Հարցազրույց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արսեն Համբարձումյանի հետ
-Ինչպե՞ս եք գնահատում կառավարության քայլը, որով հավանություն տրվեց «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագծին:
-Նկատի ունենալով ԼՂՀ դեմ Ադրբեջանի իրականացրած ապրիլյան ագրեսիան, նաեւ տարբեր քաղաքական ուժերի կողմից նախկինում արտահայտված դիրքորոշումը, թե ԼՂՀ ճանաչման հարցը կարող է օրակարգ մտնել որոշակի իրադարձությունների զարգացման պայմաններում, կարծում եմ, կառավարության դրական եզրակացությունը պետք է դիտարկել հենց այդ հարթության վրա։
Կատարվածը քաղաքական քայլ է: Այն կարող է թե՛ Ադրբեջանին, թե՛ միջնորդ երկրներին, թե՛ տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահեր հետապնդող ուժերին զգաստացնող գործոն հանդիսանալ:
Անկախ այն հանգամանքից, որ մինչ օրս Հայաստանը դե յուրե չի ճանաչել ԼՂՀ անկախությունը, բոլորի համար միանշանակ է, որ դե ֆակտո ճանաչումը եղել է եւ եղել է այն սահմաններում, որի վրա այսօր հաստատված է Արցախի Հանրապետության իրավազորությունը:
Կարծում եմ, հետագա քաղաքական գործընթացները ցույց կտան, թե դե յուրե ճանաչման ճանապարհին ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել, եւ զուգահեռաբար ինչպիսի՞ գործընթացներ պետք է ծավալել արտաքին քաղաքական ճակատում:
-Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչումը կարո՞ղ է հետայսու խթանել ԼՂՀ միջազգային ճանաչումը:
-Անկախ Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումից, այդ գործընթացը բավական ժամանակ է, որ իրականացվում է տարբեր երկրներում: Քառօրյա պատերազմից հետո այն ավելի մեծ թափով կծավալվի:
Բայց չպետք է սահմանափակվենք դրանով եւ հույսեր փայփայենք, թե Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչումը ինքնին բավարար հանգամանք է այդ գործընթացի միջազգայնացման համար: Այնպես որ զուգահեռաբար աշխատանքներ պետք է տարվեն բոլոր միջոցներով եւ եղանակներով:
Ես այն կարծիքին եմ, որ առանձին վերցրած միայն Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչումը մեծ հաշվով չի կարող օգտակար լինել Արցախյան խնդրի հանգուցալուծման, նաեւ միջազգային ճանաչման հարցում:
-Հավանաբար ունեք մտավախություն, թե ԼՂՀ ճանաչման դեպքում Հայաստանը կարող է հայտնվել Թուրքիայի վիճակում, որն աշխարհում միակ երկիրն է, որ ճանաչում է թուրքական Կիպրոսի անկախությունը:
-Այո, մեր աչքի առաջ կան իրողություններ, կան նախադեպեր, երբ ճանաչումները շարունակություն չեն ունեցել: Դա եղել է նույն Կիպրոսի թուրքական հատվածի հետ կապված:
Փոխարենը, կա նաեւ հակառակ նախադեպը, Կոսովոյի օրինակը, երբ ճանաչման գործընթացը լուրջ արձագանք ստացավ: Մենք այս ամենը պետք է հաշվի առնենք ու հասկանանք, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկենք, ինչ հնարավորություններ ու ռեսուրսներ ունենք Արցախի միջազգային ճանաչման գործընթացը հաջողելու համար:
-Կարծիք կա, թե Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչումը միջազգային հանրությունը կդիտի իբրեւ ագրեսիա Ադրբեջանի դեմ:
-Գիտեք, խնդիրը շատ ավելի խորքային է: Եթե մենք վստահ լինեինք, որ Հայաստանի կողմից ԼՂՀ դե յուրե ճանաչման դեպքում կմոտեցնենք Արցախյան հիմնախնդրի հանգուցալուծումը, դրանով իսկ կնպաստենք Արցախի միջազգային ճանաչմանը, անշուշտ, այդ քայլը պետք է կատարենք:
Կարծում եմ՝ բոլորիս համար ավելի մեծ նշանակություն ունի այն, թե Արցախի Հանրապետությունը որքանո՞վ է կայացած, քանի որ միջազգային հանրությունը հաշվի է նստում միայն կայացած իրողությունների հետ: Իսկ այս 25 տարիներին ԼՂՀ-ն ի ցույց աշխարհի ապացուցել է, որ կայացած պետություն է եւ բոլոր առումներով ունի միջազգային իրավունքի սուբյեկտ դառնալու հավակնություն:
Ուզում եմ ասել, որ այս իրողությունը շատ ավելի կարեւոր է, քան բուն ճանաչումը: Դրա համար առաջին հերթին պետք է շեշտադրենք Արցախի Հանրապետության փաստացի կայացած պետություն լինելը: Այս ուղղությամբ էլ զարգացել են գործընթացները, կարծում եմ, ճիշտ մոտեցում ենք որդեգրել:
Այսուհետ Արցախի Հանրապետության դե յուրե ճանաչումը ժամանակի խնդիր է: Պարզապես պետք է անել այնպես, որ այդ գործընթացը հնարավորինս լինի ընդգրկուն, այսինքն՝ չպետք է սահմանափակվի մեկ կամ երկու երկրների կողմից ճանաչումով:
-ԼՂՀ ճանաչումը չի՞ նպաստի բանակցային խեղված ձեւաչափի վերականգնմանը. խոսքս բանակցություններին Արցախի՝ որպես կողմի մասնակցության մասին է:
-Ճանաչման պարագայում կարող է վտանգվել այդ՝ թեկուզ ձեւականորեն առկա բանակցային գործընթացը: Բայց դա, բնականաբար, չի նշանակում, որ բանակցությունների դուռը կփակվի ու քաղաքական գործընթացը կխաթարվի:
Անկախ մեր ցանկություններից՝ կան իրողություններ, որոնց հետ ստիպված ենք հաշվի նստել, կան շահեր, կան տարբեր երկրների, աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների մեծ հետաքրքրություններ այս տարածաշրջանի հանդեպ:
Այնպես որ մեր քաղաքական քայլերը ծրագրելիս պետք է հաշվի առնենք այդ իրողությունները: Խնդիրը շատ ավելի բազմակողմանի ու լրջագույն քննարկման կարիք ունի: Ու այդ ամենը հաշվի առնելով էլ գործընթացը պետք է զարգացնենք ու գնանք առաջ:
Ա.ՍԻՄՈՆՅԱՆ
«Հայոց Աշխարհ»
armworld.am