- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Արծվիկ Մինասյանը բարձր է գնահատում ոստիկանության հանդուրժողականությունը

FotorCreatedԻրավիճակի լիցքաթափումը պահանջում է, որպեսզի հանդուրժողականություն ձևավորվի, և զինված հարձակումը կազմակերպած անձինք ընկալեն, որ ՀՀ-ում պետք է գործի սահմանադրական օրենքը և օր առաջ կայացնեն որոշում՝ հանձնվելու մասին: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

NewsBook-ի հարցին, թե «Սասնա ծռեր» խմբավորման անդամները Ձեզ համար ապստամբնե՞ր են, թե՞ ահաբեկիչներ, խուսափողական պատասխան տվեց․ «Քրեական օրենսգրքի հոդվածներում կա նկարագրված «պատանդ վերցնել» արտահայտությունն ինչ է նշանակում: Ինչ վերաբերում է այլ ընկալումներում, ապա ես վստահ եմ, որ դա առաջիկայում քննարկվելու է»:

Նա նշեց, որ որքանով որ հետևել է այս օրերին ոստիկանության գործողություններին, բարձր է գնահատում նրանց հանդուրժողականությունը:

Մեր հաջորդ հարցին, թե ինչու են իշխանությունները լռում, տեղյա՞կ եք՝ ուր է Սերժ Սարգսյանը, դաշնակցական նախարարն ասաց, որ վարչապետի հայտարարությունը ևս արձագանք է. «Ես՝ որպես կոալիցիայի անդամ, քաղաքական ուժի ներկայացուցիչ, ասում եմ, որ այս պահին գործընթացը գտնվում է իրավապահ համակարգի տիրույթում, թողեք հանգուցալուծվի, ավելորդ լարվածություն պետք չէ ստեղծել: Ավելին՝ ես համոզված եմ, որ այն տղաները, գոնե, մի մասին, որոնց ես էլ եմ ճանաչում, և ովքեր որ Արցախի ազատագրական պայքարում ներդրել են իրենց կյանքը, այդ մարդիկ նույնպես ողջախոհություն կդրսևորեն և հանդես կգան կոնկրետ իրավիճակը լիցքաթափելու գործողություններով»,- ասաց նա և նշեց, որ իր համար ակնհայտ է, որ անհանդուրժողականությունը հասարակությունում դարձել է այն աստիճան, որ մարդիկ մտածում են, որ քաղաքական խնդիրներ կարելի է լուծել այդ ձևերով:

«Եթե մենք, անգամ, մտածենք, որ սա քաղաքական խնդիր է, ապա ակնհայտ է, որ դա ձև չէ: Ես տեսնում եմ նաև հասարակական գործիչների հայտարարություններ, որոնք փորձ են անում այս դեպքերը զուգորդել ազգային ազատագրական պայքարի հետ, որոնք ոչ միայն տեղին չեն, խեղաթյուրում են ամեն ինչ, այլ նաև նման համեմատություններ տալն ազգային արժանապատվությանը հարված է»,- ասաց նա:

NewsBook.am