[1]«Հայաստանում կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հիմնական պայմանագրում փոփոխություն է կատարվել։
Հայատանի կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը եւ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պասկալ Միշոն ստորագրել են համաձայնագիր՝ ծրագիրը մինչեւ 2017 թ-ի հունիսի 30-ը երկարաձգելու վերաբերյալ:
«Հույս ունենանք, որ ծրագրի արդյունքում բոլոր տարրական դասարանների երեխաները կապահովվեն դպրոցական սննդով»,-նշել է նախարար Մկրտչյանը։ Համաձայնագրի ստորագրումից հետո խոսվել է նաեւ երկուշաբթի մեկնարկող միջազգային ֆորումի մասին։
Սեպտեմբերի 5-ից 9-ը Երեւանում կայանալու է Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ ֆորումը: Ի դեպ, ասիական տարածաշրջանում առաջին անգամ ֆորումը տեղի է ունենալու Երեւանում եւ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը ընդգծելով ֆորումի ծրագրային բաղադրիչը, նկատեց, որ այն նաեւ քաղաքական բաղադրիչ ունի։
«Ներկա են լինելու նաեւ աֆրիկյան մայրցամաքի երկրների ներկայացուցիչներ եւ սա առիթ է ոչ միայն կոնֆերանսի հարցերը քննարկելու, այլ նաեւ ներկայացնելու Հայաստանը, մեր մշակույթը»,- ասում է նախարարը։
Երեւան են ժամանելու 40 երկրներից շուրջ 250 հյուրեր, այդ թվում` նախարարներ եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Ֆորումի աշխատանքների ընթացքում նախատեսվում է միջազգային փորձի փոխանակում, ինչպես նաեւ այցելություններ դպրոցներ։
Դեռ մայիս ամսին նախարար Մկրտչյանը եւ Պասկալ Միշոն Արարատի մարզի դպրոցներում էին, տեղում ծանոթացան ծրագրի ընթացքին։ Ծրագիրը Հայաստանի 3՝ Արարատի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում իրականացվում է Հայաստանի կառավարության ֆինանսավորմամբ, իսկ մյուս մարզերում՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի օժանդակությամբ եւ տասը մարզերի մոտ 83 հազար երեխա է ստանում դպրոցական սնունդ։ Կրթության եւ գիտության նախարարությունում ստորագրված համածայնագրով եւս 60 հազար աշակերտներ կօգտվեն սննդից։
«Հայաստանում կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը երկարածգվեց մինչեւ 2017 թվականի հունիսի 30-ը եւ շուրջ 600 դպրոցներ նույնպես ընդգրկվեցին ծրագրում։
«Աֆրիկյան որոշ երկրներում համատարած սովի պայմաններում այս ծրագրի նշանակությունը այլ է, այդ երկրներում անգամ տարրական կրթական համակարգ չկա։ Մեզ մոտ մենք փորձում ենք վերականգնել ԽՍՀՄ տարիներին նախադպրոցական սնունդի ավանդույթը, երեխաներին տաք սնունդ տալ, ինչը շատ կարեւոր է»,- ասում է Լեւոն Մկրտչյանը։
«Ես աշխատել եմ շատ երկրներում, եւ բացի այն, որ երեխաները սնունդ են ստանում, ինձ համար ակնհայտ են եղել նաեւ հարակից արդյունքները։ Եթե երեխան առավոտյան առանց նախաճաշի գալիս է դպրոց, նրա սովորելու կարողությունները շատ ցածր են։ Իսկ երբ ստանում է, նաեւ կրթական որակն է փոխվում։ Արձագրել ենք նաեւ, որ դպրոց երեխաների հաճախելիությունն էլ է ավելանում»,- պատմում է Պասկալ Միշոն։
Վերջինս շնորհակալություն հայտնեց Հայաստանի կառավարությանը, ի դեմ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին՝ «Հայաստանում կայուն դպրոցական սնունդ» ծրագրի արդյունավետ համագործակցության համար։ Իսկ նախարանն այս անգամ էլ հույս հայտնեց, որ կգա ժամանակ, երբ բոլոր դպրոցականները կօգտվեն այս ծրագրից, ինչը նաեւ դաստիարակչական նշանակություն ունի 1-4-րդ դասարաններում սովորողների համար։