- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Խոստումներ չենք շռայլում, լուծումներ ենք առաջարկում

Վանաձորի ավագանու ՀՅԴ-ական թեկնածու

fotorcreated [1]Վանաձորի ավագանու ՀՅԴ-ական թեկնածու Արմենուհի Կյուրեղյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց նախընտրական ծրագրի հիմնադրույթներից մեկը աջակցությունն է մասնակցային ժողովրդավարության կայացմանը, և այդ համատեքստում, կանանց ներգրավվածության խթանումը համայնքի հասարակական-քաղաքական գործընթացներում:

«20 տարուց ավելի է, անդամն եմ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի, մի կազմակերպության, որն արդեն երկար տարիներ զբաղվում է ՏԻՄ-երում կանանց ընդգրկվածության հիմնախնդիրներով և այդ փորձը ցույց է տալիս, որ որ մենք ունենք կանանց հզոր ներուժ, իսկ անտեսելով այն` արհեստականորեն անտեսում ենք բնակչության ավելի քան 50 տոկոսի, բարձրագույն կրթություն ունեցողների ավելի քան 60 տոկոսի մտավոր և կազմակերպական ռեսուրսը, ինչը մեղմ ասած մեծ շռայլություն է մեր երկրի և համայնքի համար, առավել ևս` այսօրվա արտագաղթի պայմաններում»,-ասաց Կյուրեղյանը:1473920580-0627 [2]

Նա համոզված է, որ անհրաժեշտ գիտելիքներ ու փորձառություն ունեցող կանանց մասնակցությունը ՏԻՄ գործընթացներին կնպաստի համայքի զարգացմանը, համայնքի կառավարման մակարդակում ավելի հավասարակշռված որոշումների կայացմանը` բնակչության բոլոր խմբերի շահերի հաշվառմամբ: «Վանաձորը միշտ եղել է սոցիալապես և քաղաքականապես ակտիվ քաղաք՝ ակտիվ քաղաքացիական հասարակությամբ: Թե կանանց և թե տղամարդկանց այդ պոտենցիալը կօգտագործվի քաղաքի կառավարման որակը և վանաձորցիների բարեկեցությունը բարձրացնելու համար: Կստեղծվի քաղաքապետին կից Հասարակական խորհուրդ, որտեղ կընդգրկվեն քաղհասարակության ներկայացուցիչներ, տարբեր ոլորտների առաջատար և ճանաչված փորձագետներ: Հասարակական խորհուրդը կնպաստի համայնքի մասնակցային կառավարման կայացմանը, կհանդիսանա բաց, անկաշկանդ ու շահագրգիռ քննարկումների հարթակ»,-նշեց նա:

Վերջում, խոսելով քարոզարշավի մասին, մեր զրուցակիցը նշեց, որ այն ընթանում է բնականոն հունով, որ ՀՅԴ-ն Վանաձորում ներկայացված է մրցունակ թիմով, որ թիմում ներգրավված են վանաձորցիների հարգանքը վայելող, իրենց գործունեության ոլորտում կայացած, Ճանաչված մարդիկ, ովքեր խոստումներ չեն շռայլում, լուծումներ են առաջարկում, ովքեր լավ գիտեն Վանաձորի և վանաձորցիների խնդիրները, գիտեն ինչպես լուծել դրանք։ «Ունենք թիմ, անհրաժեշտ մտավոր ռեսուրսներ, քաղաքական հենարան` ի դեմս մեր հզոր կուսակցության, ունենք կամք` անելու ավելին, անելու ավելի լավ, քան արվում է։ Մենք հաղթելու ենք»,-վստահեցրեց Կյուրեղյանը:

yerkir.am