կի Մունը չի այցելում տարածաշրջան

FotorCreatedՂարաբաղա-ադրբեջանական շփման գծում ապրիլի սկզին տեղի ունեցած ռազմական գործողությունները և դրանց միջազգային հանրության արձագանքը ցույց տվեց նաև, որ միջազգային հանրության մի մասը մեղսակցում է Ադրբեջանին:

Այդ կարծիքին է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի հայաստանյան գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

«Միջազգային հանրության մի մասը, ես կասեի, մեղսակցում է Ադրբեջանին, պատշաճ վերաբերմունք ցույց չի տալիս Ադրբեջանի նկատմամբ հատկապես նկատի ունենալով Բաքվում առաջիկայում կայանալիք ՄԱԿ-ի ֆորումը: Մենք իսկապես պետք է պահանջենք միջազգային համայնքից պատշաճ, ադեկվատ վերաբերմունք ցույց տալ, որովհետև ի վերջո, այս ամբողջը իրենց դեմ է ուղղված լինելու», -մեզ հետ զրույցում ասաց պարոն Մանոյանը:kiro

Նրա խոսքով, եթե տարածաշրջանում պատերազմ սկսվի, ապա դա միայն կարող է լինել Ադրբեջանի նախաձեռնությամբ, իսկ պատերազմի հետևանքները անկանխատեսելի են:

«Միջազգային համայնքին բավական մեծ հարված կլինի նման պատերազմը, դրա համար էլ Ադրբեջանի այս վերաբերմունքին միջազգային համայնքը պետք է ճիշտ գնահատական տա, ճիշտ վերաբերմունք ցուցաբերի և դադարի մեղսակից լինել», -նշեց Կիրո Մանոյանը:

Դիտարկմանը, թե այդուհանդերձ միջազգային համայնքը անդրդվելի է և փաստորեն աչք է փակում ամենի վրա, Մանոյանը նկատեց. «Դա այդքան էլ ճիշտ չէ: Ես կարծում եմ` պատահականություն չէ, որ Բան Կի Մունը չի այցելում տարածաշրջան»:

Հարցին, թե կարծում է, որ Ադրբեջանի գործողություննե՞րն են եղել պատճառը, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը չի այցելում տարածաշրջանի երկրներ, Մանոյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր այդ քայլով վերաբերմունք ցույց տվեց և հրաժարվեց մասնակցել ՄԱԿ-ի ֆորումին»:

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, նշելով, որ Հայաստանը հրաժարվում է մասնակցել Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի քաղաքակրթությունների ֆորումին:

«Հայաստանը, հավատարիմ լինելով Դաշինքի նպատակներին, շարունակում է մնալ վերջինիս բարեկամը: Սակայն, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Հայաստանը չի միանում ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի յոթերորդ ֆորումի հռչակագրի վերաբերյալ կոնսենսուսին: Ուստի կոնսենսուսի բացակայության պայմաններում հռչակագիրը չի կարող ընդունվել: Հայաստանը մերժում է Բաքվում անցկացվող Յոթերորդ ֆորումն իր ամբողջությամբ, ներառյալ՝ դրա արդյունքները»,-ասված էր հայտարարությունում:

panorama.am