Հովիկ Աբրահամյանի հրաժարականը պետք է դիտարկել կատարվող բարեփոխումների շրջանակներում:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ նշելով, որ նորանշանակ վարչապետը գիտակցում է իրավիճակի լրջությունը:
[1]
– Կարեն Կարապետյանը նախագահի հրամանագրով նշանակվեց հանրապետության վարչապետ: Ի՞նչ ակնկալիքներ ունեք, ի՞նչն է փոխվելու:
– Թե՛ նախորդ վարչապետը, թե՛ հանրապետության նախագահը հստակ ասացին, որ այսօր անհրաժեշտություն է, հրամայական, որ մեր բարեփոխումների գործընթացին մեծ տեմպ հաղորդվի: Մենք ունենք հեռակա խնդիրներ` կապված խորհրդարանական նոր համակարգի անցման հետ: Այս առումով՝ նոր վարչապետը հայտարարություններ է արել, որ պետք է լինեն և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ ծրագրեր, որոնք լիովին ցույց են տալիս, որ իրավիճակի ադեկվատ գնահատական կա, որ նա գիտակցում է լրջությունը ու մենք ողջունում ենք այս պատրաստակամությունը: Հույս ունենք, որ մարդիկ լավատեսական սպասումներ ևս կունենան, ու կփոխվի այս վատատեսական մթնոլորտը:
– Կարելի՞ է ասել, որ խորհրդարանական հաջորդ ընտրություններից առաջ իշխանությունը «ռեսթարթ»-ի գործընթաց է սկսել, նոր դեմքով է ուզում ներկայանալ համապետական ընտրություններին:
– Կարելի է այդպես էլ ասել: «Ռեսթարթ» կասեք, «ափդեյթ» կասեք, ինչպես կուզեք ասեք, բայց իրականում, այո, նոր շունչ հաղորդելու խնդիր կա:
– Ստացվում է, որ իշխանություններն արդեն գիտակցում էին, որ հանրության մեջ ընկալման խնդիրնե՞ր ունեն:
– Այնպես չէ, որ զրոյական բալանս կար, բայց դժգոհության աճը բավական բարձր էր, տեմպը դժգոհության մեծ էր, կուտակվում էր դժգոհությունը:
– Կհաջողվի՞ 25 տարվա չարածը 7 ամիսների ընթացքում անել:
– Կախարդական փայտիկներ չկան, ոչ ոք թող չակնկալի, որ մի քանի ամիսների ընթացքում հրաշքներ են լինելու: Հարցեր կան, դրանց համապատասխան լուծումներ են գտնվում:
– Ի՞նչ երաշխիքներ կան, որ լուծումները կգտնվեն:
– Երաշխիքը քայլերն են: Խոստումներով դա այլևս անհնար է:
tert.am