[1]ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հաղորդագրություն է տարածել, որում կոչ է անում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին` աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժողովրդավար ճանապարհով ինքնորոշման համամարդկային գաղափարների ու մարդու հիմնարար իրավունքների վրա հիմնված կայուն լուծմանը:
«ԱՄՆ-ը և միջազգային միջնորդները պետք է մերժեն խորապես սխալ ու անխոհեմ Մադրիդյան սկզբունքները, որոնք իրենցից ներկայացնում են Լեռնային Ղարաբաղից ռազմավարական ու անդարձ զիջումներ պահանջող և փոխարենը Ադրբեջանի կողմից անորոշ ու հակասական կարգավիճակի տրամադրում խոստացող միակողմանի առաջարկներ»,- նշվում է հայտարարությունում:
Հանձնախումբը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ Մադրիդյան սկզբունքներով շարժվելու դեպքում օգուտ կունենա միայն Ադրբեջանը` ագրեսոր պետությունը, նաև կոչ է արել բոլոր գաղափարակիցներին` էլեկտրոնային փոստով նամակ ուղարկել Օբամային և փոխնախագահ Ջո Բայդենին` կոչ անելով հրաժարվել այդ սկզբունքներից:
Հայ Դատի Յանձնախումբը Մատրիտեան Սկզբունքներուն Դէմ Արշաւի Կը Դիմէ
ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը արշաւի մը սկսած է այսպէս կոչուած Մատրիտեան սկզբունքներուն դէմ, ամերիկացի պետական պաշտօնատարներուն ծանօթացնելու համար շրջանի խաղաղութեան վրայ անոր ունենալիք բացասական հետեւանքները։
Այս մասին յանձնախումբին տարածած հաղորդագրութեան մէջ կոչ կ՛ըլլայ ԵԱՀԿ Մինսկի խմբակին, Միացեալ Նահանգներու նախագահ Պարաք Օպամայի վարչակազմին եւ ամերիկացի քոնկրեսականներուն, որ աջակցին Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան ժողովրդավար ճամբով լուծում մը գտնելու ջանքերուն, որոնք պիտի երաշխաւորեն ինքնորոշման համամարդկային գաղափարի իրականացումը եւ մարդկային հիմնարար իրաւունքներու ապահովումը:
«Միացեալ Նահանգներն ու միջազգային միջնորդները պէտք է մերժեն խորապէս սխալ ու անխոհեմ Մատրիտեան սկզբունքները, որոնք Լեռնային Ղարաբաղէն ռազմավարական ու անդարձ զիջումներ կը պահանջեն՝ Ատրպէյճանի կողմէ անորոշ կարգավիճակի մը տրամադրման խոստումին փոխարէն», նշուած է յայտարարութեան մէջ:
Հայ Դատի յանձնախումբը կը շեշտէ նաեւ, որ Մատրիտեան սկզբունքները նպաստաւոր պիտի ըլլան միայն յարձակողապաշտ քաղաքականութիւն որդեգրած Ատրպէյճանին համար, միաժամանակ կոչ ընելով, որ հետեւեալ քայլերը որդեգրուին.
– Խաղաղութեան հաւասարակշռուած համաձայնագիրի գոյացում ԵԱՀԿ Մինսկի խմբակին կողմէ.
– Զինուորական յարձակումներու անմիջական կասեցում՝ արձակազէններու հեռացումով, միջազգային դէտերու հաստատումով եւ յարձակող կողմը բացայայտող սարքերու տեղադրումով.
– Ատրպէյճանական ռազմական գործողութիւններու դատապարտում.
– Արցախի մասնակցութիւն՝ խաղաղութեան բանակցութեանց.
– Առնուազն 5 միլիոն տոլարի օժանդակութեան տրամադրում՝ Արցախի մարդասիրական կարիքներուն.
– Ատրպէյճանի տրամադրուող ռազմական օժանդակութեանց կասեցում։
Այս արշաւին միանալու համար, այցելել այս նպատակով Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբին պատրաստած կայքէջը՝ www.anca.org/madrid [2]։