Հայտարարություն ԼՂՀ հռչակման 17-ամյակի առիթով

Արցախյան շարժման 20-ամյակի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 17-ամյակի առիթով 2008թ. սեպտեմբերի 2-ին ՀՅ Դաշնակցության նախաձեռնությամբ Երեւանում կայացած հանրահավաքի մասնակիցներս արձանագրում ենք.

– Հարավային Կովկասում վերջին շաբաթների պատերազմն ու իրադարձությունները նոր իրավիճակ են ստեղծել տարածաշրջանում:

– Ակնհայտ է, որ եթե միջազգային հանրությունը այսուհետ չկարողանա բացառել ուժի կիրառումը, ապա անկանխատեսելի զարգացումները կարող են աղետալի լինել: Կատարվածը նաեւ փաստում է, թե որքան վտանգավոր է երկակի ստանդարտների կիրառումը:

– ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները վերջին շրջանում առանձնաբար կամ միասնաբար ճանաչելով Կոսովոյի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը` փաստել են միջազգային հարաբերություններում ազգերի ազատ ինքնորոշման իրավունքի գերակայությունը։

– Միջազգային հանրության կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ ազատ ապրելու իրավունքի հարգումը այլընտրանք չունի: Արցախի ժողովուրդը բազմիցս արտահայտել է իր կամքը` ապրելու Ադրբեջանից անկախ։ Արցախի ժողովուրդն իր ինքնորոշման իրավունքը կիրառել է հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների եւ Խորհրդային Միության Սահմանադրության վրա։ Լեռնային Ղարաբաղը երբեք մաս չի կազմել անկախ Ադրբեջանին։ Խորհրդային Միության փլուզման հետ ավարտվել է Խորհրդային Ադրբեջանի լուծը Լեռնային Ղարաբաղի վրա։

– Ղարաբաղ-Ադրբեջան պատերազմի մեջ նախահարձակվողը եղել է Ադրբեջանը, Արցախը պաշտպանել է իր անվտանգ ապրելու իրավունքը եւ արձանագրել հաջողություններ. պատերազմի ու դրա հետեւանքների պատասխանատուն Ադրբեջանն է։
– Արդեն 17 տարի է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ապրում է որպես ժողովրդավար պետություն` իր պետական համապատասխան կառույցներով եւ տեղական ինքնակառավարման մարմիններով։

– Բռնի ուժով Արցախը վերանվաճելու ադրբեջանական նկրտումները անհեռանկար են, եւ տարածաշրջանը էլ ավելի անկանխատեսելի ցնցումների են տանելու։
– Փաստացի ճանաչելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, տնտեսական եւ այլ բնագավառներում համագործակցության պայմանագրեր ստորագրելով նրա հետ, Հայաստանի Հանրապետությունը ցարդ իրավականորեն չի ճանաչել ԼՂՀ-ն` մեկնելով բացառաբար խնդրի խաղաղ կարգավորման բանակցությունների ոգուն հավատարիմ մնալու իր կեցվածքից։

– Տարածաշրջանին չի կարող ձեռնտու լինել Եվրամիություն-Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների բախումնային սրումը. անհրաժեշտ է առկա խնդիրները երկխոսության ճանապարհով կարգավորելու ուղիներ գտնել։ Այդ ջանքերին կարող է ու պետք է միանա նաեւ Հայաստանը։

Հանրահավաքի մասնակիցներս հաստատում ենք.

1) Արցախի խնդրի կարգավորման բանակցությունները կարող են արդյունավետ լինել եւ խաղաղության պահպանմանը նպաստել միայն այն դեպքում, երբ Ադրբեջանը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների հետ ստորագրի ուժի կիրառումը եւ ուժի կիրառման սպառնալիքը բացառող իրավական փաստաթուղթ:

2) Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ պետք է ստորագրի պայմանագիր` հանդես գալով որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության եւ անվտանգության երաշխավոր։

3) ՀՀ իշխանությունները պետք է նախատեսեն ԼՂՀ պաշտոնական ճանաչումը, եթե Ադրբեջանը ռազմական ճանապարհը շարունակի համարել կարգավորման ընդունելի միջոց կամ իր գործողություններով առաջացնի սպառնալիք բանակցային գործընթացի համար։

Մենք հայտարարում ենք.
ա) Հայաստանն ու Արցախը չեն հրաժարվելու իրենց անվտանգության երաշխիքներից:

բ) Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովման հարցում հայությունը միասնական ու միակամ է. որեւէ ներքաղաքական խնդիր չպետք է սպառնալիք դառնա մեր պետականության գոյությանն ու անվտանգությանը։

գ) Հայությունը համախմբելու եւ արտաքին վտանգներից լավագույնս պաշտպանվելու երաշխիքը երկրում բարեփոխումներն անշրջելի դարձնելն է, ժողովրդավարության խորացումը եւ արդարության հաստատումը։

2008թ. սեպտեմբերի 2
ք. Երևան

Տպել Տպել