[1]
Մինչ Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակումը հայ ժողովուրդը պայքարի ելավ պահանջով` Արցախը պետք է միանար Մայր Հայաստանին: Tert.am-ի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի անկախության օրվա առթիվ 25 տարի առաջվա այս օրերն են վերհիշում Արցախի անկախության և պետականության ստեղծման ճանապարհին կանգնած մարդիկ:
«Հարցը բարդացավ, որովհետև դա միայն հայ-ադրբեջանական պայքար չէր․ Ղարաբաղյան հիմնահարցում շահագրգռվածություն ունեին նաև գերտերությունները»,- վերհիշեց ԼՂ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը:
Նա հիշեցրեց, որ Խորհրդային Միության փլուզումից հետո արդեն ժողովուրդն այն կարծիքին էր, որ Հայաստանը պետք է անկախություն ձեռք բերի և այդ հանրապետության մեջ պետք է լինի Լեռնային Ղարաբաղի այն ժամանակվա ինքնավար մարզը․
«Արդեն քաղաքական շրջանակներում քննարկվում էր նաև անկախության հարցը, որն այլընտրանքային էր․անկախություն հռչակելով՝ պետք է հնարավորություն ստեղծվեր խույս տալ գերտերությունների ճնշումներից և փորձել թոթափել Ադրբեջանի լուծը: Հետագայում երկու հայկական պետությունների միացման արդյունքում հնարավոր կլիներ ստեղծել միասնական սահմանով հայկական պետություն»,- ասաց Վաhրամ Բալայանը՝ ավելացնելով, որ այդ ծրագիրը չիրականացավ:
Նա Արցախի անկախության ամենավճռորոշ ժամանակները համարեց 1991-1994 թվականները, որբ հայ ժողովուրդը բռունցք դարձավ և կարողացավ հաղթանակ կերտել․«Ե՛վ իրավական, և՛ բարոյական տեսանկյունից հայ ժողովուրդը վաստակել է ազատ ապրելու իրավունքը․նա ուներ իր իրավունքը պապենական հողում ապրելու, և պարտադրված պատերազմում հաղթանակ տարավ»,- ասաց նա:
ԼՂ ԱԺ փոխնախագահը նկատեց նաև անկախության ճանապարհին Արցախի և Հայաստանի Հանրապետության ղեկավարությունների թույլ տված սխալները: Նա մատնանշեց, որ դիվանագիտական ճապաղ քայլերի պատճառով Լեռնային Ղարաբաղը դուրս մղվեց բանակցային գործընթացից:
«Անկախացումից հետո Արցախի անցած ճանապարհը լեցուն է եղել՝ և՛ ձեռքբերումներով, և՛ բացթողումներով, բայց ամենից էականն այն է, որ պետության կերտման ճանապարհից ժողովուրդը չի շեղվել, և ամենամեծ հանրագումարն ու ձեռքբերումն այն է, որ ժողովուրդը իրեն պետության տերն է զգում. դրա առհավատչյան են ապրիլյան իրադարձությունները, երբ ժողովուրդն ինքնաբուխ ոտքի կանգնեց և պաշտպանեց իր հայրենիքի սահմանները»,- ասաց Վահրամ Բալայանը:
Խոսելով Արցախին սպասվող ապագայի մասին՝ նա նշեց, որ լավատես է․ «Ես գիտեմ, որ հազարամյակների ընթացքում հայ ժողովուրդն ավելի վատթար վիճակում է եղել, հաղթահարել է այդ դժվարությունները, այսօր էլ կհաղթահարի: Համոզված եմ, որ 21-րդ դարը հայ մարդու դար է լինելու, մեր երկու պետությունների զարգացման դարն է լինելու, պարզապես մնում է, որ լինի խոհեմություն, աշխատանք, ամեն մեկն իր ասպարեզում լինի»:
tert.am