Դեռ չի չորցել արմատը մեր ծառի

ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանի ելույթը ԱԺ 2016 թ. հոկտեմբերի 21-ի նիստում, կառավարության ծրագրի քննարկման ժամանակ

FotorCreated Հարգելի’ խորհրդարան, հարգել’ի կառավարություն

«Իսկ մենք այլ տարբերակ ունե՞նք»,- երեկ հարցերից մեկին հարցով պատասխանեց վարչապետը:

Այլ տարբերակ չունենք: Այլ տարբերակը անցած տարիների պես խոսքի ու գործի հակասության մեջ ապրելն է, անձնական, խմբակային, կուսակցական շահերը պետական, հանրային շահից վեր դասելն է, սրընթաց մոտենալն է այս սահմանին, որից այն կողմ քաղաքական, տնտեսական փլուզումն է, պետականության հիմքերի խարխլումը, մրցունակ ազգերի ընթացքից դուրս շպրտվելը:

Այլ տարբերակը, իշխանության անկարողության պայմաններում, մարդկանց անտարբերության, հուսահատության, վաղվա հանդեպ հավատ չունենալու, ընդհանուր անվստահության, անհանդուրժողության խորացումն է, ազգային, հոգևոր, բարոյական արժեքների կորուստը, հազարամյակներով ձևավորված մեր բացառիկ տեսակի՝ հայկականության քայքայումը:

Ու հիմա չգիտեմ՝ լա՞վ է, թե՞ վատ, որ հասել ենք այն սահմանագծին, որից հետո այլ տարբերակ գոյություն չունի: Որովհետև բառադիության հասնող մեր արխային լինելը, «բոլորը մեղավոր են, ինձանից բացի», «ինձ համար լավ է, մյուսների հերն էլ անիծած, քանի դանակը ոսկորին չի հասել, տեղից չշարժվելու մտայնությունը մեզ բերելու էր մի կետի, որից ետդարձն այլևս անհնար էր լինելու: Այդ կետին բան չէր մնացել:

Ու չեմ էլ ուզում անդրադառնալ կատարված սխալներին, փոքր ու մեծ դերակատար մեղավորներին: Հիմա նոր սկիզբ դնելու, հանրության մեջ նոր արյուն ներարկելու, որակական, արմատական փոփոխություններ կատարելու փորձի, ջանքի, կամքի թերևս վերջին հնարավորությունն է, որ պարտադրված ենք անել, քանի որ այլ տարբերակ գոյություն չունի:

Այդ միակ տարբերակի քաղաքական հիմքերը, մեր կարծիքով, դրված են համակարգային փոփոխություններ նախանշող նոր Սահմանադրությամբ, նախագահի վերջին ծրագրային ելույթով, երկու քաղաքական ուժերի համաձայնագրով, ապրիլյան «անհավատալի» համազգային համախմբումով:

Եվ այսօր այլ տարբերակի հիմք է դառնում նոր կառավարության այս ծրագիրը:

Ոչ թե ինքնախաբեություն, ոչ թե գեղեցիկ խոսքեր, ոչ թե յոլա գնալով իշխանություն պահելու մտասևեռում, ոչ թե քաղաքական խարդավանքներ, այլ՝ ծանրագույն վիճակի անկեղծ գնահատական, մեր հանրային-պետական-տնտեսական կյանքի շիտակ ախտորոշում, դրանից բխող առկա խնդիրների ճշգրիտ ձևակերպում, ներքին ու արտաքին սպառնալից մարտահրավերներին համարժեք, համարձակ ու հավակնոտ, մեկ բառով՝ գործնական ծրագիր:

Արդեն ասել ենք՝ մենք տեսնում ենք երկրում արդյունավետ կառավարում ապահովելու, արմատական փոփոխություններ իրականացնելու կամք, վճռականություն, էներգիա: Եվ, բնականաբար, այս ծրագիրը ունենալու է Դաշնակցության ամբողջական աջակցությունը:

Սա այն է, ինչ տարիներ շարունակ մենք ասել ու պահանջել ենք, բայց ուժներս չի պատել պարտադրել: Այլ տարբերակ չունենալու սահմանագիծը այսօր շատերին է բերել նույն համոզման:

Ծրագիր-նպատակադրումը կա, բայց այն դեռ պետք է իրագործել: Այն էլ ընտրական թոհուբոհից առաջ, երբ շատերը քաղաքական աճպարարությունից, ամբոխավարությունից չեն հրաժարվելու, երբ համատարած անվստահության մթնոլորտ է, երբ անձնական ու հավաքական պատասխանատվության, կոնկրետ գործի մասնակից դառնալու նշանները չափազանց քիչ են:

Կացությունը պետք է շրջել, կարծրատիպերը պետք է ջարդել, թարմ, անկախության սերնդի արյուն պիտի բերել, որ էպոսի բարակ-սրընթաց ջրի պես կճեղքի թանձր անտարբերության դանդաղ հոգեվարքի գետը:

Շատ կոնկրետ, հասարակությանն ազդանշաններ ուղարկող քայլերով պետք է վստահության մթնոլորտ ձևավորել, կառավարության այս ծրագրում տեղ գտած տասնյակ ու տասնյակ հիմնարար, որակական փոփոխություններ բերող դրույթների կենսագործման համար պետք է հիմքեր ստեղծել: Ամենակարևորը՝ չպետք է նահանջել:

Մեզ դժվար ժամանակներ են սպասում: Առաջիկա ամիսներին ֆինանսական միջոցների էական սղություն, պետական համակարգի՝ լճացած վիճակից դուրս գալու մոտիվացիայի բացակայություն, ստվերին, կոռուպցիային, արտոնյալ վիճակին սովոր անձերի ու խմբերի դիմադրություն:

Բայց անհնարը հնարավոր է դառնում, եթե երկրում կա մարդկանց կրիտիկական զանգված, որ գիտակցում է այլ ելք չունենալու կործանարարությունը և վճռականորեն կանգնում է կացությունը շրջելու դիրքերում: Այսօր այդպիսի՝ մասնակից, պատասխանատու, առաքելություն ունեցող հարյուր մարդն էլ բավարար է: Պայմանով, որ վաղը հազար դառնա:

Նախորդ կառավարություններից մեկի ծրագրի քննարկման ժամանակ իմ ելույթն ավարտել եմ հետևյալ պարբերությամբ. «Ես սովորեցնելու, դաս տալու ոչ մի ցանկություն չունեմ: Սակայն իշխանությունից, անձնական բարեկեցությունից բացի այլ արժեքներ կան: Անկախ պետականությունը, ազատ հայ մարդը, յուրաքանչյուրիս պարտքը՝ մեզանից հետո թողնելու երկիր, որտեղ ամեն մեկս ու մեր զավակները արժանապատիվ ապրելու հնարավորություն կունենան»:

Ես հավատում եմ, որ նախկինների գործունեությունից կամ անգործությունից դասեր քաղելով, սոցիալ-շուկայական կողմնորոշմամբ նոր տնտեսական քաղաքականությամբ, ոչ ստանդարտ, համարձակ քայլերով ա՛յս կառավարության ա՛յս ծրագրի իրականացումը մեզ մոտեցնելու է այդ նպատակին և երկրի երկարաժամկետ զարգացման կայուն հիմքեր է ստեղծելու:

Եթե մասնակից ու պատասխանատու լինենք:

Իմ կուսակցությունը՝ Դաշնակցությունը, մասնակից է ու պատասխանատու:

Տպել Տպել