ՀՅԴ-ն ընդունում է համատեղ պայքարելու իշխանության առաջարկությունը

ՀՅԴ-ն ընդունում է կոռուպցիայի դեմ համատեղ պայքարելու իշխանության առաջարկությունը: Այս մասին այսօր Henaran.am-ի հետ զրույցում կառավարությունում տեղի ունեցած հակակոռուպցիոն խորհրդի նիստից հետո ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Նա նշեց, որ ՀՅԴ-ն առաջարկություններ է ներկայացրել: «Մեր առաջարկությունները երկու հիմնական ուղղվածության են:
Առաջինը` նախ, կոռուպցիան համակարգային երեւույթ է եւ սա պետք է ընկալեն բոլորը: Իշխանությունը եւ ընդդիմությունը այստեղ նույն տեսակետին են: Երկրորդ, կոռուպցիազյի դեմ պայքարը պետք է լինի ընդդիմության ակտիվ մասնակցությամբ»,-նշեց Արծվիկ Մինասյանը եւ հավելեց, որ կարեւորագույն ընդդիմությանը կոռուպցիոն բացահայտումների նկատմամբ մոնիտորինգ իրականացնելու լծակներ պետք է ունենա:

«Մենք պայմանավորվեցինք, որ առաջարկություններ կներկայացնենք, որոնց մի մասը հիմա հնչեցին: Հուսով ենք, որ առաջիկայում ավելի հիմնավոր ձեւով կպատասխանեն մեր առաջարկություններին»,-ասաց Արծվիկ Մինասյանը`անդրադառնալով հարցին, թե արդյոք ընդդիմությունը կստանա այդ լծակները:

Henaran.am-ի դիտարկմանը, թե որոշ քաղաքական ուժեր այս խորհրդի նիստը ձեւական են համարում եւ դրա հետ կապված որեւէ արդյունք չեն պայմանավորում, Արծվիկ Մինասյանը պատասխանեց.«Մենք այն հատվածը չենք ներկայացնում, որը մերժում է ամեն ինչ: հանուն պետության զարգացման եւ հասարակության առաջընթացի մենք ցանկանում ենք, որպեսզի լինի համագործակցություն եւ եթե այդ համագործակցությունը կծառայի ի շահ երկրի եւ պետության, ապա ամբիցիաները պետք է մի կողմ դնել եւ պայքարել այդ չարիքի դեմ»:

«Հենարան»

Տպել Տպել