Արմեն Ռուստամյանը` վարչապետին
[1]Եթե մինչ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը եղել է անօրինական գործողություն, ուրեմն պետք է արձանագրվի, ու մարդիկ պատասխան տան:
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն` անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի բիզնես չխլելու հայտարարությանը:
«Մենք բիզնես խլելուն դեմ ենք: Մենք անօրինական հարստացմանը դեմ ենք եղել եւ ուզել ենք, որ մեխանիզմ ամրագրվի, որ պաշտոնյաները պատասխան տան իրենց ձեռք բերած հարստության համար: Բիզնեսը պետք է տարանջատվի քաղաքականությունից, որը գրված է նաեւ մեր կոալիցիոն հուշագրում: Ոչ ոք իրավունք չունի որեւէ բան մեկից խլի, խլելը ապօրինի գործողություն է ենթադրում: Չգիտեմ, եթե մինչեւ վարչապետի այդ հայտարարությունը եղել է ապօրինի գործողություն, ուրեմն պետք է արձանագրեն ու մարդիկ պատասխան տան: Եթե ինքն է ասում, թող ինքն էլ ասի` ովքեր են խլել»,-ասաց նա:
Նշենք, որ սեպտեմբերի 14-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հարցին, թե թե խաղի նոր կանոններ են լինելու, Կարեն Կարապետյանը պատասխանել էր. «Այո, կլինեն խաղի հավասար կանոններ։ Մենաշնորհներին պետք է վերաբերվել հետևյալ կերպ՝ երկրի փոքրությունը բերելու է նրան, որ որևիցե ոլորտում միշտ լինելու է խոշոր խաղացող, այլ խնդիր է, թե խոշոր խաղացողը արդարացի, մրցունակ պայմաններո՞ւմ է առաջանում, թե՞ ադմինիստրացիոն կերպով։ Լինելու են հավասար պայմաններ, եթե մեկնումեկը լինի հաջողակ բիզնես, մենք իրենից այդ բիզնեսը որևիցե կերպ չենք խլելու»:
news.am