- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Հայաստանի տնտեսությունը պատրաստ է պատերազմին

FotorCreatedԱյսօր` կառավարության նիստից հետո, էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ պատերազմական շրջանում տնտեսության վիճակին ու հարկային քաղաքականությանը:

Ըստ նախարարի` հարկային մարմինը արդյունավետ է աշխատել հարկերի հավաքագրման մասով: Ապրիլ ամիսը նաև շահութահարկի գծով կանխավճարների վճարման ժամանակահատվածն է, այսինքն` մի քանի գործոնների զուգակցմամբ` հարկային քաղաքականությունը արդյունավետ է իրականացվել:

«Ադրբեջանական ագրեսիան, որի նպատակն էր, ի վերջո, նաև հարված հասցնել մեր տնտեսական իրողություններին, լիովին ձախողվել է, և դրա ապացույցներից մեկն էլ հարկային քաղաքականության, զբոսաշրջության ոլորտում արձանագրված ցուցանիշներն են: Ադրեջանական ագրեսիան իր նպատակին չի հասել նաև տնտեսության մասով»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Ինչ վերաբերում է հակամենաշնորհային քաղաքականությանը, նախարարի խոսքով` պետք է սկսել օրենսդրությունից, օրենսդրական վերանայումներից, ինչը ոչ թե 1 կամ 2 ամսվա գործ է, այլ քաղաքականություն, որը պետք է որդեգրվի ու, սահմանադրական փոփոխություններով պայմանավորված, կյանքի կոչվի: Կան նաև միջնորդություններ` ապահովել հավասար մրցակցային պայմաններ, որոնք կառավարությունն ապահովում է` ներկա օրենսդրությամբ պայմանավորված:

Հարցին, թե այսօր Հայաստանի տնտեսությունը պատրա՞ստ է պատերազմին, նախարարը պատասխանեց. «Այո, կարճ կասեմ` պատրաստ է»:

Լրագրողները Արծվիկ Մինասյանից հետաքրքրվել են, թե ինչ փուլում է գտնվում ապրիլյան ռազմական հակամարտության ժամանակ զոհվածների ընտանիքների անդամներին երկարաժամկետ կայուն եկամուտ ապահովելու հարցը:

Արծվիկ Մինասյանը նշեց, որ այդ նախագիծը գտնվում է կառավարությունում` ներքին շրջանառության մեջ : «Կարծում եմ, որ 10 օրվա ընթացքում այդ քննարկումների արդյունքները կամփոփենք, կհրապարակենք նախագիծը նաև ի տես բոլորի, և կսկսենք աշխատանքները»,- ասաց նախարարը` հավելելով, որ այդ նախագիծը իրականություն դարձնելը ենթադրելու բարդ ու քրտնաջան աշխատան` ներգրավելով նաև Պաշտպանության նախարարությանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, տարածքային ստորաբաժանումների սոցիալական ծառայություններին և այլն: