«Հաղթական մայիս» խորագրով ժամանակավոր ցուցահանդես և ազգագրական երգ ու պարի երեկույթ

Մամլո հաղորդագրություն

FotorCreatedՄայիսի 28-ի երեկոյան, Երևանի Հյուսիսային պողոտայում, ՀՅԴ «ՆիկոլԱղբալյան» ուսանողական միությունը կազմակերպել էր «Հաղթական մայիս» խորագրով ժամանակավոր ցուցահանդես և ազգագրական երգ ու պարի երեկույթ:
Արխիվային և թանգարանային լուսանկարներով, որոնցից շատերն առաջին անգամ էին ցուցադրվում հանրային պայմաններում, ՀՅԴ ուսանողները փորձեցին ներկայացնել մայիսյան բոլոր կարեւոր հաղթանակները, սկսած Ավարայրից մինչև Շուշի: Օրվա առանցքային խորհուրդն իհարկե Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման տարեդարձն էր: Հայրենի հողում, շուրջ ինը դարերի կորուստից հետո, անօրինակ պայմաներում, մեր ժողովրդի ռազմունակության, մահը հեգնելու աներեր վճռականության, քաղաքական ղեկավարների իմաստության շնորհիվ վերանկախացած Հայաստանի տոնը նշելու համար Հյուսիսային պողոտայում խմբվել էին պատահական անցորդներ, արտերկրից հյուրեր: Մեծ թվով քաղաքացիներ արձագանքել էին սոցիալական ցանցերի միջոցով:

Նմանաբնույթ միջոցառումների հաջողությունը, մեկ անգամ ևս վկայում է, որ մեր ժողովրդի համար անկախ պետականությունը հավիտենարժեք կենսապահանջ է՝ վեր ամեն ինչից: Այդպիսի միջոցառումների ժամանակ միմյանց անծանոթ մեր հայրենակիցների խրոխտ պարն ու ոգեղեն երգը, այն առհավատչյան են, որ պետականաստեղծ հայը, ինքնությանը հավատարիմ, շարունակելու է ապրել իր պետականությամբ՝ ազգային և համամարդկային արժեքները հարստացնելու անկասելի ձգտումով:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն

29/05/2016թ.

Տպել Տպել